HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաղող մթերող կազմակերպությունները նոր վարկեր վերցնելու համար բյուջետային երաշխիք են խնդրել

Մարզպետարանների և Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով ընթացիկ տարվա խաղողի բերքի կանխատեսվող ծավալը 10-15%-ով գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշը: 2024թ. խաղողի համախառն բերքը մոտ 196 հազ. տոննա է եղել:

Էկոնոմիկայի նախարարությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է խաղողի մթերման ծավալների մոնիտորինգ: 2025թ. մոնիտորինգի շրջանակներում խաղող մթերող կազմակերպությունները տեղեկություններ են փոխանցել, որ պատրաստ են մթերել շուրջ 190 հազ. տոննա խաղող:

«Արդեն սկսվել են ընթացիկ տարվա խաղողի մթերումները և 2025թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ մթերվել է շուրջ 40 հազ. տոննա խաղող: Կոնյակի արտադրության նպատակով խաղողը մթերվում է 140-150 դրամով: Խաղողի գինեմետ սորտերի մթերումները դեռևս չեն սկսվել: Ակնկալվում է, որ դրանք կմթերվեն համեմատաբար ավելի բարձր գներով»,- «Հետք»-ին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը:

Նշենք, որ այս տարի խաղողի մթերման պատրաստակամություն է հայտնել 52 կազմակերպություն:

Հայաստանում խաղող արտադրվում է հիմնականում 8 մարզում: 2024թ. առաջատարները Արմավիրի և Արարատի մարզերն են՝ համապատասխանաբար՝ 88,8 և 81,4 հազ. տոննա խաղողի բերքով: Ամենաքիչ խաղող արտադրվել են Սյունիքի Լոռու և Կոտայքի մարզերում, ընդհանուր՝ 1000 տոննա: Այս տարվա ակնկալվող բերքն էլ աշխարհագրորեն շատ չի տարբերվելու:

Երևանի կոնյակի գործարանի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Սարիբեկյանը «Հետք»-ին փոխանցեց, որ այս տարի գործարանը կգնի շուրջ 28 հազ. տոննա խաղող` յուրաքանչյուր կգ-ի դիմաց վճարելով 140 դրամ։ Գինը նույնն է, նախորդ տարի ևս 140 դրամ է եղել:

«Մատակարարված խաղողի դիմաց վճարումները կիրականացվեն խաղողն ընդունելուց 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարն ընկերության կողմից խաղողագործների համար հատուկ բացված բանկային հաշվին փոխանցման եղանակով»,- ասում է Զ. Սարիբեկյանը:

«Վեդի-Ալկո» ընկերությունը ևս խաղողը մթերում է 140 դրամով: Օրական ընդունում է մոտ 600 տոննա խաղող:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով ակնկալվող բերքի ծավալը և մթերման պատրաստակամություն հայտնած կազմակերպությունները՝ այս տարի խաղողի մթերումների հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

«Միաժամանակ քննարկումների արդյունքում խաղող մթերող կազմակերպությունները հայտնել են, որ վարկային ծանրաբեռնվածության պատճառով ազատ գրավի խնդիր ունեն: 2025թ. խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու և մթերված բերքի արժեքը ժամանակին վճարելու համար խնդրել են տրամադրել բյուջետային երաշխիք: Նախարարության կողմից մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել բյուջետային երաշխիքի տրամադրման վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումների նախագծեր»,- հայտնում է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախարարության ունեցած տեղեկություններով, խաղող մթերած գործարաններն ամբողջությամբ մարել են խաղողագործների նկատմամբ ունեցած պարտքերը:

Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ մթերված գյուղատնտեսական հումքի դիմաց վճարումները կարճ ժամկետում կատարելուն նպաստում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված դրույթը, ըստ որի՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտի կողմից վճարումները պետք է կատարվեն մթերումից հետո՝ 30 օրվա ընթացքում: Հաջորդող 30 օրվա ընթացքում չվճարած յուրաքանչյուր օրվա համար վճարվում է տուգանք խաղող վաճառողին, իսկ 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ կիրառվում են պատասխանատվության միջոցներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին խաղողագործներին տարիներով չէին վճարում մթերած խաղողի գումարները: Արմավիրի մարզի գյուղացիները ստիպված քանդում էին խաղողի այգիները:

Մեկնաբանություններ (1)

ԱՆՏՈՆ
Բարեվ ձեզ, ես Վայոց ձորից եմ ես նույնպես խաղողագործությամբ եմ զբաղվում, այս պահի դրությամբ արդեն հավաքումեն խաղող, բայց ես պայմանագիր չունեմ կարողեք ինձ մթերող կազմակերպության համար տվյալներ փոխանցեք, կանխավ շնորակալեմ ։ Սա իմ համարներնեն, 095395959, 093366455,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter