HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Նորոգում» ՍՊԸ-ի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով Գյումրիում շների ստերջացման ծրագիրը չի մեկնարկել

Գյումրու համայնքապետարանի կողմից նախաձեռնած թափառող շների ստերջացման ծրագիրն առայժմ չի մեկնարկել, թեպետ կազմակերպությունների համար մրցույթն հայտարարվել էր օգոստոսի 8-ին, փաթեթները՝ օրենքով սահմանված ժամկետում, բացվել են օգոստոսի 15-ին։ Դրանցից պարզ էր դառնում, որ 2 կազմակերպություն՝ «Արսեն Սումբուլյան» ԱՁ-ն և «Նորոգում» ՍՊԸ-ն են ցանկություն հայտնել մասնակցել Շիրակի մարզի «Գյումրու համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի կողմից ՀՀՇՄԳՀՀԿՀ-ԳՀԾՁԲ-30/25 ծածկագրով հայտարարված մրցույթին:

Ծրագիրը հայտարարվել էր 6 մլն դրամի շրջանակում՝ 200 շան համար: Մրցույթի մասնակիցներից «Արսեն Սումբուլյան» ԱՁ-ն առաջարկել է 5.700.000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն (առանց հարկ՝ 5.200.000), այսինքն մեկ շան համար ծախսելու է 26 հազար դրամ, իսկ «Նորոգում» ՍՊԸ-ն առաջարկել է 4.500.000 դրամ՝ առանց հարկերի և 5.400.000` ներառյալ ԱԱՀ-ն, այսինքն մեկ շան համար ծախսային գինը 22 հազար 500 դրամ է:

Քաղաքապետարանից ստացած սուղ տվյալների համաձայն՝ «Նորոգում» ՍՊԸ-ն պահանջվող փաստաթղթերից ներկայացրել է մեկ անասնաբույժի դիպլոմի պատճեն, որից դժվար է պատկերացում կազմել տվյալ մասնագետն արդյոք ունի վիրահատելու պրակտիկա, երկրորդ բժշկի՝ անեսթեզիոլոգի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ ներկայացված չէ, իսկ որպես ստերջացման վայր կազմակերպությունը մատնանշել է Ջաջուռ գյուղում գտնվող մի շինություն կամ ավելի ճիշտ՝ անասնագոմ, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ի դեպ, դա այն նույն գոմն է, որտեղ 2024թ․-ին «Կումնի» ՍՊԸ-ն ստերջացման ծրագիր է իրականացրել՝ հակահիգիենիկ պայմաններում: 

Օգոստոսի 19-ին գյումրեցի կենդանասերներից Մարինա Թոքմաջյանը ֆեյսբուքյան «Կենդանասերները Գյումրիում» էջում կրկին տեղադրել էր Ջաջուռ գյուղում գտնվող անասնագոմում «Կումնի» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ կադրերն ու տեսանյութերը՝ ահազանգելով, որ «Նորոգում» ՍՊԸ-ն ուղիղ կապ ունի «Կումնի» ՍՊԸ-ի հիմնադրի հետ: Այնուհետ, Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանին են դիմել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և կենդանասերներ՝ պահանջելով հանրային վերահսկողություն և մրցույթի պոտենցիալ հաղթողի գործունեության առավել մանրամասն ուսումնասիրություն:

Երևանից կենդանիների իրավունքների պաշտպանության «ԴՈԳՄԱ» ՀԿ ներկայացուցիչ Գոհար Տեր-Մարկոսյանն օգոստոսի 27-ին նամակով դիմել էր Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանին՝ առաջարկելով ուսումնասիրել «Նորոգում» ՍՊԸ-ի գործունեությունն, ինչպես նաև իրենց ունեցած տեղեկատվությունը, որ այն ստեղծվել է «Կումնիի» սեփականատերերի կողմից, տարբեր համայնքներում նմանատիպ մրցույթների մասնակցելու նպատակով: Ահազանգերի շնորհիվ մրցույթը հաղթած կազմակերպության հետ համայնքապետարանի կողմից պայմանագրի կնքումը կասեցվել է՝ Դատախազության կողմից փաստերի ստուգման պատճառաբանությամբ:

«Հետք»-ը սեպտեմբերի 26-ին կապ հաստատեց «Նորոգում» ՍՊԸ-ի տնօրենի հետ: Հեռախոսազանգին պատասխանեցին, սակայն զրույցը տևեց ընդամենը 41 վայրկյան: Ստորև ներկայացնում ենք զրույցի սղագրությունը.

Բարև ձեզ, ես «Նորոգում» ՍՊԸ-ի ներկայացուցչի հետ եմ խոսո՞ւմ։

-Այո...

-Ձեր անունը կասե՞ք։

-Գագիկ Գալստյան։

-Ներեցեք, ես ցանկանում էի ճշտել, դուք ի՞նչ եք նորոգում։

-Մե՞նք...հեչ բան էլ չենք նորոգե...բայց ես ու՞մ հետ կխոսամ։

-Լրագրողի։

-Գիտեք ինչ, ես իրավասու չեմ ձեր հարցերին պատասխանել։

-Բայց դուք ստերջացման մրցույթի եք մասնակցել, կուզենայինք իմանալ...

Հեռախոսազրույցն այստեղ ընդհատվում է, մենք այդպես էլ չենք կարողանում պարզել, թե «հեչ բան չնորոգող» «Նորոգում» ՍՊԸ-ն ինչու՞ է որոշել մասնակցել թափառող կենդանիների ստերջացման ծրագրին և արդյոք երբևէ ունեցել է նման աշխատանքների կազմակերպման փորձ, ինչու՞ է ընտրել Ջաջուռ գյուղի այն նույն գոմը, որտեղ մի քանի ամիս գործունեություն է ծավալել «Կումնի» ՍՊԸ-ն, քա՞նի մասնագետ ունի կազմակերպությունը, ինչպես է ապահովելու կենդանիների Գյումրի-Ջաջուռ-Գյումրի անվտանգ տեղափոխությունը, արդյոք ընտրված շինությունը, որտեղ պետք է կատարվի ստերջացումը համապատասխանում է մրցույթի տեխնիկական բնութագրին և այլն: Նաև ցանկանում էինք լսել, հաղթող կազմակերպության դիրքորոշումը՝ կատարվողի շուրջ:

Օգոստոսի 15-ին կայացած մրցույթից անցել է երկու ամիս, սակայն հաղթող կազմակերպությունը գործունեություն ծավալելու հնարավորություն առայժմ չունի: Քաղաքապետարանից «Հետք»-ին փոխանցեցին հետևյալ գրությունը, որտեղ մասնավորապես նշված է. «Մրցույթը հայտարարված է պայմանով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենք 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ինչը ենթադրում է պայմանագրի կնքում, որը ուժի մեջ է մտնում միայն ֆինանսական միջոցները նախատեսելու փաստը արձանագրող համաձայնագրով: Ծառայությունը մեկնարկված է համարվում համաձայնագրի կնքման օրվանից: Պայմանագիրը լուծվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում այդ նպատակով պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվում»:

Այս ընթացքում, Գյումրու քաղաքապետարանը թափառող կենդանիների ստերջացման փոքր ծրագիր է իրականացրել՝ պայմանագիր կնքելով «Էրիկ Խաչատրյան» ԱՁ-ի հետ: Համայնքապետարանը ծրագրի կազմակերպման և իրականացման համար տրամադրել է 988 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ պետք է ստերջացվեր 38 շուն, սակայն պատասխանատուներից ճշտեցինք, որ արվել է ավելին՝ ստերջացվել է 49 շուն, ևս 6 շուն կստերջացվի հոկտեմբերի սկզբներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter