HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ

Էջմիածին քաղաքի բնակիչ Ալբերտ Շահինյանը իր տան հարևանությամբ բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան է կառուցել։ Թե երբ է կառուցել՝ հայտնի չէ, որովհետև լցակայան կառուցելու նախագծային փաստաթղթերը պետական համալիր փորձաքննության չի ներկայացրել, Վաղարշապատի համայնքապետարանը նրան լցակայան կառուցելու համար շինթույլտվություն չի տվել։

Ըստ պետական ռեգիստրի՝ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն 2000թ․ հունիսից բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուր է իրականացնում բենզալցման կայաններում։ Նրա որդին՝ Գարեգին Շահինյանը, Վաղարշապատի համայնքապետարանի հարուցած վարչական վարույթի քննության ժամանակ հայտնել է, որ լցակայանը գործում է 2017թ․-ից։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ի դեմ ներկայացված մի քաղհայցից տեղեկանում ենք, որ լցակայանը 2016թ․-ին գործել է։

Լցակայանը մինչ օրս ինքնակամ շինություն է համարվում և շարունակում է գործել անգամ այն ժամանակ, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պահանջով այն կապարակնքել է այս տարվա մարտ ամսին։ Մինչդեռ  Վաղարշապատի համայնքապետարանը մեզ հավաստիացնում է, որ տնտեսվարողը լցասյունակներն ապամոնտաժել է իրենց պահանջով։

«Տնտեսվարողի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լցասյունակն ապամոնտաժվել է տնտեսվարողի կողմից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հողամասը վերադարձվել է համայնքին ասֆալտապատ վիճակում»,- սեպտեմբերի 19-ին, մեր գրությանն ի պատասխան հայտնել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

Վերջինս չի պատասխանել մեր մյուս հարցին՝ ե՞րբ է ապամոնտաժել։

Վաղարշապատի համայնքապետարանին ուղղված հարցման հետ միաժամանակ գրությամբ դիմել էինք ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին։ Խնդրել էինք տեղեկացնել՝ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն, արդյոք, վերացրե՞լ է տեսչության արձանագրած խախտումներն ու թերությունները, տեսչությունը որոշում ունի՞ լցակայանի գործունեությունը վերսկսելու մասին։ Մեր գրությանը պատասխանելու համար ՔՏՀԱ տեսչական մարմինը սեպտեմբերի 17–ին  վերահսկողական շրջայց է իրականացրել և կրկին արձանագրել, որ լցակայանը շարունակում են շահագործել առանց թույլտվության։ Տեսչական մարմինը կրկին վարչական վարույթ է հարուցել։

Լցակայանը կապարակնքվել է հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) ղեկավարի հանձնարարագրի հիման վրա մասնագետները 2025թ․ մարտի 5-ին հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան թաղամաս, 217ա հասցեում (նախկինում՝ Շահումյան փողոց, 76): Տեսչական մարմնի ղեկավարը մարտի 10-ին որոշում է ընդունել բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանի աշխատանքները դադարեցնելու մասին՝ հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու համար։

Մարտի 21-ին տեսչական մարմնի մասնագետները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման հետ համագործակցելով կապարակնքել են և՛ բենզինի, և՛ հեղուկացված ածխաջրածնային գազով լցասյունակները ՝ մինչև արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելը։

ՔՏՀԱ տեսչական մարմինը գրություն է ուղարկել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին՝ տեղեկացնելով կայացված որոշման մասին։ Նաև՝ խնդրել են տեղեկատվություն տրամադրել «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանի օրինականության վերաբերյալ։

Վաղարշապատ համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ նշված լցակայանն ունի սեփականության վկայական, սակայն լցավորման սյունակներից երկուսը գտնվում են համայնքային նշանակության հողամասի վրա։

Ապրիլի 1–ին տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը գրություն է ուղարկել Դ․ Գասպարյանին՝ պահանջելով ապամոնտաժել համայնքային հողամասի վրա գտնվող նշված լցավորման սյունակները և այդ մասին տեղյակ պահել իրեն։

Վաղարշապատ համայնքի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժինը տեսչության գրությունը հիմք ընդունելով, ապրիլի 4–ին տարածքի տեղազննություն է կատարել։ Արձանագրել են, որ տնտեսվարողը երկու լցավորման սյունակները տեղադրել է համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում՝ առանց հողօգտագործման իրավունքի և առանց թույլտվության:

Դիանա Գասպարյանը ապրիլի 16-ին վարչական վարույթ է հարուցել և որոշել է չօրինականացնել «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ին  պատկանող լցակայանը: «Քանդել (ապամոնտաժել) Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Շահումյան փող, թիվ 76 հասցեին կից համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, տեղադրված երկու լցավորման սյունակները, նրան պատկանող տեխնոլոգիական սարքավորումների կառույցները և ազատել հողամասը»,– ասվում է համայնքապետի ընդունած որոշման մեջ:

Դիանա Գասպարյանը վարույթի մեջ չի նշել այդքան մեծ ծավալով ապօրինություն կատարողի ինքնությունը։ Ավելին, օրինազանցի նկատմամբ վարչական վարույթով պատասխանատվության ոչ մի միջոց՝ տույժ–տուգանք, չի նախատեսել ոչ ապօրինի հողազավթման, ոչ էլ ինքնակամ լցակայան կառուցելու համար։

«Հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք»,– գրել է Վաղարշապատ համայնքի արդեն նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը:

Լցակայանը քանդելու աշխատանքները սույն որոշումով հանձնարարել է համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկին և իր աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին: Ընդ որում, դա պետք է արվեր շատ շտապ, որովհետև ինչպես որոշման մեջ նշել է համայնքի ղեկավարը, «հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացմանը»:

Ձեռնարկատերը դատարանում վիճարկում է տեսչական մարմնի որոշումը

Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Շահինյանը մարտի 25–ին հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի մարտի 10–ին ընդունած որոշումը, որով կապարակնքվել էր լցակայանը, անվավեր ճանաչելու պահանջով։ Միաժամանակ, վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդություն է ներկայացրել: Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանը ապրիլի 1–ին որոշում է ընդունել գործը քննել գրավոր ընթացակարգով և դատական ակտը հրապարակել 2025թ․ դեկտեմբերի 5-ին՝ դատական իշխանության պաշտոնական «Datalex.am» կայքի միջոցով:

Դատարանը ՔՏՀԱ տեսչական մարմնի վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունն առարկայազուրկ է համարել և որոշել է թողնել առանց քննարկման: Այսինքն՝ լցակայանը չպետք է գործեր։

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները իր դիմումի համաձայն դադարեցվել է մայիսի 27-ին: Նրա ընդունած անհապաղ կատարման ենթակա որոշումը՝ քանդել լցկակայանը, մինչ այդ չի կատարվել։ Ավելին, այդ ընթացքում, մայիսի 12–ին, Դ․ Գասպարյանը նույն լցակայանի վերաբերյալ մեկ այլ որոշում է կայացրել։

Այդ վարչական վարույթը հարուցվել է լցակայանը շահագործող անհատ ձեռներեցի որդու՝ Գարեգին Շահինյանի վերաբերյալ։ «Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից ապրիլի 11–ին կրկին կատարվել է այց իրավախախտման վայր և կազմվել է տեղազննության արձանագրություն: Համաձայն որի` Գարեգին Ալբերտի Շահինյանի կողմից ինքնակամ տեղադրված գազի լիցքավորման սարքավորումներն ապամոնտաժվել են, ազատվել է համայնքային սեփականություն հանդիսացող ապօրինի զավթած հողամասը և հողամասը բերվել է նախկին տեսքի»,– ասվում է որոշման մեջ:

Նախ՝ լցակայանը պատկանում է տնտեսվարող Ալբերտ Շահինյանին և ոչ թե նրա որդուն։ Հետևաբար անհասկանալի է, թե կեղծիքներով որոշումը Դ․ Գասպարյանն ինչո՞ւ է որդու անունով կայացրել։ Եթե տնտեսվարողն ապրիլի 11-ին «գազի լիցքավորման սարքավորումներն ապամոնտաժել էր», ինչո՞ւ է ապրիլի 16-ին Ալբերտ Շահինյանի վերաբերյալ քննված վարույթով այն ապամոնտաժելու որոշում ընդունել։

«Տվյալ պարագայում Գարեգին Ալբերտի Շահինյանն ապամոնտաժել է ապօրինի կառուցված (տեղադրված) վառելանյութի լիցքավորման կայանները, նրանց պատկանող տեխնոլոգիական սարքավորումները, ազատել է համայնքային սեփականություն հանդիսացող ապօրինի զավթած հողամասը և տարածքը բերել է նախկին տեսքի։ Ուստի, տվյալ իրավախախտման մասով որոշում կայացնելիս անհրաժեշտ է  հաշվի առնել կատարված իրավախախտման բնույթը, Գարեգին Ալբերտի Շահինյանի կողմից դրսևորված վարքագիծը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ և 154-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումը դադարեցնելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված գործողությունները: Գարեգին Ալբերտի Շահինյանի նկատմամբ նշանակել վարչական տույժ` նախազգուշացման ձևով»,– որոշել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը:

Անկասկած, ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղյակ չէ հետին թվով ընդունված, կեղծիքներով լի այս որոշման մասին։ Դեռևս սպասում են, որ համայնքի ղեկավարը պետք է ապահովի իր ընդունած որոշման կատարումը։ «Հետք»-ին հայտնել են, որ տեսչական մարմինը մայիսի 29-ին Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Պետրոսյանին գրություն է ուղարկել՝ նշված բենզալցակայանին և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանին հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն չտրամադրելու վերաբերյալ։

Սակայն, ինչպես տեղեկացնում է ՔՏՀԱ-ն, տեսչական մարմնի մասնագետները հունիսի 2–ին վերահսկողական շրջայց են իրականացրել և պարզել, որ տեսչական մարմնի որոշման պահանջը չի կատարվել՝ լցակայանը գործում է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.7 հոդվածի հատկանիշներով իրականացվել է վարչարարություն՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշման պահանջները չկատարելու համար, և կայացվել է վաչական տույժ նշանակելու մասին որոշում»,– տեղեկացնում են տեսչական մարմնից։

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նախկին ղեկավարի կատարած կեղծիքները որպես ճշմարտություն է ներկայացնում

«Հետք»-ին տրված պատասխանում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Ալբերտ Շահինյանի լցակայանում առաջին վերստուգումն իրականացրել են 2023թ. հունիսի 22-ին՝ տեսչական մարմնի` նախկինում տված կարգադրագրի պահանջների կատարումն ստուգելու նպատակով։

Վերահսկողության արդյունքում 2023թ. հունիսի 26-ին տեսչական մարմնի ղեկավարը հիշյալ բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանի աշխատանքները դադարեցնելու մասին որոշում է ընդունել։ «Ալբերտ Շահինյան» ԱՁ-ն դատական հայց է ներկայացրել ՔՏՀԱ տեսչական մարմնի դեմ, որը բավարարվել է։

«Տվյալ վարչական գործով հայցվորի մոտ իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ և արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ: Վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ հիմնավորվել է, որ Արամ Մանուկյան 1-ին թաղամաս 217ա հասցեում բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք թերություններով և խախտումներով»,– ասվում է դատարանի վճռում:

Դատարանը ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումն անվավեր է ճանաչել այն հիմքով, որ որոշման մեջ իրավական ակտին կատարված հղումը ճիշտ չէ՝ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը «ը» կետ չունի: «Այսինքն, վիճարկվող վարչական ակտի կայացման հիմքում դրվել է մի իրավական նորմ, որը 22.06.2023թ. վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ՏԾ/Հ/521-2023 արձանագրությամբ նշված խախտումները արձանագրվելու պահին առկա չի եղել»,– եզրակացրել է վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:

Իհարկե, Վաղարշապատի համայնքապետարանը Ալբերտ Շահինյանի շահագործած լցակայանի ապօրինի լինելու մասին շատ ավելի վաղ է իմացել, քան տեսչական մարմինը կտեղեկացներ այդ մասին։ Առնվազն, 2022թ․ դեկտեմբերին վարչական վարույթ են հարուցել նրա դեմ, որովհետև առանց առանց թույլտվության, առանց տեղական տուրք վճարելու հեղուկացված նավթային գազի վաճառք է իրականացրել։ Վարույթ հարուցելուց հետո տուրքը վճարել է և ինչպես այս տնտեսվարողին վերաբերող հետագա բոլոր վարույթների ժամանակ է եղել, «մեղավորի անկեղծ զղջումը» հաշվի առնելով, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը բավարարվել է նրան նախազգուշացում հայտարարելով:

Մինչև տեսչական մարմինի գրությունները ստանալն այդպես էլ չի անդրադարձել տնտեսվարողի լցակայանի անօրինական գործունեությանը, նաև օրինականացնելու պահանջ չի ներկայացրել նրան։ Զավթված համայնքային հողամասը նրա ապօրինի տիրապետումից ազատելու կամ օրինականացնելու հարց չի քննարկել և այլն:

Հետաքրքրական է, որ համայնքի նախկին ղեկավարի կատարած կեղծիքները հիմա էլ որպես ճշմարտություն են ներկայացնում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Վերջինս, լավատեղյակ լինելով տեսչական մարմին–համայնքապետարան ավելի քան երեք տարվա գրագրութանը, մեզ է ուղարկում նախկին համայնքի ղեկավարի ընդունած կեղծ որոշման բովանդակությունը։ «Տնտեսվարողի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված լցասյունակն ապամոնտաժվել է․․․»,- հայտնել է Ա․ Մեխակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter