HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

268 ազատազրկված թմրամիջոցներից կախվածություն ունի

Նարեկը (անունը փոխված է) արդեն մեկ ամիս է` մեթադոնային փոխարինող բուժում է ստանում «Արմավիր» ՔԿՀ-ում: Ասում է՝ ցավերը մեղմվել են, ավելի հանգիստ է, տրամադրությունը՝ համեմատաբար լավ է, բայց երբեմն իրեն թվում է, որ դեղաչափը քիչ է, ավելիի կարիք ունի: Մեզ զանգահարել էր հենց այս բողոքով, որ իրեն ավելի շատ մեթադոնային լուծույթի «դոզա» հատկացնեն: Մինչև կալանավորվելը Նարեկը մոտ 3 տարի ակտիվ թմրանյութ է օգտագործել:

«Արդեն սինթետիկ թմրամիջոցներ էի օգտագործում, որովհետև սովորականներն ինձ «լոմկից» (զրկանքի համախտանիշ, հեղ.) չէին հանում: Որ ընկա գաղութ՝ տեղս չէի գտնում: Ուժեղ ցավեր ունեի, ցավազրկող էին տալիս՝ չէր օգնում: Հիմա վիճակս մի քիչ լավ ա, բայց եթե մեթադոնը դադարեցնեմ, կկրկնվի, հլը պատրաստ չեմ դրան»,- պատմում է Նարեկը:

Մեթադոնը սինթետիկ (արհեստական) օփիոիդային դեղամիջոց է: Հիմնականում օգտագործվում է ցավազրկման համար, երբ այլ ցավազրկողներն արդյունավետ չեն, ինչպես նաև՝ օփիոիդային կախվածության բուժման նպատակով: Մեթադոնն ազդում է օփիոիդային ընկալիչների վրա, ինչպես մորֆին կամ հերոինը, բայց ունի ավելի երկար ազդեցություն: Մեթադոնը կարող է առաջացնել թունավորում, ընդհուպ՝ մահ, եթե ընդունվի սխալ դեղաչափով և առանց բժիշկի վերահսկողության:

Քրեակատարողական հիմնարկներում տարեցտարի ավելանում է թմրանյութերից կախվածություն ունեցող և մեթադոնային փոխարինող բուժող ստացող ազատազրկված անձանց թիվը:  Սա նշանակում է, որ ավելացել է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց թիվը:

2025թ. հուլիսի 1-ի դրությամբ թմրանյութերից կախվածություն ունեն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների (բացառությամբ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստացիոնար ստորաբաժանման) հսկողության տակ գտնվող 268 ազատազրկված անձ, իսկ ալկոհոլից կախվածություն ունի 28 անձ:

Թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունեցող ամենաշատ անձինք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, համապատասխանաբար՝ 121 և 16 ազատազրկված: Թմրանյութից կախվածություն ունեցող անձ չկա միայն «Վարդաշեն» և կանանց ու անչափահասների համար նախատեսված «Աբովյան»  ՔԿՀ-ներում: Իսկ ալկոհոլից կախվածություն ունեցող  չկա «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» ՔԿՀ-ներում:

թմրանյութից կախվածություն 1.jpg (129 KB)

Քրեակատարողական հիմնարկների ներսում ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է «Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր»: Թմրամիջոցներից կախվածություն ունեցող ազատազրկված անձը, իր գրավոր դիմումի հիմքով, «Կախվածությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում ենթարկվում է մեզի տոքսիկոքիմիական հետազոտության: Հետազոտության դրական ցուցանիշի դեպքում ընդգրկվում է «Մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր», և նրան տրվում է մեթադոն:

Համեմատության համար նշենք, որ եթե 2020թ. ընթացքում մեթադոնային փոխարինող բուժում ստացել է թմրամիջոցներից կախվախություն ունեցող 216 անձ, ապա 2024թ․-ին՝ 299: 2025թ. միայն առաջին 6 ամսվա ընթացքում բուժում է ստանում 239 դատապարտյալ և կալանավորված անձ:

թմրանյութից կախվածություն 2.jpg (162 KB)

«Դատապարտյալների հիվանդանոց» ստացիոնար ստորաբաժանումը դիսպանսեր հաշվառում չի վարում՝ հաշվի առնելով, որ ստացիոնար բուժում ստացող բուժառու ազատազրկված անձինք հաշվառված են պատժի կրման քրեակատարողական հիմնարկներում տեղակայված ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի փոխանցմամբ՝ ազատազրկված անձինք բուժանձնակազմի կողմից դիտարկվում են որպես բուժառու: Վերջիններիս բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում  է առանց կարգավիճակի տարանջատման, հետևաբար հայտնի չէ, թե թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունեցող անձանցից քանիսն ունեն դատապարտյալի, քանիսը՝ կալանավորված անձի կարգավիճակ:

Կամո Մանուկյանի փոխանցմամբ՝ 2020-2025թթ. (առաջին կիսամյակ) թմրամիջոցներից, ալկոհոլից կախվածություն ունեցող ազատազրկված անձինք մասնագիտացված բժշկական հաստատություններում հիվանդանոցային բուժում չեն ստացել: Ալկոհոլից կախվածություն ունեցող ազատազրկված անձինք սպեցիֆիկ բուժման կարիք չեն ունեցել:

ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ՝ նախորդ տարիների համեմատ նվազել են ազատազրկվածների կողմից ստացվող մեթադոնի օրական դեղաչափերը:

Կամո Մանուկյանն ասում է, որ բուժման  արդյունավետությունը գնահատվում է բուժումն ավարտելուց հետո անձին 5 տարվա ընթացքում դիտարկելու արդյունքում: Եթե մեթադոնային փոխարինող բուժումն ավարտելուց հետո անձը 5 տարվա ընթացքում թմրամիջոց չի օգտագործում, համարվում է լավացած (կայուն ռեմիսիա): Սակայն, ազատազրկված անձանց շարժով պայմանավորված (պատժի կրումից կամ կալանքից ազատում) հնարավոր չէ այդ դիտարկումներն անել:

Մեթադոնի լուծույթը ՊՈԱԿ-ին տրամադրվում է Առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ: Այն շահառու ազատազրկված անձանց տրամադրվում է «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի կողմից՝ ամենօրյա ռեժիմով:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատազրկված անձին մեթադոնը տրվում է բժշկի ցուցմամբ: Տրամադրման երկու հիմք կա՝ կամ բժիշկն է նշանակում, որպես բուժում, կամ իր դիմումի համաձայն: Այս դեպքում անձը կարող է հրաժարվել այդ դեղամիջոցից: Մյուս դեպքում անձն է դիմում, որ նախկինում օգտագործել է թմրամիջոց, ունի գանգատներ և բժշկի դիտարկումներից հետո նշանակվում է հետազոտություն, ինչից հետո էլ ընդգրկվում է բուժման ծրագիր:

Նաիրա Բաբայանի խոսքերով՝ շատ կարևոր է պարզելը ոչ միայն մեզում թմրանյութի առկայությունը, այլև այդ նյութի տեսակը: Մեթադոնը փոխարինում է ափիոնային շարքի թմրամիջոցներին: Եթե անձն այդ շարքին չպատկանող թմրամիջոց է օգտագործել, մեթադոնը զրկանքի համախտանիշից դուրս չի բերում: Ոչ ափիոնային թմրանյութերի դեմ պայքարելու համար դեղամիջոցային բուժում չկա, սակայն այստեղ էլ հոգեբույժն է վերահսկողություն սահմանում՝ անձին տրամադրելով հոգեմետային բուժում և ցավազրկողներ:

Շատ հաճախ հոգեբույժի կարիքը զգացվում է, քանի որ դրվում է «անձի խանգարում՝ թմրամիջոցների օգտագործման հետևանքով» ախտորոշումը: Այս դեպքում հոգեմետ դեղերը օգնում են հաղթահարել զրկանքի համախտանիշը:

Բաժնի պետն ասում է, որ մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ներառված ազատազրկվածի հետ աշխատում են նաև հոգեբույժն ու նյարդաբանը: Զուգահեռ նրա հետ կատարվում է բացատրական աշխատանք, որ տրվածը ոչ թե թմրամիջոց է, որ ընդմիշտ խմեն ու իրենց լավ զգան, այլ բուժում է՝ կախվածությունից դուրս գալու համար:

«Քանի անձը չի դիմում և չի ասում, որ իրեն այլևս պետք չէ այդ բուժումը՝ շարունակում է ստանալ: Իհարկե, դեղաչափը փոփոխվում է բժիշկի ու հոգեբույժի ցուցումով: Մեթադոնը տրվում է ամենօրյա ռեժիմով՝ բուժանձնակազմի անմիջական հսկողության ներքո: Եթե սրտանոթային հիվանդներին, շաքարային դիաբետ ունեցողներին կարող ենք 5 օրվա դեղ տալ, մեթադոն և հոգեմետ դեղերը տրվում են մեր աչքի առաջ և խմում են հենց տեղում՝ ամեն օր: Իրենց ստորագրությամբ փաստում են, որ դեղորայքը ստացել, խմել են ու գնում են»,- ասում է Նաիրա Բաբայանը:

Ինչ վերաբերում է ալկոհոլից կախվածություն ունեցող ազատազրկված անձանց՝ այս պահին քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բաժանմունք չկա, իսկ ամբուլատորիայում հաշվառվածները հատուկ բուժման կարիք չունեն:

Ն. Բաբայանի փոխանցմամբ՝ ալկոհոլից կախվածությունը ևս առաջացնում է հոգեկան և վարքի խանգարումներ ու նրանց բուժումը հենց այդ տեսանկյունից է դիտարկվում: Իսկ եթե լինեն ծանր դեպքեր, կուղեգրվեն մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Քրեակատարողական հիմնարկներում մեթադոնային բուժման կարիք ունեցողների թվի աճը վկայում է, որ ավելացել է նաև թմրամիջոցից կախվածություն ունեցողների թիվը։ Այդ անձինք թմրամիջոց օգտագործել են ազատության մեջ։ Կառավարությունը, Ոստիկանությունը պարբերաբար հայտարարում են, որ թմրամիջոցների շրջանառությունը մեծ ծավալների է հասել՝ ընդգրկելով նաև դպրոցահասակներին, սակայն ձեռնարկված քայլերը շոշափելի արդյունք չեն տալիս։ 

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter