HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Վիրավորանքի եւ ներողության ճակատագիրը կվճռվի սեպտեմբերին

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ.Ափինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Յուրի Մնացականյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ ՊՓԲԸ-ի և Վիգեն Շահինյանի, 3-րդ անձ news.am-ի:

Հայցվոր Յ.Մնացականյանը վիճարկում է 2011թ.-ի նոյեմբերի 26-ին news.am կայքում հրապարակված «Առողջապահության ազգային ինստիտուտի 40-100 աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների շարքերը» հոդվածում Վիգեն  Շահինյանի արած արտահայտությունը և դատարանից խնդրում է պարտավորեցնել պատասխանողին news.am-ի միջոցով հրապարակային ներողություն խնդրել հայցվորից և 1 միլիոն դրամ փոխհատուցել վիրավորանքի համար:

Այսօր կողմերն արդեն պետք է անցնեին դատաքննության փուլ, սակայն հայցվորի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը միջնորդեց դատարանին նախքան դատաքննությունը սկսելը ապացույցներ ներկայացնել դատարան: Ներկայացված ապացույցով հայցվորը պնդում էր, որ նախորդ դատական նիստին պատասխանողի ներկայացրած ապացույցները որևէ էական նշանակություն չունեն, մասնավորապես Յուրի Մնացականյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը իրավաբանական ուժ չունի և առոչինչ է:

Ըստ Դ.Գրիգորյանի՝ տնօրենը, ըստ իր կողմից ներկայացված հրամանի, դեռևս մայիսի 21-ի դրությամբ աշխատանքից չի ազատել Յուրի Մնացականյանին, սակայն 2011թ.-ի նոյեմբերին news.am կայքում համապատասխան հոդվածը հրապարակելուց առաջ հայցվորին տվել է ծանուցագիր, որով վերջինս հայտնվել է կրճատման գործընթացների մեջ: Այնուհետև հայցվորը news.am-ի հոդվածից տեղեկանում է, որ կրճատման մեջ հայտնվածները «պիտանի չեն» աշխատելու համար: Հայցվորին աշխատանքից հեռացնելու մասին այդպես էլ հրաման չի կայացվել, ինչը, ըստ փաստաբանի, ուղղակիորեն վիրավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Դ.Գրիգորյանը ավելացրեց, որ այն արդարացումը, որ «մեղմ ասած՝ դեկանատ չկա և օժանդակ ստորաբաժանումներում 6 հոգի են», չի վերաբերում հայցվորին, քանի որ վերջինս ոչ դեկանատի աշխատող է, ոչ էլ օժանդակ ստորաբաժանման:

Պատասխանողի ներկայացուցչի հարցին, թե որտե՞ղ է գրված, որ խոսքը վերաբերում է միայն դեկանատին, Դ.Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք գտնում են, որ «պիտանի չեն» արտահայտությունն ուղղակիորեն վերաբերում է հայցվորին, սակայն «մեղմ ասած» որպես արդարացում նշվել են դեկանատի և օժանդակ ստորաբաժանման աշխատակիցները:

Պատասխանողն իր ելույթում դատարանին հայտնեց, որ Վիգեն Շահինյանը հոդվածում նշել է ընկերության բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ թվում նաև հայցվորին, վերջինիս խոսքը վերաբերվել է ընդհանուրին, ոչ թե կոնկրետ հայցվորին:

Այսպիով, տվյալ գործն ավարտվեց, և վճռի հրապարակման օր նշանակվեց սեպտեմբերի 4-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter