
«Թիրախավորվել եմ խաղային ոլորտի անձանց կողմից». Հայկ Սարգսյան
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կուսակցության վարչութունում իր նկատմամբ հարուցված վարույթին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել էր կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցով դիմել է ՔՊ կուսակցության վարչությանը 2025թ․ մարտի 4-ին: Հիշեցնեմ՝ դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը: Բարեբախտաբար, այդ վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը: Սա ինչու եմ ասում, որովհետև ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել. Ինչո՞ւ է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել հենց մարտի 4-ին, ոչ թե մեկ այլ օր»,- ասաց Սարգսյանը։
Պատգամավորը նշեց, որ 2019 թվականից, երբ դարձել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պարբերաբար թիրախավորվել է շահումով խաղերի ոլորտով զբաղվողների կողմից։
Հայկ Սարգյանի նկատմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչությունում վարույթ հարուցելու և խիստ նկատողություն տալու վերաբերյալ արված կուսակցության հայտարարություն մեջ ասված էր, որ Հայկ Սարգսյանը նույնպես դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն նա չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։
Սարգսյանը ասաց, որ կուսակցության հայտարարության մեջ առկա այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, և ինքը որևէ առաջարկ չի ստացել կուսակիցներից՝ իր դիմումի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու համար։
«Ես խնդրել եմ մեր կուսակցությանը խմբագրել այդ հատվածը, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Հայկ Սարգսյանը դիմել է, բայց չի ցանկանում մասնակցել դիմումի քննարկմանը»,- ասաց Սարգսյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում այս հայտարարությունը չի խմբագրվել։
Մեկնաբանել