
Ինչպես զսպել պետական պաշտոնյաներին. վարքագծային շեղումները շատ են, վարույթ հարուցելու հիմքերը՝ քիչ
Պետական պաշտոնյաների համար ընդունվել են վարքագծի կանոններ, որոնք ոչ միշտ են կիրառվում։ Մի խումբ պաշտոնյաներ էլ ընդհանրապես չունեն նման կանոններ, ու ինչպես Ազգային ժողովը, չեն ձևավորում էթիկայի հանձնաժողովներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ասում են, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ժամանակ է անհրաժեշտ։ Թե երբ կլինի տեսանելի արդյունք՝ դժվար է ասել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 1,5 տարի առաջ ընդունեց պետական պաշտոնյաներին վերաբերող վարքագծի կանոնագիրք: Թվում էր՝ կանոնագրքի ընդունումից հետո հանրային տիրույթում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների վարքագիծը կփոխվի՝ կաշկանդվելով ընդունված նորմերով: Սակայն, սոցիալական հարթակներում նրանց կատարած գրառումներն ու մեկնաբանությունները խոսում են հակառակի մասին: Պաշտոնյաների կողմից երբեմն տարածվում է ոչ միայն ատելության խոսք, այլև վիրավորանք ու անհարգալից վերաբերմունք այլոց նկատմամբ:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքն ընդունվել է 2024թ. փետրվարի 6-ին: Ուժի մեջ է մտել նույն տարվա ապրիլի 1-ից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասում է՝ կանոնագիրքը նոր է, և որպես նոր գործիք Հանձնաժողովն աշխատում է, որ դրա գործարկումն ավելի արդյունավետ լինի: Սակայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ևս նկատել են, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնյաների շրջանում վարքագծի խախտման «սահմանային» իրավիճակները շատացել են: Կոշտ բառապաշարի և հանրության կողմից ոչ միանշանակ ընկալվող վարքագծային իրավիճակները ևս ավելացել են:
«Ինչ-որ չափով սա հնարավոր է պայմանավորված է առաջիկայում սպասվող ընտրություններով: Այստեղ Հանձնաժողովը շատ նուրբ է փորձում հարցին մոտենալ: Մի կողմից վարքագծի կանոնները, պետական մարմիններում վարքագծի ու բարեվարքության տարրերի պահպանումը շատ կարևոր է, բայց մյուս կողմից պետք է անհարկի չսահմանափակենք քաղաքական բանավեճը: Յուրաքանչյուր դեպքով փորձում ենք այդ բալանսը պահել»,- ասում է Հեղինե Ենգոյանը:
Պաշտոնյաների խոսույթը, վարքագծային կանոնների շեղումները ցայտուն երևում են հատկապես սոցիալական ցանցերում: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձագետը կարծում է, որ սոցհարթակներում կատարված գրառումները շատ նուրբ գիծ ունեն՝ արտահայտվելու ազատության և վարքագծի նորմերը պահելու տեսանկյունից: Գնահատող մարմինները պետք է ճիշտ կողմնորոշվեն:
Նշենք, որ պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար ստեղծվում են էթիկայի առանձին հանձնաժողովներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, էթիկայի հանձնաժողովներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն: Սակայն, վերջին մեկ տարվա ընթացքում այդ հանձնաժողովները երբևէ խորհրդատվության համար չեն դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Հեղինե Ենգոյանն ասում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սոցիալական ցանցերի գրառումների հետ կապված իրականացրել է 3 վարույթ, որոնք ավարտվել են:
Վարույթներից մեկը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» հայտնի գրառմանը:
Վարչապետի ֆեյսբուքյան այս գրառումը հրապարակվել էր նաև առցանց մամուլում: Այդ հրապարակումների հիման վրա Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վարույթ է հարուցել և քննության արդյունքում եզրակացրել, որ վարչապետը թույլ է տվել վարքագծի նորմերի խախտում:
Հաջորդ վարույթը վերաբերել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառմանը: Նա ընդդիմախոսներին համեմատել էր շների հետ: Դիմումի հիման վրա նախաձեռնված վարույթը Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ընդլայնել էր և ԶԼՄ-ների մշտադիտարկմամբ արձանագրված այլ գրառումներ ևս քննարկման առարկա էր դարձրել: Սակայն եզրակացրել էր, որ Պապոյանը վարքագծի կանոնների խախտում թույլ չի տվել:
Երրորդ վարույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր նախաձեռնությամբ է հարուցել, որը վերաբերում է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի՝ «ծակ դաշնակ», «կաղկանձոց», «շնագայլ» արտահայտություններով համեմված գրառմանը: Այստեղ նույնպես խախտում չի արձանագրվել:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձագետ Հեղինե Ենգոյանն ասում է, որ Տարոն Չախոյանի հետ կապված մի քանի այլ հրապարակումներ ևս դիտարկվել են, սակայն օրենքի սահմանափակումները թույլ չեն տվել առաջ գնալ: Մասնավորապես՝ այդ հրապարակումները վերաբերում են կոնկրետ անձի, սակայն վարույթ կարող են հարուցել միայն շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ այն դեպքում, երբ խնդիրը համակարգային բնույթ է կրում, կամ հանրային մեծ հետաքրքրություն կա: Մինչդեռ ոչ դիմում է եղել, ոչ էլ՝ հանրային մեծ հետաքրքրության հարց:
Հանձնաժողովը վարույթ հարուցելու երեք հիմք ունի՝ դիմում, ԶԼՄ հրապարակում և այլ վարույթի շրջանակում հայտնաբերված հնարավոր խախտումներ: Ընդամենը մեկ դեպք է արձանագրվել, որ այլ վարույթի շրջանակում հայտնաբերվեն անձի վարքագծի կանոնների խախտումներ: Իսկ սեփական նախաձեռնությամբ հարուցելու հիմնական միջոցը մնում են մամուլի հրապարակումները: Օրենքը թույլ չի տալիս, որ Հանձնաժողովը ինքնուրույն հայտնաբերած խախտումները, օրինակ՝ սոցցանցերի գրառումները, սեփական նախաձեռնությամբ վարույթի հիմք դարձնի:
«Եթե խոսքը մի քանի առանձին աղմկահարույց դեպքերի մասին չէ, շատ դեպքերում պաշտոնյաների գրառումները մամուլում չեն լուսաբանվում: Մենք տեսնում ենք ֆեյսբուքյան գրառումներ, որ կարող էին Հանձնաժողովում քննարկման առարկա դառնալ, բայց դրա վերաբերյալ հրապարակումներ ընդհանրապես չեն եղել: Բնականաբար, չենք էլ կարող լրատվամիջոցներին խնդրել, որ հրապարակումներ անեն, մենք էլ վարույթ հարուցենք: Այդ դեպքերում մեր հնարավորություններն արգելափակվում են»,- նշում է Հեղինե Ենգոյանը:
Փորձագետի դիտարկմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կիսամյակից կիսամյակ ավելի շատ դիմումներ է ստանում, որոնք վերաբերում են վարքագծի կանոններին:
Այս տարի արդեն 16 վարույթ հարուցելու կամ վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումներ է հանձնաժողովը կայացրել, ինչը, ըստ Հեղինե Ենգոյանի, 3 անգամ ավելի շատ է, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում կայացված որոշումները: Սակայն, դրանց մեծ մասով կայացվել է վարույթ չհարուցելու որոշումներ:
«Կա թյուր ընկալում, թե ինչի մասին են վարքագծի կանոնները: Որոշ դեպքերում մարդիկ մեզ դիմել են այն հիմնավորումներով, որ պաշտոնյաներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, որն իր բնույթով կարգապահական խնդիր է, ոչ թե էթիկական: Գտել են, որ հարցը պետք է քննարկվի Հանձնաժողովում: Իրականում մասնագիտական դաշտում էլ այդ սահմանն ընկալելի չէ, տարբեր պետական մարմինների հետ այս հարցը քննարկել ենք»,- ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձագետը:
Մի խումբ պաշտոնյաներ վարքագծի կանոններին չեն հետևում, իսկ Ազգային ժողովը չի ձևավորում էթիկայի հանձնաժողով
Առանձին պաշտոնյաների վարքագծին ու էթիկական նորմերին վերաբերող հարցերը տարբեր մարմինների կողմից է քննվում: Օրինակ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ վարչապետի, նախարարների, նախարարների տեղակալների, անկախ պետական մարմինների, համայնքի ղեկավարների, նրանց տեղակալների և այլ պաշտոնյաների մասով քննությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այլ պաշտոնյաների մասին՝ տեղում են ձևավորվում հանձնաժողովներ:
Տարբեր են նաև ծառայությունների համար էթիկայի հանձնաժողովների ձևավորման սկզբունքները: Քաղաքացիական ծառայության դեպքում հանձնաժողովը ձևավորվում է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ՝ ըստ իրավիճակային դեպքի: Իսկ իրավապահ համակարգում, օրինակ՝ Քննչական կոմիտեում, ըստ Հեղինե Ենգոյանի, էթիկայի ու կարգապահական հանձնաժողովները մեկտեղված են:
«Մենք խնդիր ունենք այս մոտեցման հետ: Կարծում ենք, որ որոշակի տարանջատում պետք է լինի այդ երկու մեխանիզմների միջև: Կարգապահական խախտումներն իրենց բնույթով այլ են, իսկ էթիկայի հանձնաժողովները, բացի էթիկական նորմերից, քննում են նաև շահերի բախման, անհամատեղելիության դեպքերը, որը լրիվ այլ գործընթաց է ենթադրում»,- ասում է Հ. Ենգոյանը։
Պարզվում է՝ մի շարք պաշտոնյաներ ընդհանրապես վարքագծի կանոններ չունեն: Հեղինե Ենգոյանի փոխանցմամբ՝ Էկոպարեկային ծառայությունը, դատական կարգադրիչները, Ոստիկանության ծառայողները, ավագանու անդամներն այս պահին վարքագծի կանոններ չունեն: Դիվանագետներն ունեն էթիկայի կանոններ, բայց ավելի նեղ շրջանակի է վերաբերում, քննարկվում է դրանց լրամշակման և ընդլայնման հարցը:
Էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված լուրջ խնդիր կա Ազգային ժողովում: Կարգավորումներն այնպիսին են, որ էթիկայի հանձնաժողովը մշտական չէ և կոնկրետ դեպքով ԱԺ քվեարկությամբ պետք է ձևավորվի, սակայն ոչ մի դեպքով չի ձևավորվում, թեև դրա կարիքը բազմիցս եղել է: Թեև պատգամավորների ծեծկռտուքներն ավելի հաճախացել են, վիրավորում և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, սակայն այս դեպքերը իշխող մեծամասնության համար բավարար հիմք չեն հանձնաժողով ձևավորելու համար:
«Այս հարցն արդեն մի քանի տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր տարեկան հաղորդումներում արձանագրում է, նաև Ազգային ժողովին ենք կոմունիկացնում: Վերջերս այս թեմայով Ազգային ժողովում քննարկում էլ եղավ: Քննարկումներն ընդհանուր են, և դեռևս զգալի պրոգրես այս ուղղությամբ չկա: Էթիկայի հանձնաժողով, ինչպես 7-րդ, այնպես էլ 8-րդ գումարման Ազգային ժողովում որևէ դեպքով չի ձևավորվել՝ չնայած դրա կարիքին»,- ասում է Հեղինե Ենգոյանը:
Նախորդ գումարման Ազգային ժողովում նախագիծ էր շրջանառվել, ըստ որի՝ Էթիկայի հանձնաժողովը պետք է նստաշրջանի սկզբում ձևավորվեր, և գործեր միայն այդ նստաշրջանի համար: Այդպես՝ յուրաքանչյուր նստաշրջանի համար, սակայն, նախագիծն այդպես էլ օրենք չդարձավ:
Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա ավելի լուրջ դժվարություն է առաջանում ավագանու անդամների դեպքում: Նրանք նույնիսկ վարքագծի կանոններ չունեն: Ըստ Հեղինե Ենգոյանի՝ Ազգային ժողովի դեպքում էլ կոնկրետ վարքագծի կանոններ չկան, բայց կան ընդհանրական կանոններ, որոնց հիման վրա հնարավոր է քննություն իրականացնել: Սակայն, համայնքների դեպքում, որևէ օրենքով չկա լիազորող նորմ, որով հնարավոր է վարքագծի կանոններ սահմանել ավագանու անդամների համար:
«Վարքագծի կանոններ չկան, ու երբևէ չի էլ քննարկվում՝ կոնկրետ դեպքով էթիկայի հանձնաժողով ձևավորելն ու քննություն իրականացնելը, քանի որ նորմերը չկան, և հասկանալի էլ չէ, թե ինչի հիման վրա պետք է քննությունն իրականացվի»,- ասում է փորձագետը:
Հ. Ենգոյանի փոխանցմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թե՛ Ազգային ժողովի, թե՛ ավագանու անդամների դեպքում խնդրին բախվում է նաև այլ տեսանկյունից: Եթե վիճելի հարցով մի կողմում լինեն պատգամավորներ ու ավագանու անդամներ՝ հանձնաժողովը դիտարկելու է միայն հակառակ կողմի վարքագիծը, իսկ պատգամավորների ու ավագանու անդամներինը մնալու է չդիտարկված:
«Կարծես թե հատվածական է ստացվում պետական ապարատի արձագանքը, ինչը մեր տեսանկյունից, խնդրահարույց է»,- նշում է Հեղինե Ենգոյանը:
Համայնքի ղեկավարի օգնականի, խորհրդականի վերաբերյալ առհասարակ որևէ մարմին լիազորություն չունի քննություն իրականացնել: Նրանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում չեն, բայց նաև որևէ այլ մարմնի տիրույթում չեն: Այստեղ էլ օրենսդրական բաց կա:
Փորձագետն ասում է՝ Արդարադատության նախարարության, Կառավարության հետ հաճախ են քննարկումներ ունենում՝ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Մեկնաբանել