
Նիկոլ Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։ «Եվրոպայի պահպանողականների» խմբակցության պատգամավորներից մեկը նրան հարցրեց Հայաստանի հարավով անցնող, Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող ճանապարհի մասին։ Պատգամավորն այդ ճանապարհը անվանեց «Զանգեզուրի միջանցք» և հետաքրքրվեց՝ ինչ տարբերություններ կան դրա ընկալման հարցում։
Փաշինյանը խորհուրդ տվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրվածներին կարդալ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագիրը և նույն օրը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։
«Իսկ ի՞նչ կիմանանք այդ փաստաթուղթը կարդալով։ Կիմանանք, որ ձեր նշած խոսույթն ընդհանրապես գոյություն չունի և բացակայում է այդ փաստաթղթերում»,– ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ նման ձևակերպում չկա և չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Ըստ նրա՝ Հայաստանի տարածքում որևէ մեկը չի կարող տարածք անվանակոչել, եթե դա ընդունված չէ ՀՀ-ի կողմից։
Մեկնաբանել