HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊՎԾ ներկայացուցիչը դատարանում մեկ ժխտում, մեկ ընդունում է «Արմենիա» ԲԿ-ում ուսումնասիրության թերի լինելու հանգամանքը

Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, կայացավ Պետական վերահսկողական ծառայությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը քննարկեց ներկայացրած ապացույցների թույլատրելիության հարցը։

Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին և Սուսաննա Մուրադյանին դատի է տվել «ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները» վերնագրով հրապարակված հոդվածի համար։ ՊՎԾ-ն պատասխանող կողմերից պահանջում է հերքում հրապարակել և յուրաքանչյուրից 2 մլն դրամ փոխհատուցում։

ՊՎԾ ներկայացուցիչ Սյուզաննա Ամզարյանը նշեց, որ իրենք չեն հերքում, որ ուսումնասիրությունը եղել է թերի, սակայն պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ դա եղել է ազգակցական կապով պայմանավորված։

«Որ թերի ուսումնասիրություն է եղել, դա անգամ իմ կողմից ծառայողական քննության արդյունքներով է արձանագրված փաստ, դա երբևէ չի վիճարկվել։ Ըստ ծառայողական քննության արդյունքների՝ պատճառը աշխատակցի կողմից թերի ուսումնասիրելու կամ ուսումնասիրված հատվածի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան պաշտոնատար անձին չտրամադրելու արդյունքն է։ Դա պայմանավորված չի եղել ազգակցական կապերով»,- նշեց նա։

Սակայն, պետք է նշել, որ նախնական դատալսումների ժամանակ ՊՎԾ ներկայացուցիչը զրպարտանք էր համարել այն, որ «Հետք»-ը գրել էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեով հաստատվել է ուսումնասիրության թերի լինելու հանգամանքը։ Այսօր՝ այս դատական նիստին, նա արդեն ընդունում էր ուսումնասիրության թերի լինելու հանգամանքը։

«Ողջամիտ չէ այն դատողությունը, որ 120 մլն դրամի խախտում արձանագրելու պայմաններում որևէ ազգակցական կամ ընկերական կապերի միջոցով պետք է 1 մլն դրամը չգերազանցող գումարի խախտում չարձանագրվեր։ Մեր համար զրպարտող է, Ծառայության հեղինակությունը արատավորող է ոչ թե այն, որ ուսումնասիրությունն իրականացվել է ոչ ամբողջական, այլ դրանք ներկայացելը որպես ազգակցական կապի օգտագործմամբ»,- ասաց ՊՎԾ ներկայացուցիչը։

Չնայած ՊՎԾ ներկայացուցիչը իր նախորդ խոսքում անձամբ նշեց թերի բառը, սակայն վերջում ասաց, որ թերի բառը բացասական երանգ հաղորդող բառ է, և պատասխանողները նյութում այդ բառը պատահական չեն ընտրել։ Անհասկանալի է նաև, թե ինչպես է ՊՎԾ ներկայացուցիչը հաշվարկել այդ 1 մլն դրամից էլ քիչ խախտումը, քանի որ ոչ ամբողջական ուսումնասիրության դեպքում անհնար է ասել՝ որքան կկազմեր չուսումնասիրված հատվածի խախտման գումարը։

«Հետք»-ի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ որպես ապացույցներ ներկայացվել են ՊՎԾ-ին ուղղված 3 գրությունները, դրանց, պատասխանները, ինչպես նաև Քննչական կոմիտեին հասցեագրված երկու հարցումների պատճենները։ «Այս ապացույցները միտված են եղել նրան, որ մինչև հոդվածի հրապարակումը պատասխանողը փորձ է արել լսելի դարձնել նաև մյուս կողմերին, տեղեկատվություն հավաքել և հանրությանը այն ներկայացնել ավելի ստուգված և փաստարկված։ Դրանով ցույց ենք տալիս բարեխղճությունը, այսինքն՝ միայն մեկ կողմի, այս պարագայում՝ Սուսաննա Մուրադյանի պատմածի կամ մտահոգությունների հիման վրա չի հրապարակվել հոդվածը, այլ եղել է փաստարկված այլ աղբյուրների հիման վրա։ Քանի որ պատասխանողի վրա դրված էր փաստերի ստույգ լինելու, բարեխղճության հետ կապված ապացուցման պարտականությունը, մեր կողմից ներկայացված ապացույցները դրա մասին են խոսում»,- նշեց նա։

Հայցվոր կողմն էլ կարծիք հայտնեց, որ «Հետք»-ի հրապարակումը նպատակաուղղված է եղել արատավորել Ծառայության (ՊՎԾ) բարի համբավը։

«Ըստ էության, հրապարակումն իրականացվել է ոչ միայն կայքում, այլև հնարավոր բոլոր հարթակներում։ Դա փաստում է լրատվամիջոցի մեծ լսարան ունենալու հանգամանքը»,- նշեց նա։

Ըստ ՊՎԾ ներկայացուցչի՝ տեղեկատվությունը ոչ թե նպատակ է ունեցել հանրությանն իրազեկել և ներկայացնել օբյեկտիվ իրականությունը, այլ որոշակի հեգնանք կամ զավեշտ պարունակող մեկնաբանություններով փորձ է արվել նյութը ներկայացնել որպես Ծառայության համբավն արատավորող։

Այդ փաստը հիմնավորելու համար ՊՎԾ ներկայացուցիչը հոդվածի հեղինակներից մեկի ֆեյսբուքյան էջից էկրանապատկեր էր ներկայացնում, որտեղ լրագրողը կիսվել է նյութի հղումով և մեկնաբանություն գրել։

«Սա կցել ենք ցույց տալու համար լրատվամիջոցի վերաբերմունքը, վարքագիծը, որոշակի հեգնական կամ զավեշտալի մեկնաբանություններով տեղեկատվությունը տարածել է, և այդպիսով Ծառայության հեղինակությունը արատավորել»,- ասաց նա։

«Հետքի» ներկայացուցիչն էլ նշեց, որ այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի չէ, քանի որ նախ փորձ արվեց լրագրողի կարծիքը սոցցացերում հրապարակված դիրքորոշումը վերագրել լրատվամիջոցին, մինչդեռ լրատվամիջոցը հանդես է գալիս ֆեյսբուքյան իր առանձին հարթակով և լրագրողի գրառման հետ կապված չի կարող պատասանատվություն կրել։

«Նույնիսկ եթե դատարանը համարի վերաբերելի, որևէ ծանրացնող հանգամանք չկա՝ հաշվի առնելով, որ Դուք (ՊՎԾ ներկայացուցիչը,- հեղ.) նշեցիք՝ լրագրողն ընդամենը կիսվել է այդ նյութով, ծաղրանք, հեգնանք չկա, հանրային մարմինները քննադատության համար են, հետևաբար, կարծում եմ՝ որևէ մեկին վիրավորելու նպատակ չի հետապնդել, ընդամենը հրապարկված նյութը սոցհարթակում կիսվել է։ Դա չի վերաբերում պատասխանողին»,- ասաց «Հետք»-ի ներկայացուցիչը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter