Երկու տարբեր պատկեր նույն մարզում
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Կոտայքի մարզում էր: Մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հետ նախարարը եղավ Հրազդանի, Չարենցավանի և Եղվարդի բուժհիմնարկներում:
Հրազդանի բժշկական կենտրոնը 2009-ի դեկտեմբերին է վերաբացվել: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում ամեն ինչ նպատակին է ծառայում: Տարեկան այստեղ 600 տարբեր վիրահատություն է կատարվում, գործում է վերակենդանացման ծառայության շուրջօրյա հերթապահություն:
Կենտրոնի ծանրաբեռնվածությունը որոշակիորեն մեծանում է ամառային ամիսներին՝ շրջակա հանգստավայրերի ու ճամբարների այցելուների սպասարկումով: Նախարարի հրամանով հուլիսի 27-ից Երևան-Սևան մայրուղում շտապ բժշկական օգնության հերթապահությունները չորս հատվածներից երեքում իրականացնում է այս կենտրոնը:
«Իմ պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում հասցրել եմ շատ տեղերում լինել և մարզերում առկա որոշակի խնդիրներ ինձ համար հստակեցրել եմ: Դրանց մի մասին արդեն լուծում տրվում է, մի մասին էլ առաջիկայում կանդրադառնանք: Ես եկել եմ ձեզ ասելու, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները մնան տեղերում, և դուք ավելի լավ վարձատրվեք: Քայլեր ենք նախատեսում նաև բուժաշխատողների բժշկական սպասարկման խնդիրն աստիճանաբար լուծելու նպատակով: Ես միշտ լինելու եմ ձեր կողքին, բայց նաև պիտի վստահ լինեմ, որ դուք էլ իմ կողքին եք և միասին պիտի աշխատենք հանուն մեր ազգաբնակչության առողջության»,- ասաց Դերենիկ Դումանյանը Հրազդանի և Չարենցավանի ԲԿ-երի կոլետիվների հետ հանդիպման ժամանակ:
Չարենցավանի բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում: Սակայն, ինչպես նախարարը նկատեց, այստեղ շենքային արդյունավետ կառավարման մոդել ստեղծելու խնդիր կա: Այդ նպատակով Դերենիկ Դումանյանն առաջարկեց համագործակցել նախարարության համապատասխան մասնագետների հետ:
Այս խնդիրն առավել սուր է ծառացած Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Արտառոց է հատկապես ծննդատանը տիրող վիճակը: Պատահական չէ, որ այստեղ հաշվառվող հղիների զգալի մասը այլ ծննդատներում է ծննդաբերում: Նախարարը և մարզպետը պայմանավորվեցին կենտրոնի պայմանների բարելավման ուղղությամբ համատեղ լուծում գտնել: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել