
Turkish Airlines-ը մտադիր է չվերթեր իրականացնել դեպի Հայաստան
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը՝ Turkish Airlines-ը, մտադիր է չվերթեր իրականացնել դեպի Հայաստան։ Այդ մասին հայտնում են Bloomberg-ը և Türkiye Today–ը։ Ընդ որում, նշվում է, որ չվերթերը կիրականացվեն պահանջարկի առկայության պարագայում։
Նոր ուղղությունների շարքում թուրքական խոշորագույն ավիաընկերությունը, որն աշխարհում սպասարկում է ամենաշատ թվով ուղղությունները, Երևանից զատ կավելացնի նաև ռումինական Տիմիշոարան։
Ինչպես հայտնի է դառնում Թուրքիայի հանրային տեղեկատվության բացահայտման հարթակից, որտեղ տեղեկատվություն են հրապարակում Ստամբուլի բորսայում գրանցված ընկերությունները, Երևան թռիչքների իրականացման որոշումը կայացրել է ավիաընկերության տնօրենների խորհուրդը։ Bloomberg-ն էլ փոխանցում է, որ այս որոշումը կայացվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։
«Մեր գործընկերության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել դեպի Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթերի իրականացման վերաբերյալ՝ կախված հնարավորություններից և շուկայական պայմաններից»,- ասված է հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ և կոնկրետ ժամկետներ չեն հաղորդվում։
Ներկայում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ կանոնավոր չվերթեր իրականացնում է միայն թուրքական Pegasus ավիաընկերությունը։
Լուսանկարը՝ dohanews.co-ից
Մեկնաբանել