HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Վարշավայի անվտանգության ֆորումին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկման։ Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քննարկման մյուս բանախոսներն էին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի պատասխանները հնչած հարցերին:

Զբիգնև Պիսարսկի. Ես ասացի, որ Ձեր աջ կողմում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, լավ ընկերը։ Նա շատ փորձառու նախարար է։ Արարատ, պետք է նշեմ, որ մեծ նվաճում էր Ձեր պաշտոնավարման ընթացքում՝ օգոստոսին, Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Կարծում եմ, սա տեղի չէր ունենա առանց Հայաստանի հմուտ դիվանագիտության։ Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ արստեղ:

Պարո՛ն Միրզոյան, Դուք գիտեք, որ ես Հայաստանի մեծ երկրպագուն եմ և աջակիցը: Նախորդ բանախոսներին լսելուց հետո, ի՞նչ եք ակնկալում Եվրոպայից և Եվրոպական միությունից այս ոլորտում։ Եվ ինչպիսի՞ փորձ ունեք Եվրոպական միության հետ այս ոլորտում աշխատելու առումով։

Արարատ Միրզոյան. Նախևառաջ շատ շնորհակալ եմ Ձեր ներածական խոսքերի համար։ Չեմ կարծում եմ, որ ես այդչափ արժանացել եմ այդ խոսքերին, բայց Դուք, հավանաբար, չափազանց բարի գտնվեցիք։

Զբիգնև Պիսարսկի. Իրական դիվանագետ, շատ համեստ:

Արարատ Միրզոյան. Ի դեպ, ես դիվանագետ չեմ, իմ փորձը դիվանագիտական հիմքի վրա չէ։

Կներեք, որ սա ասում եմ, հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ՝ այստեղ որոշակի շփոթություն կա։ Նախևառաջ, խոսքը Եվրոպայի, թե՞ Եվրոպական միության մասին է։ Սրանք տարբեր են։ Երբ դուք խոսում եք Եվրոպական միության մասին, մենք կարող ենք լինել պոտենցիալ անդամ, նույնիսկ հաջորդը։ Եթե դուք խոսում եք Եվրոպայի մասին, ապա Լիտվայի նախարարը բացարձակապես ճիշտ է. մենք հավասարապես Եվրոպայում ենք, ինչպես և դուք։

Մենք նաև մի փոքր անդրադարձանք Նոր Եվրոպային և Հին Եվրոպային: Խոսեցինք արժեքների և շահերի հակադրության մասին։ Այստեղ ես պետք է չհամաձայնեմ Ձեզ հետ, սիրելի՛ բարեկամ։ Կարծում եմ՝ շահերն արժեքներն են։ Նկատի ունեմ, որ արժեքները պետք է լինեն շահերը, որովհետև, եթե դուք հարմարեցնեք ձեր քաղաքականությունն այն շահերի հետ, որոնք կարծում եք, որ նպաստավոր են ձեզ համար, այնուհետև մի օր, երկու օր, երրորդ անգամ գնալով փոխզիջման, հետքայլ եք անում ձեր արժեքներից, և այդ ժամանակ հայտնվում եք մի իրավիճակում, որտեղ, հավանաբար, ձեր իրական քաղաքականությունը հեռու է արժեքներից։ Այո, ԵՄ-ն ինձ համար առաջին հերթին ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին է։

Եթե ​​լինենզիջումներ, աչք փակվի մեկ երկրում,  ապա մյուս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վրա,  ի վերջո, ԵՄ-ն կդառնա պակաս հետաքրքիր և պակաս գրավիչ անձամբ ինձ համար։ Եվ ժողովրդավարության այս իմաստով Հայաստանը ևս ԵՄ է։ Մենք արդեն ժողովրդավարություն ենք, այո, անփորձ ժողովրդավարություն, բայց մենք արդեն հաստատված ժողովրդավարություն ենք, և, իհարկե, մենք շարունակելու ենք մեր ժողովրդավարական բարեփոխումները։ Այսպիսով, շահերի և արժեքների այս դիլեման, կարծում եմ՝ ծուղակ է։ Դա արհեստական հարցադրում է։

Զբիգնև Պիսարսկի: Պարո՛ն Միրզոյան, թույլ տվեք մի փոքր հստակեցնել, թե ինչ նկատի ունեի։ Կներեք, եթե իմ խոսքը բավական հստակ չէր։ Ես նկատի ունեի ԱՄՆ-ի ներկայիս արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Ջեյ Դի Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, որտեղ նա նշեց, որ Եվրոպան ինքն է իր  խնդիրների աղբյուրը։ Իսկ երբ ԱՄՆ կառավարությունը որոշեց փակել USAID-ը և հրաժարվել ամերիկյան «փափուկ ուժի» գործիքներից, իմ կարծիքով դա որոշ չափով «դավաճանություն» էր այն արժեքներին, որոնց վրա կառուցված են Միացյալ Նահանգները, և կենտրոնացում միայն շահերի վրա հիմնված քաղաքականության վրա։ Սակայն նման  քաղաքականության մեջ վտանգ կա, այն առումով, որ որևէ մեկը կարող է ավելի շահավետ առաջարկ անել, և այդ դեպքում դու պարզապես հայտվում ես ճաշացանկում…:

Արարատ Միրզոյան: Դա հենց այն է, ինչի մասին ես խոսում եմ:

Զբիգնև Պիսարսկի:  Եվ փոքր երկրների համար նման անցումային հարաբերությունների փուլում գտնվելն իսկապես վտանգավոր է։ Ներեցե՛ք, սա պարզապես պարզաբանում էր։

Արարատ Միրզոյան: Ներեցե՛ք, եթե ես ավելորդ շփոթություն ավելացրի։ Սակայն այո՛, Դուք ճիշտ եք։ Շատ իրադարձություններ են տեղի ունենում Եվրոպայի ռազմավարական հարևանությունում։ Եվ այո՛, կարող ենք սկսել Միացյալ Նահանգներից։ Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի և նրա անդամ երկրների ամենաուժեղ դաշնակիցը, գործընկերն այսօր որոշակիորեն, իսկ երբեմն էլ էականորեն, կարող է տարբերվող կարծիքներ ունենալ ամենակենսական հարցերի շուրջ։

Կարծում եմ՝ սա, և կրկին նշեմ՝ դիտարկելով որպես դիտորդ, ստիպում է ԵՄ-ին վերանայել բազմաթիվ մոտեցումներ։ Օրինակ՝ մեծացնել իր ինքնիշխանությունը, ձևավորել ինստիտուտներ, որոնք կարող են ԵՄ-ին, որպես միություն, հավելյալ հավելյալ վստահություն հաղորդել:

Եթե նայենք դեպի արևելք, Եվրոպան իր համար մեծ ռիսկեր է տեսնում Ուկրաինայի պատերազմի համատեքստում։ Վերջերս եղան նորություններ օդային տարածքի խախտման մասին։ Շատ բաներ են տեղի ունենում ԵՄ-ի շուրջ, և կան բազմաթիվ կարևոր հարցեր, որոնք առնվազն պետք է վերաիմաստավորվեն և վերագնահատվեն։

Բայց չեմ ցանկանում կենտրոնանալ միայն բացասականի վրա։ Աշխարհում նաև դրական գործընթացներ են ընթանում։ Եվ այստեղ կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասին, Հայաստանին։ Վերջերս մենք խաղաղություն հաստատեցինք Ադրբեջանի հետ, որի հռչակումը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Խաղաղության հռչակագիրը ստորագրվեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, իսկ այդ գործընթացի ականատեսն ու ստորագրողը նաև նախագահ Թրամփն էր։

Միաժամանակ մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, նախաստորագրեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը։ Մենք համաձայնության ենք եկել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները ճանաչելու հարցում։ Մենք պայմանավորվել ենք ընդհանուր սկզբունքների շուրջ, որոնց շրջանակներում պետք է ապաշրջափակվի երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքը։ Սա ասում եմ ցույց տալու համար այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումն ու խաղաղության հաստատումը ոչ միայն ապահովում են կայունություն կամ վերացնում են ԵՄ անմիջական հարևանությամբ առկա «մոխրագույն գոտի», այլև ստեղծում են նոր տնտեսական և առևտրային հնարավորություններ։

Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում՝ ԵՄ-ի համար: Սակայն, կրկին, դրանով չի սահմանափակվում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, նվազեցնել կախվածությունն այլ խոշոր մայրաքաղաքներից և մեզ հնարավորություն է տալիս ունենալ, օրինակ, առանձնահատուկ արտաքին քաղաքականություն։ Կոնկրետ օրինակ բերեմ․ Հայաստանում մենք Ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որը ԵՄ-ին անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն  ։ Այսինքն՝ մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, և այժմ արդեն ԵՄ գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն։ 

Զբիգնև Պիսարսկի. Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ կովկասյան տեսակետը ներկայացնելու համար։

(...)

Բենժամեն Հադադ. Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, որը նախաստորագրվել է ԱՄՆ վարչակազմի օժանդակությամբ։ Կարծում եմ՝ սա փաստացի վկայությունն է այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մեծ խիզախություն է ցուցաբերել՝ գտնվելով վերջին տարիներին շատ բարդ իրավիճակում և շարունակելով հաստատակամորեն ներգրավվել դիվանագիտության մեջ ու որոնել խաղաղություն, ինչպես նաև շարունակել բարեփոխումներն, աջակցությունը ժողովրդավարությանը և կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս հարցում Փաշինյանի կառավարությունն իսկապես արժանի է գովասանքի։ Մենք պարբերաբար կապի մեջ ենք Հայաստանի կառավարության հետ, նախագահ Մակրոնը՝ վարչապետ Փաշինյանի հետ, և մենք պատրաստ ենք աջակցել այս խաղաղության պայմանագրի իրագործմանը։

(...)

Զբիգնև Պիսարսկի. Ես ցանկանում եմ անդրադառնալ Վրաստանին, որը մեծ հույս էր Եվրոպայի համար՝ Վրաստանի ապագայի, Վրաստանի եվրոպականացման առումով։ Ես հիշում եմ, երբ նախագահ Սահակաշվիլին այստեղ՝ Վարշավայի անվտանգության ֆորումում, ստանում էր Ազատության ասպետի մրցանակը։ Իսկ ի՞նչ դասեր կարող է Հայաստանը քաղել Վրաստանի պատմությունից, ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի օգնենք ձեզ խուսափելու այն սխալներից, որոնք Վրաստանը կամ մենք թույլ տվեցինք, այն սխալներից, որոնց հետևանքով Վրաստանը հայտնվեց իր ներկա իրավիճակում։ Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի օգնենք ձեզ ապահովել ժողովրդավարական Հայաստանի և Եվրոատլանտյան Հայաստանի ապագան։

Արարատ Միրզոյան.Փաստն այն է, որ ոչ ոք չի չեղարկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ էլ ԵՄ-ն։ Հետևաբար, փաստն այն է, որ Վրաստանը ԵՄ թեկնածու է։ Մնացածը՝ մեկնաբանության, շարունակական քաղաքական գործընթացների հարց է, որոնք կարող են մի օր փոխվել, բայց ռազմավարական առումով կարգավիճակը կա։

Հետևություն Հայաստանի համար. ես մեծամասամբ կհամաձայնեմ Լիտվայի իմ գործընկերոջ հետ՝ մենք չպետք է կորցնենք պահը։ Երբեմն, և այստեղ կրկին, մեղմ քննադատություն, մենք չպետք է թույլ տանք, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։

Քաղաքականությունն այն ոլորտն է, այն ճանապարհը, որտեղ մենք՝ մեր ժողովուրդները, մեր երկիրը, պետք է որոշումներ կայացնենք։ Քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։ Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, մենք ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, մենք բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, մենք կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք։

Այսպիսով, այո, մենք պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական։ 

Բայց կա մի նրբերանգ, որին կուզենայի անդրադառնալ, եթե թույլ տաք։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդությունը կամ աջակցությունը մրցակցության հարց չէ։

Ի նկատի ունեմ, որ գործընթացը երկար էր, բանակցությունները տևեցին մի քանի տարի։ Ներգրավված էին քաղաքական առաջնորդներ։ Նախագահ Մակրոնը կազմակերպեց հանդիպում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում՝ Պրահայում։ Դա տեղի ունեցավ մի քանի տարի առաջ՝ հոկտեմբերի 6-ին, և հենց այդ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց հիմնարար համաձայնություն, համաձայնություն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը, իր հերթին, նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած սահմանները վերաճանաչվում են որպես ներկայիս Հայաստանի և ներկայիս Ադրբեջանի սահմաններ։ Սա հանդիսացավ անկյունաքարային իրադարձություն, ձեռքբերում։

(...)

Զբիգնև Պիսարսկի. Հաջորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանո՞ւմ է անցկացվելու:

Արարատ Միրզոյան. Այո՛, և սա ասում եմ նաև ցույց տալու համար, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը շատ կարևոր մեխանիզմ է, շատ կարևոր հարթակ, և մենք հպարտ ենք ասելու, որ հաջորդը տեղի է ունենալու Հայաստանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին։ Մենք բոլորիդ կսպասենք այնտեղ։

Զբիգնև Պիսարսկի. Շատ շնորհակալ եմ բոլորին։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս քննարկումը պետք է շարունակենք Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի կամ «Երևանյան երկխոսության» ընթացքում, որի գործընկերն է «Պուլասկի հիմնադրամը»։ Ուստի, մենք հրավիրում ենք բոլորիդ այցելել Երևան, և կարծում եմ՝ դա կլինի ոչ միայն քայլ, այլև ապացույց, որ մենք բաց ենք մեր հարևանների համար և աջակցում ենք նրանց, հատկապես այն ժամանակ, երբ նրանք համարձակ քայլեր են անում դեպի Եվրատլանտյան համայնք՝ կիսելով նույն արժեքները։

Եվ կարծում եմ՝ սա է մեր դերը՝ չթողնել նրանց միայնակ այս ջանքերում, որովհետև դա դժվար և բարդ ճանապարհ է, և նրանք կարիք ունեն մեր քաղաքական ու այլ կերպ աջակցության։ Շատ շնորհակալություն, և հուսով եմ, որ դուք կմիանաք ինձ՝ մեր հրաշալի բանախոսներին ծափահարելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter