HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը. Կոնգրեսին չի հաջողվել հաստատել նոր ֆինանսական տարվա բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել ընդունել հոկտեմբերի 1-ից սկսվող ֆինանսական տարվա բյուջեն։ Դա նշանակում է, որ կառավարության աշխատանքը մասամբ դադարեցվել է։

Ֆորմալ առումով կառավարությունը միջոցներ չունի պետական ծառայողների աշխատանքի վարձատրության համար։ Պետական պաշտոնյաների մեծ մասը (մոտ 750 հազար մարդ), այսպես կոչված, շաթդաունի ժամանակ, կգնա չվճարվող արձակուրդի։ Կրիտիկական նշանակության կառույցների աշխատակիցները, այդ թվում՝ զինվորականները և առողջապահության ոլորտի բուժաշխատողները, շաթդաունի ժամանակ կաշխատեն առանց աշխատավարձի:

1981 թվականից ի վեր ԱՄՆ կառավարության աշխատանքը դադարեցվել է 15 անգամ: Այդուհանդերձ, վերջին 6 տարվա ընթացքում սա առաջին շաթդաունն է:

CNN-ը նշում է, որ յուրաքանչյուր շաթդաուն ունի իր առանձնահատկությունները, սակայն, որպես կանոն, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի պաշտպանությունն ապահովող կառույցները շարունակում են գործել: Ընդ որում, կառավարության աշխատանքի կասեցումն ազդում է, օրինակ, Կոնգրեսում նախաձեռնությունների քննարկման ընթացքի վրա, քանի որ բյուջեի ընդունումը դառնում է նիստերի գլխավոր թեման:

Դեռ նախօրեին Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, մերժեց կառավարության ֆինանսավորման վերաբերյալ Դեմոկրատական կուսակցության օրինագիծը, իսկ ավելի ուշ չկարողացավ ընդունել Հանրապետական կուսակցության օրինագիծը։ Չնայած Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները, նրանց թիվը բավարար չէ որոշումն ընդունելու համար։

Սպիտակ տունը շաթդաունի մեջ մեղադրում է դեմոկրատներին։

«Թե որքան ժամանակ դեմոկրատները կշարունակեն մնալ իրենց այս անհաջող դիրքորոշմանը, պարզ չէ, և, հետևաբար, դժվար է կանխատեսել շաթդաունի տևողությունը»,- ասված է Սպիտակ տան կառավարման և բյուջեի հարցերով բյուրոյի հայտարարության մեջ, որտեղ ոչ մի խոսք չկա հանրապետականների մասին։

Չնայած բյուջետային հակասությունները սովորական երևույթ են ամերիկյան քաղաքականության մեջ, այս անգամ ծախսերի համար պայքարը հատկապես լարված է՝ հաշվի առնելով, որ վերջին ինը ամիսների ընթացքում Թրամփը հետևողականորեն կրճատել է դաշնային իշխանությունների աշխատակազմն ու ծախսերը:

Դեմոկրատները կոչ են անում երկարաձգել հարկային արտոնությունները, որոնք առողջության ապահովագրությունն ավելի մատչելի են դարձնում միլիոնավոր ամերիկացիների համար (այդ արտոնությունների ժամկետը լրանում է) և չեղարկել Թրամփի կողմից ձեռնարկված Medicaid-ի կրճատումը: 

Նրանք նաև դեմ են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) ու Առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) ծախսերի կրճատմանը:

Լուսանկարը՝ Al Drago/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter