
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազննման ժամանակ, մեքենայի հետնամասում նկատվել է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն թաքստոց։
«Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խորը զննման անգար։ Մաքսային սպասարկման և հսկողության 2-րդ բաժնի Մաքսային ծառայողների կողմից իրականացված խորը զննության արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված և հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել են 78 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր: Այսպես, քաղաքացին փորձել է ապօրինի բեռը ներմուծել Հայաստանի Հանրապետություն՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և խուսափելով առաջացող պարտավորություններից։
Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը:
Դեպքի առնչությամբ, Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել