
2026 թ․-ից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը. ԱՆ նախարար
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը։
«Թեման` մարզային առողջապահություն և առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքը:
«Մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու, ավելին` շարունակելու ենք կառուցել, վերակառուցել ու վերազինել: Փոփոխությունը զուտ վարչական ու կառավարչական է լինելու»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը վստահեցրել է, որ բոլոր համայնքների բնակիչները շարունակելու են բուժսպասարկում ստանալ իրենց իսկ համայնքում և այն նույն շենքում, որտեղ մինչև այս պահը գործում են այդ բուժհաստատությունները:
«2026 թվականից փուլ առ փուլ ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրությունը»,- վստահեցրել է նախարարը. այն արդեն ներառված է 2026 թվականի պետական բյուջեում:
Ասուլիսին Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության հետ կապված մանրամասները` թե ովքեր են լինելու առաջին փուլով ապահովագրվողները, որքան է արժենալու ապահովագրության բազային փաթեթը, ինչպես են ընտրվել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում գործելու է ապահովագրությունը, ով է փոխհատուցելու սոցիալական խմբերի ապահովագրության գումարը:
Նախարարը կարևորել է առողջապահական ծրագրերի ու բարեփոխումների մասին հասարակությանն իրազեկելու գործում լրագրողների դերը` պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ կապը պահել բոլոր լրատվամիջոցների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել