
Պաշտոնատար անձինք մեղադրվում են 4,5 մլն դրամի հափշտակության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, կատարել են խոշոր չափերով՝ 4501550 դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:
«Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի կարիքների համար տարբեր ապրանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով ներկայացված գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների և ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավել գումարներ, որոնք վերջիններիս կողմից կանխիկացվել և փոխանցվել են վերը նշված պաշտոնատար անձանց:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել և գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն նշված պաշտոնատար անձինք կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրությունների մեջ մտցրել են տվյալ ծառայությունը մատուցված լինելու կամ ապրանքը առաքված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել