
«Նժար» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Նժար» սահմանադրական շարժման մամուլի ասուլիսը։ Շարժման անդամ Արտաշես Իկոնոմովը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։
«Իրավապաշտպան գործունեության 25 տարիների ընթացքում նա ապացուցել է իր սկզբունքայնությունը, անկոտրում կամքը, ճնշումներին ու սպառնալիքներին դիմակայելու վճռականությունը»,– ասաց Իկոնոմովը։
Կարապետյանցը շնորհակալություն հայտնեց շարժման անդամներին՝ իր նկատմամբ դրսևորված վստահության համար։
«Ես լիովին գիտակցում եմ, որ սա ոչ թե անձնական հավակնությունների, այլ ազգային միասնության ու համախմբման հարց է։ Հայաստանը կանգնած է վճռորոշ ընտրությունների առաջ։ Մենք բոլորս գիտենք, որ երկիրն այլևս չի կարող շարունակել ներկայիս ճգնաժամային ուղով։ Ժողովուրդը պետք է ստանա Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունը և վերականգնի վստահությունը սեփական պետության նկատմամբ»,– ասաց Կարապետյանցը։
Նա նաև ներկայացրեց շարժման հռչակագիրը և կոչ արեց բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերին միավորվել դրա երեք հիմնարար դրույթների շուրջ․
1. Պետական խորհուրդ: Առաջարկում ենք նախագահի ինստիտուտը փոխարինել կոլեգիալ, անկուսակցական բարձրագույն իշխանությամբ, որը կվերացնի սուպերվարչապետական լիազորությունները, սա կկանխի իշխանության մենաշնորհը և կերաշխավորի երկարաժամկետ լեգիտիմություն:
2. Թվային պետություն։ Պետական կառավարման բոլոր գործառույթները պետք է դառնան թափանցիկ և մատչելի։ Քաղաքացին պետք է վայելի ոչ միայն ծառայությունների արագություն, այլ նաև վստահություն, որ պետությունը ծառայում է նրա շահերին, ոչ թե շահագործում է տվյալները։
3. Համապարփակ անվտանգային համակարգ: Հայաստանը պետք է ապահովի իր պաշտպանությունը ոչ թե արտաքին երաշխիքների, այլ սեփական ուժերի, կազմակերպվածության վրա հիմնվելով: Անվտանգությունը ներառում է ռազմական, քաղաքական, տեղեկատվական, տնտեսական և սոցիալական բաղադրիչներ։
«2026 թվականի ընտրությունները լինելու են ոչ թե հերթական քաղաքական մրցակցություն, այլ պատմական հանրաքվե՝ Հայաստանի ապագայի շուրջ։ Ժամանակն է միավորվել, ժամանակն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին»,- իր ելույթն ամփոփելով՝ նշեց Կարապետյանցը։
Մեկնաբանել