
2025-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ին է վերադարձվել 10.3 մլն դոլարին համարժեք անշարժ գույք, 2 մանկապարտեզ և 1 մարզադաշտ․ Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը։
«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է 2025 թվականի օգոստոսի 5-ին` Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվելու արդյունքում: «Հայցապահանջով խնդրել էինք դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2003 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ», - նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում, միայն պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել է շուրջ 10 միլիոն 276 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 3 միլիարդ 933 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի և 1 մարզադաշտի տարածք, բռնագանձվել է 654 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 249 միլիոն դրամ:
Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչ օրս (գործարկման օրվանից սկսած)՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել