HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՔՊ-ն ԱԺ օրակարգ է բերել մի հայտարարության նախագիծ, որը Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է». «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից արտահերթ նիստի օրակարգ բերված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծի մասին։

«ՔՊ-ն հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ է բերել մի հայտարարության նախագիծ, որը Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է:

Հայտարարության նախագիծը ոչ միայն առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այդքան անհրաժեշտ է մեր երկրին։ Այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության  նվազագույն պահանջներին:

ՔՊ-ն առաջարկում է բարձր գնահատել Ադրբեջանի հետ Վաշինգտոնում  ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք եթե անգամ ստորագրվեն, միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի և ՀՀ սահմանադրության համաձայն, դեռ պետք է անցնեն ներպետական ընթացակարգեր, մինչդեռ անտեսելով այս պահանջը՝ ՔՊ-ն շարունակում է պետական ինստիտուտները զավթելու իր քաղաքականությունը:

Հայտարարությունում, ինչպես նաև Վաշինգտոնում ընդունված որևէ համաձայնությունում տեղ չեն գտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջները:

Սա հերթական  նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Մերժելով այս վարքագիծը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հակահայկական օրակարգի քննարկմանը։ Այս հայտարարությունը բացառապես ՔՊ-ինն է և չի արտահայտում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական կամքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter