
«ՔՊ-ի խաղաղության նախագիծը միակողմանի զիջումների մասին փաստաթուղթ է»․ «Պատիվ ունեմ»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից արտահերթ նիստի օրակարգ բերված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծի մասին։
««Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը:
Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին:
Միաժամանակ պետք է ընդգծել, որ վաշինգտոնյան պայմանավորվածությունների հրապարակած տեքստերի և իրական քաղաքական գործընթացների միջև առկա է խզում, որի դրսևորումներից է՝ իշխող ուժի ղեկավարի ու ԱՄՆ նախագահի հայտարարությունների հակասությունը:
Ինչ վերաբերվում է կոնկրետ վաշինգտոնյան պայմանավորվածություններին, որի հիման վրա է կազմվել է ԱԺ հայտարարության նախագիծը, ապա սրա հետ կապված վերահաստատում ենք մեր ավելի վաղ մեր հնչեցրած դիրքորոշումը.
«Խիստ մտահոգված ենք Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հուշագրով՝ այն դիտարկելով որպես ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո՝ Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ:
Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։
Մասնավորապես՝
- Հուշագիրն արտահայտում է բացառապես Ադրբեջանի, Թուրքիայի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակադրություններով առաջնորդվող երկրների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի կենսական, անվտանգային շահերի։
- Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
- Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։
- Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
- Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։
- Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։
- Փաշինյանի վարչակազմի կողմից հայ-ռուսական դաշնակցային կապերին միակողմանիորեն հասցված հարվածը՝ առանց իրատեսական այլընտրանքներ ապահովելու, խախտում է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ինչը պետության համար հղի է նոր սպառնալիքներով ու մարտահրավերներով։
- Ինչպես այլ կարևոր փաստաթղթերի, այնպես էլ այս հուշագրի բովանդակությունը թաքցված է եղել ՀՀ քաղաքացիներից և Ազգային ժողովից։ Կենսական կարևորության որոշումները չեն կարող կայացվել երկրի ներսում լեգիտիմություն չունեցող ռեժիմի կողմից։
- Անկասկած է, որ ներկայիս զարգացումները Հայաստանում իշխող վարչախմբի և նրա պարագլխի՝ ամեն գնով, այդ թվում՝ ազգային, պետական շահերի ոտնահարմամբ և գեոպոլիտիկ արկածախնդրությամբ, վերարտադրվելու հիվանդագին, հակապետական եւ հակաժողովրդական մոլուցքի հետեւանք են։
- Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որեւէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն եւ արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաեւ Հայասսանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման գործիքակազմը եւ կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը։
Հստակ գիտակցելով տվյալ գործընթացից բխող հետագա մարտահրավերները և գնահատելով առկա իրավիճակի անհրաժեշտ գործողությունները, պահանջում ենք՝
ա)օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:
բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ:
գ) Արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանումն արձանագրել որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության գործընթացի բաղկացեւցիչ մաս:
դ) իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային անվտանգության երաշխիքներ և իրատեսական մեխանիզմներ սահմանել Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև մեր քաղաքացիների խաղաղ զարգացման ու կենսական շահերի ապահովման համար:
Հաշվի առնելով վերոգրյալը, մենք մերժում ենք գործող կառավարիչների քաղաքական և դիվանագիտության ձախողումների արդյունքում, միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը:
Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ մենք չենք կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը»։
Մեկնաբանել