
Հայաստան-Գերմանիա նոր տեխնիկական համագործակցություն․ 15,6 մլն եվրոյի ծրագրեր կրթության, էներգետիկայի և համայնքային զարգացման ոլորտներում
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմք է ընդունվել 2023թ․ նոյեմբերի 21-ին Երևանում կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքում ստորագրված արձանագրությունը, ինչպես նաև 1998թ․ հուլիսի 27-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի դրույթները: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը․ մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6 100 000 եվրո (վեց միլիոն հարյուր հազար եվրո), Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3 100 000 եվրո (երեք միլիոն հարյուր հազար եվրո), ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300 000 եվրո (երեք հարյուր հազար եվրո):
ԳԴՀ կառավարությունը Համաձայնագրի 1-ին կետով ներկայացված՝ վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15 600 000 եվրո ընդհանուր արժեքով (տասնհինգ միլիոն վեց հարյուր հազար եվրո)։ Նշված ծրագրերի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ/GIZ):
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «5․1 «ՀՀ արտահանման ռազմավարության և կից ճանապարհային քարտեզի մշակում և իրականացում» կետից․ ԳԴՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացում՝ նպաստավոր միջավայրի ստեղծում առևտրային հարաբերությունների խթանման համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև ծրագրերի իրականացման վերաբերյալ լուսաբանման աշխատանքները և ծրագրերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար տրամադրումը:
Այս համատեքստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ գերմանահայկական հիմնադրամի կողմից հսկայական աշխատանք է կատարվում թե՛ էներգետիկ ոլորտի հետ կապված, օրինակ՝ Հայաստանում տեղադրված արևային պանելների հսկայական մասն այդ ծրագրերի արդյունք է, թե՛ փոքր ու միջին բիզնեսի հետ կապված վարկային ծրագրերը, կանանց ձեռներեցությունը և այլն: Լուսաբանման համատեքստում Մարտին Գալստյանը նաև հավելել է, որ այս ծրագրերի շահառուների համար այս տարվա ընթացքում մարզերում անցկացվում են միջոցառումներ:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր հերթին նշել է. «Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում նաև Շրջակա միջավայրի նախարարությունը երկարատև հաջող համագործակցության պատմություն ունի: Մասնավորապես՝ հենց հիմա մեկնարկում է 26 մլն եվրո դրամաշնորհային ծրագիր, որն ուղղված է կենսաբազմազանության պահպանությանը Հայաստանում, մասնավորապես՝ մեր ազգային պարկերի, արգելոցների և արգելավայրերի կառավարման պլանների մշակում և ամբողջությամբ վերազինում, նաև նորաստեղծ էկոպարեկային ծառայության վերազինում, Հայաստանի անտառային համակարգի բարեփոխում և վերազինում:
Արդեն ավարտին է մոտենում KfW բանկի հետ համագործակցությամբ նաև 8 մլն եվրո դրամաշնորհային միջոցի ծրագիրը, որը հիմնականում ուղղված էր Սյունիքում գործող պահպանվող տարածքների և հարակից համայնքների զարգացմանը, մասնավորապես՝ 7 պահպանվող տարածքներն են վերազինվել, կառավարման պլաններ են մշակվել և հարակից համայնքներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել. Մի շարք գյուղերում, օրինակ՝ Ներքին Հանդ, Շիկահող գյուղերում փոխվել են պատուհաններ, տրամադրվել են արևային ջրատաքացուցիչներ, էներգախնայող վառարաններ, Կապան համայնքում են իրականացվել աշխատանքներ, աղբահանության ոլորտում, հրշեջ ծառայության ոլորտում: Ինչպես նաև, կար Եվրոպական միությունը Սևանա լճի համար ծրագրի շրջանակներում Գերմանիայի Կառավարության համաֆինանսավորումը: Այդ ծրագիրն էլ արդեն ավարտին է մոտենում, որի շնորհիվ մենք կարողացել ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված լճի էկոհամակարգի պահպանությանը»:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է իրականացված և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ ամփոփ զեկույցի պատրաստումը, այն Կառավարության նիստում քննարկումն ու արդյունքների արձանագրումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել