HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին շնորհավորել է նրան և Գերմանիայի բարեկամ ժողովրդին ու իշխանություններին, մաղթել է բարգավաճում, խաղաղություն և նորանոր հաջողություններ:

Դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար և նշել, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում բոլոր ջանքերը ներդնում է երկու երկրների բարեկամության և գործակցության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում կարևորվել են ինչպես երկկողմ հարաբերությունների խորացումն ու զարգացումը, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցության սերտացումը։ Կողմերը նշել են, որ Հայաստանի և Գերմանիայի գործընկերությունը նպաստում է ոչ միայն քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդմանը, այլև տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների և կայունության ապահովմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին և Կենսաբազմազանության վերաբերյալ COP-17 համաժողովին։ Դեսպան Բուշը նշել է, որ գերմանական կողմի ուշադրության կենտրոնում են այս կարևոր միջազգային միջոցառումները և ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունն ու ապահովել լայն մասնակցություն:

Նախագահը և դեսպանը բարձր են գնահատել նաև Գերմանիայի կողմից տարիների ընթացքում ցուցաբերված աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների բարեփոխումների ուղղությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման և եվրոպական ինտեգրման գործընթացում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter