«Սրբազան պայքարի» գործով պաշտպանները պնդում են՝ ապացույցները կեղծված են, հանրային մեղադրողներն ասում են կեղծիք չկա
«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստին Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց 5 հանրային մեղադրողներին։ Գործով մյուս պաշտպանները ևս միացան այս միջնորդությանը։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Խուդոյանը նշեց, որ նախնական դատալսումների ընթացքում արդեն իսկ հայտարարվել է, որ քրեական վարույթում առկա են և մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել կեղծված ապացույցներ։ Ըստ պաշտպանի՝ հրապարակված ձայնագրությունները և դրանց մասին արձանագրությունները չեն համապատասխանում իրար։
«Ինչո՞ւ եմ ասում կեղծված, որովհետև նույն քննիչը ասում է, որ հաստատում է՝ լսել է երկու արձանագրությունը և ձայնագրությունը, և դա իրականությանը համապատասխանում է։ Էս արարքը կարող է կատարվել միայն դիտավորությամբ։ Հանրային մեղադրողները որևէ գործողություն չեն ձեռնարկել կեղծիքների հանգամանքները պարզելու և իրենց լիազորությունների շրջանակում արձագանքելու համար։ Ինչպե՞ս է ստացվում, որ կեղծիքով կազմված մեղադրական եզրակացությունը հայտնվել է դատարանում, և դրանց դեմ ոչ մեկ պայքարելու միտում չունի»,- ասաց Խուդոյանը։
Բագրատ Սրբազանը ևս միացավ բացարկի միջնորդությանը՝ նշելով՝ «որտեղ ձեռք չի տվել, գրել են՝ չի լսվում, որտեղ ձեռք է տվել, փոխել են»։
Ըստ Սրբազանի՝ հունիսի 28-ին, երբ ինքը երկու օր էր, ինչ կալանավորված էր, Միքայել Աջապահյանին բերել են իր խուց, և այդ օրվանից սկսած իրենց խցում գաղտնալսել են։
«Լսել են երկու հոգևորականի խոսակցություն, մեկը կարող ա մյուսի խոստովանահայրնա կամ խոստովանորդին, առանց ամաչելու մտցրել են գործերի մեջ՝ փորձելով իմանալ, թե որտեղ է այն զենք-զինամթերքը, որ չգիտեմ՝ ինչ ենք արել։ 8 ամիս լսել են, բավարար հիմք չունենալով՝ վերջին ճիգ են գործադրել, որ մեր խոսակցությունները լսեն՝ պարզելու, թե էդ թաքստոցները, զենքերը որտեղ են»,- նշեց նա։
Բագրատ Սրբազանը նաև հայտնեց, որ հանրային մեղադրողներն առնվազն նախորդ դատական նիստին տեղեկացել են, որ գործի նյութերում կան ակնհայտ կեղծիքներ, սակայն մինչ այս պահը որևէ գործողություն չի ձեռնարկվել նրանց կողմից։
«Կամ բացարձակ անտարբերություն է, կամ շատ լավ տեղեկացվածություն և դրա օժանդակություն»,- նշեց Սրբազանը՝ հարցնելով հանրային մեղադրողներին՝ կա՞ արձանագրված, որ ձայնագրությունները փորձաքննություն են անցել, եթե անցել են, ինչո՞ւ արձանագրված չէ։
Մյուս պաշտպանները ևս միացան բացարկի միջնորդությանը՝ նշելով, որ այն պետք է բավարարվի։
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն, արձագանքելով միջնորդությանը, նշեց, որ բոլոր ելույթներին չի կարող անդրադառնալ, քանի որ կային քաղաքական բաղադրիչ պարունակող պնդումներ։
«Խուդոյանը դիմեց հնագույն հնարքի, որը կոչվում էր սոփեստություն։ Քննիչը, դիտարկելով ձայնագրությունը, ներառել է եզրակացությունում այն մասը, որը գտել է վերաբերելի։ Այդ ամբողջ փաստաթղթերը վարույթին կցված են և տրամադրված են եղել ինչպես մեղադրյալներին, այնպես էլ՝ նրանց պաշտպաններին։ Այստեղ կեղծիքի մասին ընդհանրապես խոսք չկա»,- այսպես հանրային մեղադրողը մեկնաբանեց ձայնագրության և արձանագրության անհամապատասխանությունը։
Հանրային մեղադրողները դատարանին խնդրեցին միջնորդությունը մերժել։
Դատարանը, լսելով կողմերին, որոշեց մերժել պաշտպանների միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 9-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել