
Դատախազությունը նախկին ռեկտոր և պատգամավոր Վարդևան Գրիգորյանից պահանջում է փոխհատուցել 425 մլն դրամ
Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի և համալսարանի նախկին հաշվապահ Մ. Մելքոնյանի՝ մոտ 425 մլն 370 հազ. դրամ բռնագանձելու պահանջով: Դատախազությունը նշված գումարը դիտարկել է որպես պետությանը պատճառված վնաս:
Նախկին ռեկտորից խոշոր գումար բռնագանձելու պահանջը կապված է նրա՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր աշխատելու տարիների հետ: Մասնավորապես՝ ուսանողներից վարձավճարները հավաքվել են, սակայն համալսարանի հաշվին մուտք չեն եղել: Այս դեպքում, ըստ Դատախազության, Վարդևան Գրիգորյանը դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս:
Դատախազությունից պարզաբանում են, որ հայցի հարուցման համար հիմք է հանդիսացել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով Մ. Մելքոնյանի և Վ. Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
«Քրեական վարույթով հիմնավորվել է Մարիետա Մելքոնյանի և Վարդևան Գրիգորյանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին 425.369.600 դրամի վնաս պատճառելու հանգամանքը»,- հայտնում է Դատախազությունը:
Նշենք, որ Վ. Գրիգորյանը ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 2002-2016թթ.:
«Ես գիտեմ, որ այս գործը 10 տարուց ավելի ընթացքի մեջ էր: Ինձ կանչել, ասել են, որ գործը կարճվում է: Այսօր են ինձ տեղեկացրել, որ Դատախազությունը դիմել է քաղաքացիական հայցով: Այդքանից եմ տեղյակ, ուրիշ տեղեկություններ չունեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վարդևան Գրիգորյանը:
Նախկին ռեկտորը չի ընդունում, որ պետությանը վնաս է պատճառել: Նշում է, որ, երբ ռեկտորի պաշտոնը թողել է, 550 մլն դրամ գումար է թողել համալսարանի հաշվին:
«Փոքր բուհի դրամարկղում 550 մլն դրամ գումար եմ թողել և դուրս եմ եկել: Իհարկե՝ չեմ ընդունում ներկայացվածը: Ես չգիտեմ, թե ինչ պատմություն է: Եթե տվել են դատարան, կպարզվի, թե ինչ գումարների մասին է խոսքը»,- ասում է Վարդևան Գրիգորյանը:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. սեպտեմբերի 19-ին և մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տվյալներ չկան՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Մեկնաբանել