HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիսում կառուցված պահածոների գործարանը հաղթել է ՀԷՑ-ին, սակայն դատարանն անտեսել է գործարանի կրած վնասները

Մասիս քաղաքում պահածոների գործարան կառուցած «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բավարարվել է, սակայն՝ մասնակի։ Դատարանը չի բավարարել ընկերության կրած վնասների և բաց թողնված օգուտի վերաբերյալ հայցապահանջը։

Հիշեցնենք՝ Ընկերության ներկայացուցիչները դատարան էին դիմել և պնդում էին, որ ՀԷՑ-ը մինչ օրս չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, գործարանը էլեկտրական ցանցին չի միացրել, ինչի պատճառով չեն կարողացել աշխատել, մեծ վնասներ են կրել, որոնց չափն օր օրի աճում է։

Գումարի չափը գնալով աճում էր, և «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ի պահանջը հասել էր մինչև 413 մլն դրամ։ 2025թ․ մայիսին կայացած դատական նիստում ընկերության ներկայացուցիչները մասնակիորեն հրաժարվել էին դրամական պահանջից՝ խնդրելով պատասխանողից բռնագանձել 113,5 մլն դրամ, որից՝

  • 75 մլն դրամը՝ բաց թողնված օգուտի տեսքով կրած վնաս
  • 3,9 մլն դրամը՝ 05.2022-30.12.2022թթ. ժամանակահատվածում արտադրամասի վարձակալության գումար
  • 21,6 մլն դրամը՝ 01.06.2022-04.05.2023թթ. ժամանակահատվածում կատարված լիզինգային վճարումների գումար
  • 12 մլն դրամը՝ հայցվորի առօրյա ծախսեր
  • 770,000 դրամը՝ տույժի գումար

Հիշեցնենք՝ 2021թ․ ռուսաստանաբնակ հայ գործարարների հիմնադրած «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն Մասիսում նոր գործարան էր կառուցել՝ ներդնելով 700 մլն դրամ: Գործարանը նախատեսվել էր 500 տոննա ձկան և 4000-5000 տոննա միրգ-բանջարեղենի վերամշակման համար:

Գործարանը փաստացի պատրաստ էր շահագործման, սակայն չէր գործարկվում, քանի որ ՀԷՑ-ը սպառման համակարգն էլեկտրական ցանցին չէր միացրել:

2022թ. փետրվարի 15-ին ընկերությունը ՀԷՑ-ի հետ պայմանագիր էր կնքել էլեկտրացանցին միանալու և էլեկտրաէներգիա ստանալու համար: Համաձայն այդ պայմանագրի` ՀԷՑ-ը մինչև 2022թ. մայիսի 16-ը պետք է գործարանը միացումներ էլեկտրացանցին: Սակայն, գործարանը էլեկտրաէներգիայի ցանցին չէր միացվել, և ՀԷՑ-ը գործարանին էլեկտրաէներգիա չէր մատակարարում:

«Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն գրավոր դիմումներ էր ուղղել ՀԷՑ-ին` խնդրելով կատարել ստանձնած պարտավորությունները: Պատասխաններ չստանալով` ընկերությունը դիմել էր նաև պատկան մարմիններին։

Ի վերջո, ՀԷՑ-ը, խախտելով պայմանագրի ժամկետները, անցկացրել էր մալուխները, սակայն ընկերության տնօրինությունը պարզել էր, որ դրանք չեն համապատասխանում նախագծին. նախագծով նախատեսվում էր 97 մետր մալուխն անցկացնել առանց կցոնների, մինչդեռ ՀԷՑ-ը 10 կՎ մալուխը սպառման ցանցին միացրել էր 3 կցորդով:

Որպեսզի հոսանքի գիծն աշխատի, Քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պետք է դրա գործարկման դրական եզրակացություն տա: Սակայն տեսչական մարմինը բացասական եզրակացություն էր տվել: 

Այդպիսով, 2022թ․ նոյեմբերին «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Եվ վերջապես 3 տարի անց, դատարանը վճռել է հայցը բավարարել, սակայն, ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի։

  • Դատարանն արգելել է ՀԷՑ-ին կատարել այն բոլոր աշխատանքները, որոնք չեն բխում նախագծից, անվտանգության նորմերից:
  • Պարտավորեցրել է ՀԷՑ-ին սեղմ ժամկետում կատարել պայմանագրային պարտավորությունները՝ ապահովել «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊ ընկերությանն էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը, սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին:
  • ՀԷՑ-ից հօգուտ «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ին բռնագանձել 3 մլն 670 հազար դրամ, որից 2,9 մլն դրամը՝ որպես վնասի հատուցում, իսկ 770 հազարը՝ որպես 05.2023 թվականի դրությամբ հաշվեգրված տույժի գումար:
  • ՀԷՑ-ից հօգուտ «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ի բռնագանձել տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2200՝ սկսած 05.2023 թվականից մինչև պարտավորության կատարումը, բայց ոչ ավելի, քան 1 մլն 430 հազար 500 դրամ։

Դատավոր Ղազարյանը հայցը մնացած մասով մերժել է։ դրամական պահանջի մասով գործի վարույթը կարճել է։ Իսկ «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ից որոշել է պետական բյուջե բռնագանձել 12,3 մլն դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

«Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչներն այս վճռից խիստ դժգոհ են։ Նրանք պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որովհետև ընկերությունն այս երեք տարվա ընթացքում վճարել է վարկերի, լիզինգային պարտավորությունների, վարձակալությունների գումարներ, սակայն դրանք որևէ կերպ չեն փոխհատուցվել։ Ավելին, ունեն պարտավորություններ կնքված պայմանագրերի հիման վրա, սակայն ՀԷՑ-ի պատճառով չեն կարողացել իրականացնել դրանք։ Հետևաբար, պնդում են, որ դատարանը օբյեկտիվորեն չի գնահատել բոլոր ապացույցները, կայացրել է կողմնակալ դատական ակտ։

Դատարանի վճիռը «Պրեմիում ֆուդ Լ» ՍՊԸ-ն ստացել է օրերս, չնայած դատարանն այն թվագրել է որպես հուլիսին կայացրած ակտ և երկար ժամանակ իրենց չի ուղարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter