
ՀԱՄԱՍ-ը արձագանքել է Թրամփի պլանին. խմբավորումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի պատանդներին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատասխանել է Գազայի հատվածում խաղաղ կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին։ Այդ մասին հայտնում են Reuters-ը, Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը և կատարական Al Jazeera հեռուստաընկերությունը։
Վերջիններիս տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմը համաձայնել է.
- ազատ արձակել իսրայելցի կենդանի բոլոր պատանդներին և զոհվածների մարմինները հանձնել Թրամփի պայմաններին համապատասխան,
- անմիջապես բանակցություններ սկսել միջնորդների միջոցով՝ ծրագրի մանրամասները քննարկելու համար,
- Գազայի հատվածի կառավարումը հանձնել Պաղեստինյան կոմիտեին:
«Մենք գնահատում ենք պատերազմը դադարեցնելու ուղղությամբ նախագահ Թրամփի ջանքերը»,- ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը մեջբերել է Axios-ի լրագրողը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մյուս հարցերը «լուծվելու են պաղեստինյան համապարփակ ազգային կառույցի շրջանակներում, որին մասնակցելու և իր պատասխանատու ներդրումն է ունենալու ՀԱՄԱՍ-ը»:
ԱՄՆ-ն սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դադարեցնելու Դոնալդ Թրամփի ծրագիրը: Այն նախատեսում է Գազայի հատվածում արտաքին կառավարման ժամանակավոր ներդրում, իսրայելական զորքերի փուլային դուրսբերում, իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում:
Իսրայելը և մյուսները երկրներ գրեթե անմիջապես իրենց աջակցությունը հայտնեցին այս ծրագրին: ՀԱՄԱՍ-ը մինչ օրս չէր հայտնել իր դիրքորոշման մասին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, Թրամփը, պաղեստինյան այս շարժման լռության ֆոնին, մինչև այս շաբաթվա վերջ վերջնաժամկետ էր տվել Գազայի հատվածում գործարք կնքելու համար:
Լուսանկարը՝ ABC News-ից
Մեկնաբանել