Հոկտեմբերին Աջափնյակի բնակիչներին կհանձնվի նոր հանգստի գոտի
Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին:
Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր:
Ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող Աջափնյակ վարչական շրջանը ևս շուտով կունենա իր հանգստի կենտրոնը: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող, շուրջ 1.6 հա տարածք զբաղեցնող հատվածում կառուցվող նոր հանգստի գոտու աշխատանքներին:
Տասնյակ տարիներ անխնամ մնալուց հետո Հանրապետական հիվանդանոցի հարակից այս տարածքը կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Ընդառաջելով բնակիչների խնդրանքին՝ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հանգստի գոտու վերակառուցումն ընդգրկվեց քաղաքապետարանի 2012թ. ծրագրերում:
Վերակառուցման աշխատանքների արդյունքում այս հոկտեմբերին բնակիչներին կհանձնվի լողավազանով, ժամանակակից խաղային ատրակցիոններով, նստարաններով, փակ և բաց զրուցարաններով կահավորված հանգստի յուրօրինակ գոտին:
Հանգստի գոտու համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում կառուցվում են նոր մայթ-արահետներ, սալապատվում են փողոցների կողմից դեպի այգու մուտքերը տանող արահետները, անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց: Տարածքում գերակշիռ մաս կկազմեն կանաչ տարածքներն ու նոր սիզամարգերը, ինչի նպատակով ամբողջությամբ վերակառուցվում է ոռոգման համակարգը:
Արդեն թարմացվել և վերակառուցվել են տարածքում առկա երկհարկ հենապատերը: Ամբողջությամբ վերակառուցվում է նաև շուրջ 3000 քմ ջրային մակերես ունեցող, քայքայված ջրավազանը:
Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
Աջափնյակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում իրենց խնդրանքը չմերժելու համար: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել