HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բողոքի զանգվածային ալիք Թբիլիսիում. ցուցարարները փորձել են գրավել նախագահական պալատը

Թբիլիսիում իրավիճակը խիստ անհանգիստ է, ինչը պայմանավորված է այսօր այդ երկրում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։ 

Բողոքի ակցիայի մասնակիցներն անցել են Ռուսթավելի փողոցով և ակցիան շարունակվել է Ազատության հրապարակում։ Երևանի ժամանակով մոտ 19:00-ին ցուցարարները շարժվել են դեպի նախագահական պալատ։

Paper Kartuli-ն նշում է, որ Վրաստանի մայրաքաղաքում ցուցարարները կոտրել են Ատոնելի փողոցում գտնվող նախագահական պալատի (առավել հայտնի է որպես Օրբելիանի պալատ) ցանկապատը և մտել բակ։ Դրա հետևանքով բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանական ուժերը կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Ինչպես հայտնում է Tbilisi life տելեգրամյան ալիքը, նախագահական պալատի ցանկապատ բարձրացած ցուցարարների թվում եղել է 75-ամյա օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն։

Բլոգեր Նիկոլայ Լևշիցը հայտնել է, որ ոստիկանական ուժերի գործողությունների հետևանքով կան տուժածներ։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ «բողոքի ակցիան դուրս է եկել օրենքով նախատեսված հավաքի և ցույցի շրջանակներից»։

«Կազմակերպիչների կողմից հնչել են բռնության կոչեր։ Ակցիայի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և թույլ չտալ իրավիճակի սրում»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատի մոտ տեղի ունեցածն անվանել է «կեղծիք» և «վարչակարգի բեմադրություն», որը նպատակ ունի «վարկաբեկել բողոքի ակցիաները»։ Վրաստանի նախկին նախագահը, վրացական ընդդիմության հետ միասին, չի ընդունում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որի ժամանակ հաղթել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Զուրաբիշվիլին չի ընդունում նաև 2024 թվականի դեկտեմբերին Վրաստանի նոր նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի ընտրությունը և շարունակում Է իրեն համարել երկրի օրինական ղեկավար։

Վրաստանում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունենում այսօր՝ հոկտեմբերի 4-ին, երկրի ողջ տարածքում։ «Վրացական երազանք»-ը, չսպասելով արդյունքների պաշտոնական ամփոփմանը, հայտարարել է իր հաղթանակի մասին։ «Imedi» հեռուստաընկերության էքզիթ-փոլերի տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն վերընտրվել է։ Վերջինս ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Վրացական ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխող կուսակցությունն այդ ժամանակ հայտարարել էր իր հաղթանակի մասին։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, իսկ «Վրացական երազանք»-ը ձգտում է երկրում հաստատել բռնապետություն։

Լուսանկարը՝ Giorgi Arjevanidze/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter