
«Բայկը չի թողնում, որ բայկերը ծերանա»,- ասում է 58-ամյա գյումրեցի Մարտինը
«Ես օր մոտոյով Լեննագան ման գուկամ, ոչ թե մոտոյիս կնայեն, այլ ընձի»,- 58-ամյա Մարտին Մանուկյանն առավել հասկանալի լինելու համար ցուցադրում է սաղավարտի այն տեսակը, որն ինքը սովորաբար կրում է մոտոցիկլետ վարելիս: Օդաչուի գլխարկ, ակնոցներ, շնչառությունն ապահովող դիմասարք, կաշվե բաճկոն ու ձեռնոցներ. կատարյալ մի կերպար, որ տեսնողին հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող ֆիլմերի գերմանացի սպաներին:
Մարտինն իր առաջին մոտոցիկլետը ձեռք է բերել 1975թ. ու մինչև օրս չի կարողանում հրաժարվել երկաթե նժույգից:
«Մոտոցիկլիստին տարիք չպիտի հարցնես, մոտոցիկլետ քշողը հոգով միշտ ջահել է: Մարդու տարիքը կարող է տրանսպորտի մեջ նկատես, օր տեղդ զիջես, հերթի մեջ առաջ թողնես, բայց մոտո քշողները հավասար են: Ըստեղ տարիքի խնդիր չկա, բայկերը կքշե էնքան, ինչքան որ Աստված իրան օր կուտա ապրելու,- ասում է Մարտինն ու շարունակում:- Առաջին մոտոս «Յավա» /Jawa/ էր, 70-ականների ամենապրեստիժնի մոտոն էր: Սովետականից հետո չեխական ֆիրմայի մոտոն, ինչխ ըսած, էն ժամանակվա Լեննագանի մեջ ճոխություն կհամարվեր»:
Մարտինը պատմում է, որ այդ տարիներին նմանատիպ շքեղություն համարվող տրանսպորտային ևս երկու միջոց կար Գյումրիում՝ ամերիկյան սպիտակ «Ֆորդ» և ֆրանսիական «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:
![]() |
Մարտին Մանուկյան |
««Ֆորդը» մանկավարժական ինստիտուտի ռեկտորն էր բերել: Ըդիկ օր փողոց դուրս գուկար, սաղ, իրանց գործը թողած, կնայեին էդ ավտոյին: Դրանից հետո քաղաք բերին մի հատ «Ռենո», որը Պաբեդա փողոցի վրա կկանգներ, «Ֆանտոմաս» ֆիլմի հերոսի ավտոյից էր: Էդ էլ յուրահատուկ մե բանմ ուներ, օր կանգնած տեղը ամորտիզատորները կթողար, ինքը կիջներ ներքև, հենց խոդի կուտային, կբարձրանար, օր էրթար: Ըդուր համար մարդիկ տաքսով ետևից կֆռռային, օր տեսնեին՝ ուրդեղ կանգնավ, ուրդեղ իջավ, ուրդեղ ելավ, օր էրթային պատմեին մյուսներին,- 70-ականներն է հիշում Մարտին Մանուկյանը:- Ըշտը չեխական մոտոն էլ մոտավորապես էդ տիպի մե բանմ էր էդ տարիներին»:
Հետագայում Մարտինը «Յավան» փոխարինում է չեխական արտադրության «Չեզետ» /CeZet/ մոտոցիկլետով, որն այնուհետև վաճառում է՝ ընտանիքի անդորրը չխաթարելու համար: Մանուկյանների ընտանիքում երկու երեխա էր մեծանում: Տղան՝ Սուրենն, արդեն սկսել էր հետաքրքրվել մոտոցիկլետով և հորից թաքուն ավտոտնակից երբեմն հանում էր այն, փորձեր անում քշելու: 14-ամյա պատանուն վտանգից հեռու պահելու նպատակով՝ Մարտինը ստիպված վաճառում է մոտոցիկլետը:
![]() |
![]() |
«Յավա» | «Չեզետ» |
«4-5 տարի չեմ քշել, բայց օր փողոցով կանցնեի ու մի հատ մոտոցիկլի ձեն կլսեի, անպայման պիտի կանգնեի, տեսնեի անցնող մոտոցիկլը, նոր շարունակեի ճանապարհս: Միաժամանակ, ում օր իմ մոտոս վաճառել էի, քաղաքի որ ծերից գուզե էղներ, ձենն օր կլսեի, մենակ ձենից արդեն գիտեի, օր իմս է, սիրտս ընպես կգցեր, ինչխոր տղես բանակից եկած էղներ»,- Մարտինը ծիծաղում է:
2005-2006 թթ. Երևանում որոշ մոտոսիրողներ ձեռնամուխ են լինում խորհրդային «Դնեպր», «Ուրալ», «Իժ» մակնիշի մոտոցիկլետների ձևափոխումների, որ առավել հասկանալի ու մեկ բառով կոչում էին «տյունինգ»: Հիմնականում թողնում էին մոտոցիկլետի հեծանը, մնացած ամեն ինչ վերափոխում էին:
«Մեկ-երկուս տեսա, որոշեցի ես էլ առնել մոտո ու «տյունինգ» էնել, մտածեցի՝ ես իրանցից ինչո՞վ եմ պակաս: «Դնեպրը» վերցրի, իմ պատկերացրածովս ձևափոխեցի ու ստացա էն, օր դուրսը տեսաք՝ էն կարմիր մոտոս,- պատմում է Մարտինը:- Առաջին մոտոյի համար էնքան զապչաստ էի առել, օր կրնայի հանգիստ երկրորդն էլ հավաքել: Ըդպես հայտնվավ խաչի նշանով մոտոս: Էդ սարքելու համար «Ուրալ» եմ առել, իրանից մենակ թողել եմ շարժիչը, որն էլի կատարելագործել եմ, հզորացրել, իսկ հեծանից միայն մի փոքր մասն եմ վերցրել, մնացածը ձևափոխել եմ: Բոլոր դետալները հատ-հատ հավաքել եմ: Շատ վախտ մարդիկ կֆռֆռան մոտոյիս բոլորը, կհարցնեն, ֆիրմա՞ է, կըսեմ՝ չէ, կըսեն ըբը ի՞նչ է, կըսեմ՝ «Լաբառոշ-2»: Զարմացած կհարցնեն՝ ըբը «Լաբառոշ-1» ո՞րն է, կըսեմ՝ էն էլ կարմիր գույնի մոտոն է, գարաժը կանգնած է»:
![]() |
Մարտինն իր սիրելի «Լաբառոշ-2»-ի հետ |
Մարտինն ասում է, որ իր և ընկերների հավաքած մոտոցիկլետներից երկրորդը չես գտնի: Ամեն մի բայկ յուրօրինակ մտածողության արգասիք է: «Արտասահմանում կան գործարաններ, որոնք սերիական արտադրությունից դուրս պատվեր կվերցնեն՝ հատուկ մոդելի բայկ արտադրելու, որը միակն է աշխարհում, քանի որ հատուկ պատվեր է ու տվյալ մարդու մտահղացումը կկրե իրա վրա: Տվյալ մարդու էսքիզով կսարքեն, «Ռոլս ռոյսի» նման ձեռի գործ է ու միակն է, ըդուր համար էլ շատ թանկ է,-բացատրում է Մարտինը:- Մեր սարքածներն էլ մեր համար են միակը, կարող է՝ թանկարժեք չեն, բայց մեր ստեղծագործության արդյունքն են ու մեզի համար թանկ են»:
Մարտինի երազանքը կրոսսի համար նախատեսված «Էնդուրո» մոտոցիկլետ ունենալն է: «Ես ըդքան մոտո եմ ունեցել, բայց իմ երազած մոտոն սպորտբայկն է: Շիպավոյ պակրիշկեքով «Էնդուրոնները», որ նախատեսված են սարերի համար, խոչընդոտներ հաղթահարող մոտոն է իմ երազանքը: Քանի դեռ չեմ ունեցել, պիտի ձգտեմ ունենալ: Բայց կարող է՝ էդ ժամանակ էլ չքշեմ,- ասում է Մարտինը:- Սպորտայինը ջահելի բան է, իմը էս ծանր մոտոներն են: Դե, 60 տարեկանը սպորտայինի վրա չի նայվի: 20-ից մինչև 35 տարեկանը պիտի էդ ձևի մոտո քշե: Մոտոն իրա քշողի հետ պիտի սազե: Ես օր հմի կանաչ մոտոս կքշեմ, հեչ մարդ չի ըսե, թե «նայեք, նայեք բիձեն եկավ մոտոն նստած», բայց օր սպորտայինի վրա տեսնին, անպայման կըսեն: Իմ նպատակս էս պարագայում ունենալն է, ոչ թե քշելը»:
30 տարուց ավելի երկաթե նժույգի թամբին ազատության ճախրանքը վայելող Մարտինը դեմ է արագության խելագար զարգացումներին, որ շատերին հաճախ կյանք են արժենում: Մոտոցիկլետի քաշը 140-ից 180 կգ է, սեփական ձեռքով սարքածներն ավելի ծանր են՝ մոտ 200 կգ, անգամ ավելի, բացատրում է Մարտինը: Երբ 120կմ/ժ արագություն ես զարգացում, մոտոցիկլետը վարորդի հետ միասին ընդհանուր առմամբ 5 կգ քաշով է նստում գետնին: Մակերեսը փոքր է, և ընթացիկ քամին կարող է ուժեղ ճոճքի պարագայում բայկերին շպրտել բայկի վրայից:
«Արտասահման վստրեչնոյ չկա, միակողմանի է, ըդուր համար էլ ընտեղ արագություն զարգացնելը նորմալ է, մեր մոտ՝ վտանգավոր: Հակառակ քամին խանգարում է, համընթաց քամին չի խանգարում: Մեծ ավտոները 100կմ/ժ արագությամբ քամու հոսք կբերեն, ու էդ 5 կգ քաշը չի դիմանա: Ըդուր համար էլ մեր մայրուղիներում չարժե 80կմ/ժ արագությունը գերազանցել,- խորհուրդ է տալիս փորձառու բայկերը:- Իսկ եթե Լեննագանի մասին կխոսանք, սովետի ժամանակ լավ էր, փողոցները ասֆալտապատ էին, հմի սաղ քանդած են՝ բացի կենտրոնական մի քանի փողոցներից, քշելը դժվար է: Բաց լյուկերն էլ են մեզի համար վտանգավոր. հանկարծ չտեսար, ուրեմն նաղդ հիվանդանոցի կլիենտ ես»:
![]() |
![]() |
Մարտինի կարմիր բայկը | կանաչ բայկը |
«Ես ըդքան տարվա մոտոցիկլ վարող եմ, օր կելնիմ Լեննագանի փողոցները, վախով կքշեմ,- շարունակում է խոսքը Մարտինը:- Հմիկվա էս ֆիրմա ավտոների հղփացած վարորդները մի հատ բնավորութան գիծ ունեն. իրանցից չի կարելի անցնել, եթե կանգնած ես սվետաֆորի տակ, սխալվար դու իրանցից անցար, պարտադիր բդի գազ տան, գան դեմդ կտրեն, մե հատմ էլ ըսպես թույն ժպիտով երեսիդ նայեն, թե ես քեզնից անցա: Ըդիկ էլ սաղ գուկա ընօրից, օր սաղ հղփացածները փողը տվել վարորդական իրավունքը առել են, իրանք կպատկերացնեն օր իրանք փողոցի տերն են, իրանց խանութի տերն են ու աշխարհի տերն են: Ինքը կզիջե մենակ իրանից թանկնոց մեքենային, որովհետև կարող է ընիկ իրանից հարուստ է, իսկ մոտոյին կհամարեն երրորդական, կաչքա հրողին հավասար տրանսպորտ: Իրանց կթվա, թե դու ամեն մոմենտի կարող ես կանգնել ու իրանց զիջել: Էս է հիմնական պատճառներն, օր ես չուզեցա՝ տղես մոտո քշե: Ըդուր դարդից ավտո եմ առել, թող ավտո քշե»:
Մարտինն ասում է, որ մոտոցիկլետ վարելու է այնքան, որքան Աստված կամենա: «Հնարավոր է՝ էնպես լինի, որ էլ չկարողանամ վարել, բայց գարաժս բդի մոտոն կանգնած էղնի, օր մի հատ մտնիմ, ձեռք տամ, փայփայեմ, կարոտս առնիմ,- ասում է Մարտինը: Երևի հենց այս զգացողությունն է, որ բայկերին թույլ չի տալիս ծերանալու. «Բայկը չի թողնում, որ բայկերը ծերանա»:
Մեկնաբանել