
Արդարադատության նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
Դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների, այն է նրա կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
« Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։ Դատավճռի դեմ՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին բողոքներ՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու և դատավճիռն անփոփոխ թողնելու մասին»,- հայտնում են Դատախազությունից։
Մեկնաբանել