
Հայաստանի հավաքականն սկսում է նախապատրաստվել Հունգարիայի եւ Իռլանդիայի հետ մրցավեճերին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսում է նախապատրաստությունը աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի հոկտեմբերյան հանդիպումներին ընդառաջ: Հիշեցնենք, որ ամսի 11-ին Եղիշե Մելիքյանի սաները Բուդապեշտում հանդիպելու են Հունգարիային, իսկ ամսի 14-ին՝ Դուբլինում հյուրընկալվելու են Իռլանդիային:
2 տուրից հետո ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբում առաջատարը Պորտուգալիան է, որը վաստակել է 6 միավոր: Մեր թիմն ունի 3 միավոր, Հունգարիան եւ Իռլանդիան վաստակել են 1-ական միավոր:
Մարզական հավաքն այսօր կսկսեն՝
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր» (Վոլգոգրադ, Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սեւիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը եւ Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին։ Լուկաս Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում։
Մինչ այս Հայաստանի ընտրանին Հունգարիային հանդիպել է միայն մեկ անգամ: Կիպրոսի մրցաշարի շրջանակներում՝ 2004 թ. փետրվարի 18-ին, Պաֆոսում հունգարացիները հաղթել են 2-0 հաշվով:
Իռլանդիայի ընտրանուն մեր ազգային թիմը հանդիպել է 5 անգամ, բոլորը եղել են պաշտոնական մրցավեճեր: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում՝ 2010 թ. սեպտեմբերի 3-ին, մերոնք Երեւանում պարտվեցին 0-1: Պատասխան խաղը կայացավ Դուբլինում 2011-ի հոկտեմբերի 11-ին: Իսպանացի տխրահռչակ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթեւ ձեռքով» կարմիր քարտ ստացավ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչն ազդեց հանդիպման ելքի վրա: Իռլանդացիները հաղթեցին 2-1: Մերոնցից գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության ժամանակ էլ, երբ մեր թիմը հանդես էր գալիս B լիգայում, 2022-ի հունիսի 4-ին Երեւանում հաղթեցինք իռլանդացիներին 1-0 հաշվով, գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը: Նույն տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում իռլանդացիներն առավելության հասան 3-2 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Էդուարդ Սպերցյանը: Վերջին խաղը կայացել է այս տարվա սեպտեմբերի 9-ին աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Մերոնք Երեւանում հաղթեցին 2-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը:
Այսպիսով՝ հավաքականների հայ-իռլանդական դիմակայությունում կայացել է 5 խաղ, Հայաստանը հաղթել է 2-ում եւ պարտվել 3-ում: Մերոնք խփել են 6 գոլ, բաց թողել 7-ը:
Հիշեցնենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 210 ընտրանիների մեջ 103-րդն է, Հունգարիան՝ 41-րդը, իսկ Իռլանդիան՝ 61-րդը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել