
Փարաքար համայնքի ղեկավարի սպանության մեջ մեղադրվողն ասել է` կրակել սովորել է գերեզմանատան տարածքում
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, նրա ընկերոջը՝ Քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանին սպանելու և մեկ այլ անձի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող 20-ամյա Գ. Հարությունյանը կրակել սովորել է Մերձավան գյուղի գերեզմանատանը: Այսօր քննչական գործողություններ են իրականացվել այդ վայրում:
«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ: Կատարվել է մեղադրյալի մատնանշած տեղանքի զննություն, որտեղ վերջինս, համաձայն իր ցուցմունքի, սովորել է կրակել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Իր տան մոտ սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ ստացել էր հրազենային վիրավորում։
Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ՝ Քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող Գ. Հարությունյանին։ Եվս մեկ անձ կալանավորվել է սպանության օժանդակության մեղադրանքով:
Մեկնաբանել