Ինչի վրա են ծախսվում բնապահպանական հարկերը․ Սյունիքում նախընտրում են մաքրել գետերի հուները
Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների վճարած բնապահպանական հարկից մասհանումներ են կատարվում, և առանձին տողով արտացոլվում են այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Բնապահպանական հարկից գոյացած միջոցներն օգտագործվում են տվյալ համայնքների վարչական տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի համար:
Համայնքների բնապահպանական ծրագրերը կազմվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան։ Բնապահպանական ծրագիրը մշակում է համայնքը, իսկ ավագանին այն հաստատում է։
Այս հրապարակմամբ կանդրադառնանք Սյունիքի մարզում 2026 թվականին իրականացվելիք, ինչպես նաև 2025թ․ ընթացող բնապահպանական ծրագրերին։
Սյունիքում նախապատվությունը տրվում է գետերի հուների մաքրմանը և բժշկական կենտրոնները սարքավորումներով ապահովելուն
Բնապահպանական ծրագրեր Սյունիքի մարզում իրականացնում են ազդակիր Կապան, Մեղրի և Քաջարան համայնքները։
Կապան համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագրի ողջ արժեքը 238 406 600 դրամ է, զուտ բնապահպանական միջոցառումների մասով՝ 233 406 600 դրամ և առողջապահական միջոցառումների մասով՝ 5 մլն դրամ։
Ծրագրի նպատակը Ողջի գետի ընդհանուր բնապահպանական վիճակի բարելավումն է, գետի հունի ֆիզիկական աղտոտվածությամբ պայմանավորված՝ գետի էկոհամակարգի վրա քայքայիչ ազդեցության վերացումը, գետային էկոհամակարգի վերականգնումը, ջրի բնական հոսքի ապահովումն ու ջրի որակի բարելավումը։ Նշված նպատակին հասնելու համար նախատեսվում է մաքրել գետի հունը և կառուցել բետոնե հարթակներ։ Միաժամանակ նախատեսվում է իրականացնել ափապաշտման ենթակառուցվածքների ամրացում և ուժեղացում՝ ըստ տեղանքի անհրաժեշտության։ Ափապաշտպան ենթակառուցվածքները՝ հենապատերը, որոշ հատվածներում ամբողջությամբ քանդված են, ինչը մեծ վտանգ է ներկայացնում հենց ջրային ենթակառուցվածքի՝ գետի համար։
Առողջապահական մասով ծրագրի նպատակը Կապան համայնքի Կապան քաղաքի թիվ 4, 6, 7, 12 և 13 նախադպրողական ուսումնական հաստատությունների (ՆՈՒՀ) բուժկետներն անհրաժեշտ գույքով համալրելն է։
2025թ․ բնապահպանական ծրագրով շարունակվում է 2023-24թթ․ ծրագիրը, և նախատեսվել էր մաքրել Վաչագան գետի հունը, բարեկարգել կից ենթակառուցվածքներն ու նորոգել դրանք։ 2025թ․ նախատեսվել է ընդգրկել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրից մինչև Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամուրջն ընկած 730 մ հատվածը։
Ինչպես հիմնավորած է 2025թ․ ծրագրով, գետի հունի հիմնական տեսանելի աղտոտումը դրա ֆիզիկական աղտոտումն է մարդկային ակտիվ գործունեության և առատ տեղումների հետևանքով՝ վարարումների ժամանակ ջրաբերուկներով, կենցաղային աղբով՝ ապակյա և պլաստիկ շշեր, պլաստիկ նյութեր, մետաղի ջարդոն և այլն, որը քայքայիչ ազդեցություն է ունենում գետի էկոհամակարգի վրա, ինչպես նաև ունի էսթետիկ և ակնադիտական բացասական ազդեցություն։ Հունի մարքրումն ու բարեկարգումը, հենապատի կառուցումը, ամրացումն ու վերանորոգումը, հիմքերի ուժեղացումը, մայթի և բազրիքների նորոգումը, ճաղավանդակների տեղադրումը, կոյուղագծի կառուցումը նույնպես իրականացվելու են դրա շրջանակներում։
Առողջապահական մասով 2025-ի բնապահպանական ծրագրով նախատեսվել է անհրաժեշտ գույքով ապահովել Արծվանիկ գյուղի նոր վերանորոգված բուժկետը և Սյունիք գյուղի նախատեսվող ՆՈՒՀ-ի բուժկետը։
Մեղրի համայնքին 2026 թվականի համար հաշվարկվել է 59 900 000 դրամի սուբվենցիա, որից նախատեսվել է օգտագործել 40 850 000 դրամը․
- 18 850 000 դրամ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար բժշկական նոր սարքավորումների ձեռքբերում (գաստրոկոլոնոսկոպ, ավտոմատ բիոքիմիական վերլուծիչ, օպտիկական կոագուլոմետր, իմունոքեմիլյումինեսցենտային ավտոմատ վերլուծիչ).
- 22 000 000 դրամ՝ Մեղրի համայնքի Կարճևան գյուղում խորքային հորի կառուցում:
Կարճևան գյուղում են գտնվում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի 2 պոչամբարները և պղնձի ու բազմամետաղային հանքավայրի մի հատվածը: Հանքավայրի երկարամյա շահագործումը, ինչպես նաև 2 խոշոր պոչամբարների առկայությունը, հարակից տարածքներում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար էկոլոգիական մեծ ռիսկեր են պարունակում:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 80մ խորությամբ և 200 մմ տրամագծով խորքային հոր։ Կարճևան գյուղում 72,6 հա գյուղատնտեսական նշանակության հողեր մշակվում են տեղի բնակչության կողմից: Ըստ ծրագրի՝ հորի կառուցումը կկանխի բնակավայրում հողերի անապատացումը և կապահովի Կարճևան բնակավայրի և հարակից գյուղատնտեսական հողերի ոռոգման ջրով մատակարարումը։ Խորքային հորի առկայությունը կնպաստի համայնքում կանաչ տարածքների ավելացմանը։
2025 թվականին Մեղրի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման ծրագրի շրջանակներում իրականացվում է Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի և հենապատի վերանորոգում, Ագարակ քաղաքի Կենտրոնական զբոսայգու կանաչապատում և բարեկարգում, Ագարակ քաղաքի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի կանաչապատում և բարեկարգում, Լեհվազ գյուղի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի կանաչապատում և բարեկարգում, ինչպես նաև համայնքային բուժհաստատությունները բժշկական նոր սարքավորումներով համալրում և վերազինում։
2025 թվականի համար հաշվարկվել է 138 326 380 դրամի սուբվենցիա, որից՝ 125 441 300 դրամը բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝
- 14 000 000 դրամ՝ համայնքային բուժհաստատությունները բժշկական նոր սարքավորումներով համալրման և վերազինման համար (Էնդովիրաբուժական սարքավորումներ և գործիքներ )
- 5 726 000 դրամ՝ Մեղրի քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի և հենապատի վերանորոգում
- 66 344 600 դրամ՝ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Կենտրոնական զբոսայգու կանաչապատում և բարեկարգում
- 31 825 800 դրամ՝ Ագարակ քաղաքի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի կանաչապատում և բարեկարգում
- 7 544 900 դրամ՝ Լեհվազ գյուղի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի կանաչապատում և բարեկարգում
Քաջարան համայնքի 2026թ․ բնապահպանական ծրագրով նախատեսվել է Քաջարան քաղաքի Տերյան 3 և Տերյան 4 բազմաբնակարան շենքերի բակային հատվածում վերականգնել պուրակը։ Վերականգնման ենթակա տարածքը 550 քմ է, գտնվում է Քաջարան քաղաքի կառուցապատված հատվածում՝ նշված շենքերի միջև։ Նախկինում այն պուրակ է եղել, սակայն առկա կահավորանքը օգտագործման ենթակա չէ՝ անցուղիներն ու հենապատերը քայքայված, կանաչ հատվածը՝ չորացած, ծառերն ու թփերը՝ ծերացած։ Տարածքն իր ֆունկցիոնալ նշանակությանը չի ծառայում, դարձել է փոշու առաջացման ու աղբի կուտակման վայր։
Առողջապահական մասով ծրագրում ընդգրկվել է Քաջարանի բժշկական կենտրոնի կարողությունների զարգացումը, այն է՝ տարբեր բժշկական պարագաների ձեռքբերում։ Դրա համար նախատեսվել է 3,7 մլն դրամ։
Քաջարանի 2025թ․ ծրագրով նախատեսվել էր բարձրացնել համայնքի ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ Մասնավորապես, Գեղի գյուղի բնակիչները խմելու և կենցաղային, ինչպես նաև ոռոգման նպատակով օգտագործում են գյուղի միջով հոսող Գեղի գետի վտակ Գեղանուշ գետակի ջրերը։ Գյուղի 108 տնտեսությունների մոտ 40 հա վարելահողերը, ներառյալ տնամերձերը և այգիները, ջրովի են։ Ոռոգումը գյուղացիները կազմակերպում են անհատապես՝ գետակից դեպի հողամասեր առուներ անցկացնելու միջոցով։ Չհամակարգված և անկազմակերպ ոռոգման եղանակը տարվա սակավաջուր շրջանում առաջացող ջրի անբավարարության պատճառներից մեկն է, հատկապես՝ ավելի ցածրադիր տնային տնտեսությունների և հողամասերի համար։ Այս հանգամանքը գյուղում լարվածություն է առաջացնում։ 2025թ․ բնապահպանական ծրագրով նախատեսվել է Գեղի գետի Գեղանուշ վտակի 250 մ հունի մաքրում՝ բերվածքներից, գյուղի տարածքում, Գեղի հունի կարգավորման նպատակով նոր բետոնե շվաքի կառուցում, մակերևութային և ենթահունային ջրերի ջրընդունիչ հանգույցի կառուցում, կողային բետոնե հենապատերի ամրացում, ոռոգման ջրի մատակարարման խողովակաշարի անցկացում, կողային հենապատերի վրա անվտանգային մետաղական ճաղավանդակի կառուցում։
Առողջապահական բաղադրիչը կրկին Քաջարանի բժշկական կենտրոնի կարողությունների զարգացումն է՝ բժշկական սարքավորումների՝ շարժական ռենտգեն ապարատի, հիվանդի վիճակի վերահսկման բազմաֆունկցիոնալ մոնիտորի, դեֆիբրիլյատորի ձեռքբերումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել