Բելգրադում քննարկվել են կենդանիների անդրսահմանային հիվանդությունների կանխարգելման ուղիները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցել է Եվրոպայի տարածաշրջանում կենդանիների անդրսահմանային առաջնահերթ հիվանդությունների հարցերով փորձագիտական մշտական խմբերի (GF-TADs) տարածաշրջանային առաջին համաժողովին։
ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ մասնակիցները ներկայացրել են անասնահամաճարակային իրավիճակը իրենց երկրներում, ինչպես նաև դաբաղի, խոզերի աֆրիկյան ժանտախտի, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի, կատաղության, հանգուցային մաշկաբորբի, թռչնագրիպի դեմ պայքարի մեխանիզմները։
«Քննարկումների ընթացքում շեշտվել է կանխարգելիչ միջոցառումների՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման, վայրի կենդանիների դիակների հավաքման և ոչնչացման, պարբերական մոնիթորինգների, արագ արձագանքման խմբերի գործարկման, անասնահամաճարակային քարտեզագրման ու միջազգային կառույցների աջակցությամբ պարբերական վարժանքների անցկացման կարևորությունը։
Համաժողովի ընթացքում Տիգրան Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել ԿԱՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Դիմիտրի Մոռոզովի (քննարկել են անասնաբույժների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ուսուցման կազմակերպումը Հայաստանում) և Սերբիայի անասնաբուժական լաբորատորիայի ղեկավար Միշո Կորոլևիչի հետ (քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի հայտնաբերման համար լաբորատոր թեստերի տրամադրման հարցը, որը կարևոր քայլ է ԿԱՀԿ-ի կողմից Հայաստանը այդ հիվանդությունից ազատ երկիր ճանաչելու գործընթացում)։
ՍԱՏՄ ղեկավարը բարձր է գնահատել համաժողովի նշանակությունը և դրան Հայաստանի մասնակցությունը՝ շեշտելով, որ անդրսահմանային հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն տեղեկատվության արագ փոխանակմամբ և համատեղ գործողություններով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել