
ԵՄ-ում սկսում է գործել մուտքի/ելքի նոր համակարգ
Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։
ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։
Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները
- Ո՞ւմ է վերաբերում – Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
- Ի՞նչ է փոխվում – Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։
- Գրանցվող տվյալները.
- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),
- Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,
- Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,
- Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։
- Վավերականության վերահսկում – Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։
- Որտե՞ղ է գործելու. համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։
- Ինչպե՞ս պատրաստվել. ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։
EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։ Համակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ։
Մեկնաբանել