
«Ճակատիս գրված է՝ ուր գնամ, զրոյից տուն եմ կառուցում». արցախցի Սվետայի ընտանիքը Քաղսիում նոր կյանք է սկսում
Սվետա Սարգսյանի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերին՝ արցախցիների բռնի տեղահանման ժամանակ։ Ստեփանակերտում են ապրել։
«Ստեփանակերտի վերջին տունը իմ տուն էր, ինձանից 800 մետր հեռու թուրքերն էին»,- պատմում է Սվետան։
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական առաջին արկերը Սվետայի տան գլխին են պայթել։
Զինծառայող ամուսինը դիրքերում է եղել։ Երիտասարդ կինը տանը պահած զենքը, որ 44-օրյա պատերազմից հետո էին ձեռք բերել, վերցրել է, 4 երեխային հասցրել ապաստարան։
«Մտածում էինք՝ դե, մի քանի օր է, էլի կբարձրանանք տուն։ Բան չեմ վերցրել իմ տնից, մենակ բանալիս է։ Տանս դուռը փակել եմ, եկել»,- հիշում է Սվետան։
Սեպտեմբերի 25-ին ընտանիքը դուրս է եկել Ստեփանակերտից և 3-4 օր անց հասել Սյունիք։ Մեկ գիշեր բարեկամի տանը մնալուց հետո ամուսինը Ֆանտան գյուղում վարձով տուն է գտել, տեղափոխվել են այնտեղ։
Սվետա Սարգսյան
«Ամուսինս եկավ, ասեց, տուն եմ գտել, բայց…, ասեցի էլ մի շարունակի, ոչ մի բայց, կարևորը տանիքը կա, մնացածը կանենք։ Չէի կարող 4 երեխայի հետ քրոջս տանը երկար մնալ»,- հիշում է Սվետան։
Տանը ջուր չի եղել, լույս չի եղել, Սվետայի պատմելով, 4 պատ է եղել ու տանիք։ Սկսել են ամուսնու հետ վերանորոգել, մի ամիս պատուհաններն են փոխել, մի ամիս՝ խոհանոց սարքել։ Տանտերերն էլ վարձավճար չեն վերցրել։
«Ասել էինք, որ եթե որոշեն տունը վաճառել, առաջինը մեզ ասեն։ Մտածում էինք, որ սերտիֆիկատները ստանանք, հենց այդ տունն էլ կգնենք։ Մեր տան պես սարքում էինք։ Այս ընթացքում ստացած 50, 100 հազարները լրիվ դրել ենք մեջը։ Բայց էս տարվա ապրիլին տանտիրոջ տղան եկավ, ասեց՝ կներեք, շտապ գումար էր պետք, վաճառել եմ։ Մեզ տունն ազատելու համար մինչև մայիսի վերջ ժամանակ տվեցին՝ մինչև երեխաները դպրոցն ավարտեին»,- պատմում է Սվետան։
Այդ շրջանում 6 անդամից բաղկացած ընտանիքը քաղաքացիություն էր ստացել, դիմել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրին՝ բնակարան գնելու համար։
Սերտիֆիկատներն արագ են ստացել, բայց գնման գործընթացում մի շարք խնդիրների են բախվել։ Սկզբում Հրազդան քաղաքում են տուն գտել, դիմել են բանկին՝ այն գնելու համար, բայց մերժվել են Արցախում ունեցած վարկային պարտավորությունների պատճառով։
«Էդ վարկերը 2020-ից հետո Արցախի նախագահի հրամանով կասեցրել էին, մեզ էլ նամակ էր եկել, բայց բանկի աշխատողն ասեց՝ մեզ մոտ ցույց է տալիս, որ պարտք կա, այսինքն՝ չենք կարող ոչ մի բան անել, մինչև չփակեք։ Ամուսինս գնաց մի մարդուց տոկոսով գումար վերցրեց, որ փակեինք, կարողանայինք շուտ տուն գնել։ Մայիսին պետք է արդեն Ֆանտանի տանից դուրս գայինք»,- ասում է Սվետան։
Մինչև Սվետայի ընտանքիը գումար է գտնում և մարում վարկային պարտավորությունները, Հրազդանում գտած բնակարանը վաճառվում է։ Իրենց ներկայիս տունը գտնում և գնում են էլի մեծ դժվարությամբ։ Սկզբում տանտերը չի կողմնորոշվել՝ վաճառել տունը սերտիֆիկատով, թե ոչ, հետո երկու ամիս ծախսել են կադաստրային փաստաթղթերով տան հասցեն հստակեցնելու վրա։ Այդ ընթացքում Ֆանտան գյուղի տունը, որտեղ ապրել են, սկսել են քանդել (նոր սեփականատիրոջը միայն հողատարածքն էր պետք)։ Չորս երեխայի հետ դրսում չմնալու համար, խնդրել են, մինչև փաստաթղթերով վաճառքի իրականացումը, տեղափոխվել Քաղսի։
«Գիտեի, որ 15 օրով կամ մեկ ամսով ինձ ոչ մեկը վարձով տուն չի տա։ Էն տունն էլ արդեն քանդում էին։ Խնդրեցինք, որ շուտ տեղափոխվենք։ Հունիսի 8-ին տեղափոխվեցինք, մեկ շաբաթից թղթերն էլ եղան։ Ուղիղ մի ամիս հետո էլ՝ հուլիսի 8-ին, տղաս էս տնից գնաց ծառայության»,- պատմում է Սվետան։
Տղայի քաղաքացիություն ստանալու հարցում մայրը երկմտել է, չի ուզել՝ որդին բանակ գնա, բայց վերջնական որոշում կայացնողը որդին է եղել։
«Իմ երեխան ասել էր, եթե քաղաքացիություն էլ չվերցնեմ, կամավորագրվելու եմ, գնամ բանակ։ Ես սկզբում մտածում էի իրեն սերտիֆիկատից դուրս թողնել, բայց, որ որոշել էր գնալ բանակ, ասեցի՝ արի, դու էլ քաղաքացիություն ստացի»,- պատմում է Սվետա Սարգսյանը։
Սվետա Սարգսյանի որդին՝ Գոռը և իր նկարած Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» արձանը
Այդ մեկ ամսում Արայիկը՝ Սվետայի ամուսինը, ապահովել է տան կոմունալ պայմանները՝ ջուր է քաշել, հոսանք միացրել, վերանորոգել է լոգարանն ու խոհանոց սարքել։
Վերանորոգման մնացած աշխատանքներն էլ պետք է նա անի, Սվետան ասում է՝ ձեռքից ամեն ինչ գալիս է։ Բայց այս պահին ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը մշտական աշխատանք չունեն։ Նախկին զինվորականն առողջական խնդիրների պատճառով թողել է ծառայությունը և հիմա վերանորոգման աշխատանքներ է անում, ուզում է Քաղսիի դպրոցում աշխատանքի անցնել, որն այս պահին վերանորոգում են։ Երեխաներից երկուսը՝ Լիլիթը և Գոռը, դպրոց են գնում, իսկ Մարգարիտան քոլեջում է սովորում։
Տնամերձ հողատարածք էլ ունեն։ Այս տարի ծառերի բերքը քաղել և որևէ բան տնկել չեն հասցրել, բայց հաջորդ տարվանից անպայման պետք է հողագործությամբ էլ զբաղվեն։ Ստեփանակերտի իրենց տանն էլ այգի են ունեցել, Արցախի շրջափակման օրերին, երբ սնունդ գտնելը բարդ է եղել, Սվետան իր այգու բերք ու բարիքով է երեխաներին կերակրել։
Այստեղ արդեն սագեր ու հավեր են գնել, Լիլիթի համար հայրը նապաստակ է բերել։
Սվետայի փոքր դուստրը՝ Լիլիթը
Նվազագույն կարիքները հոգալու համար ընտանիքը հիմա ստիպված պարտքեր է կուտակում, վճարում են նաև վարկերի մարման համար վերցրած պարտքը՝ տոկոսներով։ Նրանց միակ եկամուտը անչափահասների համար տրվող 60 հազար դրամ պետական աջակցությունն է։ Շուտով պետք է մտածեն՝ ինչպես են տունը ջեռուցելու։
Թե՛ Ֆանտան գյուղում, թե՛ Քաղսիում հարևանները նրանց շատ են օգնել։ Իրենց տան համեստ կահավորումը հիմնականում արել են մարդկանց նվիրատվություններով։
«Դատարկ տուն էր, երբ եկանք, անգամ սեղան չկար, որ նստեինք, հաց ուտեինք։ Բազմոցը Ֆանտանի հարևանս է տվել, մի մարդ երկու մահճակալ է տվել, մեկ ուրիշը՝ տաք վերմակներ, բարձեր։ Մեզ շատ լավ են ընդունել այստեղ, բոլորից շատ շնորհակալ եմ։ Եկած առաջին օրվանից ամեն հարցով օգնել են: Ճակատիս գրված է՝ ուր գնամ, զրոյից տուն եմ կառուցում»,- ասում է Սվետան։
Հիմա հույս ունի, որ գտել են իրենց հիմնական տունը, դժվարություններից չի բողոքում, միակ բանը, որ ուզում է, խաղաղությունն է։
Մեկնաբանել