
Մուտքը Սևանի լողափեր ազատ է, եթե ծանոթ ես կառավարության որոշմանը
Դեռևս 2008 թվականից, կառավարության այդ տարվա դեկտեմբերի 18-ի որոշման համաձայն, Սևանա լճի բոլոր լողափերը, ըստ էության, մասամբ կամ ամբողջովին հանրային են դարձել: Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը: Ըստ այդ որոշմանը՝ նույնիսկ այն լողափերը, որոնք հանրային չեն՝ տրված են վարձակալության, չպետք է ծանրաբեռնվեն 80%-ից ավելի:
Մնացած 20%-ը, ըստ կառավարության որոշման, ենթակա է հանրային ազատ օգտագործման, այսինքն՝ կարելի է անարգել մուտք գործել այդ լողափերի տարածք, հանգստանալ՝ բնականաբար առանց վարձակալի առաջարկած ծառայություններից օգտվելու: Աշոտ Ավալյանը նշեց, որ այդ իրավունքը ՀՀ քաղաքացունն է, սակայն այն պետք է երբեմն նաև պաշտպանել:
Հանրային լողափերի պատասխանատուն հայտնեց նաև, որ նախատեսվում է կառուցել ևս 5 հանրային լողափ Սևանին, Դրախտիկին, Լճաշենին, Ծովազարդին և Նորատուսին մոտ գտնվող լողափերում, քանի որ գործող 2 հանրային լողափերը, որոնք այս տարի ընդունել են շուրջ 100 հազար հանգստացողի, լիովին չեն կարողանում իրականացնել իրենց սոցիալական դերակատարությունը:
Մեկնաբանել