
Կարկուտի հետևանքով հողօգտագործողների վնասը մասնակի կփոխհատուցվի
Կառավարությունը նախատեսում է 2024 և 2025 թթ. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում՝ վնասը որոշակի չափով մեղմելու նպատակով։ Ստորեւ՝ մամուլի հաղորդագրությունը Կառավարությունում այս թեմայով տեղի ունեցած քննարկման մասին։
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վերջին տարիներին կարկուտի հաճախականությունը և ինտենսիվությունը բավականին մեծացել է, որի հետ կապված մեծ վնասներ են հասցվում գյուղատնտեսությանը։ Մասնավորապես՝ 2024 թ. կարկտահարության հետևանքով ընդհանուր վնասված ցանքատարածություններն ու այգետարածքները կազմել են մոտ 13 000 հեկտար, իսկ 2025 թ.՝ ավելի քան 11 800 հեկտար: «2020 թ.-ից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր: 2025 թ. Կառավարությունն ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-ից 80 %-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով վնասաբերության 200 % գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում ևս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Հատկանշական է նաև, որ Կառավարությունն աջակցություն է ցուցաբերում նաև կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը՝ վարկային և փոխհատուցման բաղադրիչներով, սակայն նկատելի է, որ հիմնականում ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում են կիրառվում կարկտապաշտպան ցանցերը»,- ասել է նախարարը։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 2024 թ.-ից, այդ իսկ պատճառով որոշմամբ առաջարկվում է և՛ 2024, և՛ 2025 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասի դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի վնասը կազմել է 40-100 տոկոս:
Ըստ նախարարի՝ փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացվի գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը, և ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում կազմակերպվի գյուղատնտեսական գործունեություն: «Ըստ այդմ՝ սահմանվում է, որ այն ֆերմերները, որոնք Կառավարության կողմից արդեն ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսերի մշակության համար, 2024-2025 թվականներին չեն կարող դիմել կարկուտի վնասի փոխհատուցում ստանալու համար»,- ասել է նախարարը:
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2025 թ. հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները, ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը:
Գևորգ Պապոյանը հայտնել է նաև, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի լավարկման նպատակով իրականացվում են քննարկումներ և ուսումնասիրություններ՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 2024-2025 թթ. կիրառելիության խնդիր է արձանագրել:
Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2024-2025 թթ. համար կարկուտի հասցված վնասի հատուցում նախատեսվում է այն պատճառով, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ներդրված գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգն ունեցել է որոշակի խնդիրներ: «Դա էլ ակնհայտ է դարձրել, որ 2024 և 2025 թվականներին այդ համակարգը հասանելի չի եղել գյուղացիական տնտեսությունների համար՝ ընդունելով, որ դրա պատճառները պետք է լավ հասկացված լինեին, մեխանիզմները համապատասխանաբար վերանայվեին դեռևս նախորդ տարի», -ասել է փոխվարչապետը:
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկն ու Կառավարությունն աշխատում են, որպեսզի այդ համակարգը բերեն այնպիսի վիճակի, որ հնարավոր լինի գործարկել նորացված արդյունավետ համակարգ. «Սա հստակորեն ուզում եմ նշել, որ նաև մեր հայրենակիցները լավ պատկերացնեն, որ այն պահից, երբ հայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք՝ ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որն ընձեռում է ապահովագրական համակարգը, և մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով: Այսինքն՝ կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, և եթե տարվա ընթացքում կա՛մ կարկուտը, կա՛մ երաշտը, կա՛մ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն, կլինի նաև համապատասխան հատուցում»:
Արձագանքելով՝ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ այժմ գյուղատնտեսական ապահովագրության ոլորտին առնչվող իսպանական և թուրքական փորձն է ուսումնասիրվում, որոնք համարվում են եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն այս ոլորտում:
Լուսանկարը՝ gov.am-ի
Մեկնաբանել