1,5 մլրդ դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարության որոշմամբ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,582,206 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով: Ինչպես Կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որոշմամբ առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրեր: Ստորեւ՝ Կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունը ֆինանսավորվելիք սուբվենցիոն ծրագրերի մասին։
Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզի 2 ծրագիր՝ 153.7 մլն դրամ, Արարատի մարզի 2 ծրագիր՝ 210.9 մլն դրամ, Արմավիրի մարզի 6 ծրագիր՝ 199.6 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 3 ծրագիր՝ 125.9 մլն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր՝ 192.8 մլն դրամ, Կոտայքի մարզի 1 ծրագիր՝ 25 մլն դրամ, Շիրակի մարզի 2 ծրագիր՝ 158.5 մլն դրամ, Սյունիքի մարզի 2 ծրագիր՝ 186 մլն դրամ, Վայոց ձորի մարզի 4 ծրագիր՝ 263.8 մլն դրամ, Տավուշի մարզի 2 ծրագիր՝ 66 մլն դրամ: «Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասել է փոխնախարարը:
Գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզի՝ Աշտարակ համայնքի Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Կոշ, Ուջան, Տեղեր և Բյուրական բնակավայրերի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 87%-ը, կառուցվել է 10,8կմ երկարությամբ խմելու ջրագիծ), Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրում խմելաջրի սնուցող ցանցի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 75%-ը, կառուցվել է 2,7կմ երկարությամբ խմելու ջրի սնուցող ցանց), Արարատի մարզի՝ Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում նախադպրոցական հաստատության կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 35%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 50 սանի համար), Արարատ համայնքի Արարատ, Նոյակերտ և Զանգակատուն բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ (ավարտված, ասֆալտապատվել է 1,0 կմ երկարությամբ ճանապարհ), Արմավիրի մարզի՝ Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 90 սանի համար, իրականացվում են լրացուցիչ ծավալի չնախատեսված աշխատանքները), Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում (ավարտված, բարեկարգվել է Հուշակերտ բնակավայրի մանկապարտեզի բակը՝ 850 քմ, շահառուների թիվը՝ 60 սան), Արմավիր համայնքի Արաքս բնակավայրից Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցում (ավարտված, կառուցվել է 5,3 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուների թիվը՝ 416 տնտեսություն), Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման և Արաքս բնակավայրի ջրահեռացման համակարգերի վերակառուցում (ավարտված, վերակառուցվել է 1,2 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 62 տնային տնտեսություն, վերակառուցվել է 0,3 կմ երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուների թիվը՝ 31 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Մեծամոր բնակավայրի 1-ին թաղամասի թիվ 5Բ, 6Բ2, 2-րդ թաղամասի թիվ 1Բ, 3Բ շենքերի հարթ տանիքների վերանորոգում (ավարտված, հիմնանորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 1600քմ ընդհանուր մակերեսով հարթ տանիքները, շահառուների թիվը՝ 502 բնակիչ, 144 բնակարան), Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 68%-ը, արդյունքում համայնքը կունենա 3 մասնաշենք 3207 քմ ընդհանուր մակերեսով, 10 խմբասենյակով հիմնանորոգված մանկապարտեզ՝ 300 սանի համար), Գեղարքունիքի մարզի՝ Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում (ավարտված, կառուցվել է ընդհանուր 7,6 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ, կառուցվել է 150 խմ տարողությամբ ջրամբար Դրախտիկ բնակավայրում, շահառուները՝ 127 տնային տնտեսություն), Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Ռոմանի 2, Սեսմանուկյան 1, 3 և Վ․ Համբարձումյան 11 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է ընդհանուր 1720 քմ մակերեսով բակային տարածքներ), Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում (ավարտված, լրացուցիչ կառուցվել է 0,47 կմ երկարությամբ նոր ջրագիծ, շահառուները՝ 23 տնային տնտեսություն), Լոռու մարզի՝ Տաշիր համայնքի Լեռնահովիտ, Դաշտադեմ, Նովոսելցովո, Պետրովկա, Կաթնառատ, Միխայլովկա բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցում, Նորամուտ և Բլագոդարնոյե բնակավայրերի ՕԿՋ-ների վերանորոգում և կառուցում և Կաթնառատ բնակավայրի կոյուղագծի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 70%-ը, կառուցվում է 12 կմ երկարությամբ խմելու ջրագիծ և 0,4կմ երկարությամբ կոյուղագիծ), Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի փողոցների հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, հիմնանորոգվել է 2,7 կմ երկարությամբ ճանապարհ), Կոտայքի մարզի՝ Գառնի համայնքի ճանապարհների ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 1,3կմ երկարությամբ ճանապարհ), Շիրակի մարզի՝ Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հայրենյաց և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում (ավարտված, կառուցվել է 4,9կմ երկարությամբ գազատար, շահառուները՝ 1696 տնային տնտեսություն), Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցում (կատարված է շինարարական աշխատանքների 90 %-ը, կառուցվել է 14,8կմ երկարությամբ գազատար։ Շահառուները՝ 1041 տնային տնտեսություն), Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում (ավարտական փուլ, կառուցվել է քլորակայան և 3,6 կմ երկարությամբ ջրատար, շահառուները՝ 223 տնային տնտեսություն), Սիսիան համայնքի Նար-Դոս փողոցի, Նար-Դոս-Գ․Նժդեհ ճանապարհահատվածի, Խանջյան 1ա, 3ա, Հ․Ազոյան 2, 2ա, 4, 6, 8, 10, Որոտան 2ա, Շիրվանզադե 2ա, Որոտան 1, 3, 5, 7, Որոտան 2, 4, 6, 8 բազմաբնակարան բնակելի շենքերի փողոցների հիմնանորոգում (ավարտական փուլ, հիմնանորոգվել է թվով 18 բազմաբնակարան բնակելի շենքերը սպասարկող Նար-Դոս փողոցի շուրջ 17980 քմ և Նար-Դոս-Գ․Նժդեհ շուրջ 6910քմ ճանապարհահատվածները), Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վարդան Զորավար փողոցի բարեկարգում և ասֆալտապատում (ավարտված, ասֆալտապատվել է 0,67կմ ճանապարհ), Եղեգիս համայնքի Շատին, Քարագլուխ, Հորբատեղ, Հորս, Արտաբույնք, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգման աշխատանքներ (ավարտված, վերանորոգվել է 1,4կմ երկարությամբ ոռոգման ջրի ցանց և 6182 խմ ծավալով ջրավազան, շահառուների թիվը 450 տնային տնտեսություն), Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում «40 աղբյուր» ջրաղբյուրի ջրագծի կառուցում (ավարտված, կառուցվել է 3կմ երկարությամբ խմելու ջրատարի արտաքին ցանց, շահառուները՝ 80 տնային տնտեսություն), Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ տանող ճանապարհի կառուցում՝ սալարկմամբ (կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը, հիմնանորոգվել է 0,9 կմ երկարությամբ ճանապարհը), Տավուշի մարզի՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Երիտասարդական 61 հասցեում գտնվող պահեստի հարակից տարածքի հիմնանորոգում, ասֆալտապատում (ավարտված, հիմնանորոգվել է 1024քմ մակերեսով պահեստի հարակից տարածքը), Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Սպանդարյան 1 և 2 բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգում (կատարված է շինարարական աշխատանքների 65%-ը, իրականացվում է տուֆ քարով սալարկում՝ շուրջ 1525քմ մակերեսով):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել