HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի մանկապարտեզներում սննդի չարաշահումների վերաբերյալ հետաքննություն է արվում

Ոստիկանության Վանաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վանաձորի մանկապարտեզներում սննդի չարաշահումների, փողոցներում նշագծումները չկատարելու վերաբերյալ: Այս տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին նաև Վանաձորի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանն ու պետի տեղակալ Սարգիս Այվազյանը: Միայն թե իրավապահ պաշտոնյաներն անընդհատ կրկնում էին, որ քաղաքապետարանը որևէ կապ չունի դրանց հետ:

«Ես պաշտոնապես ասում եմ' նյութեր են նախապատրաստվում: Մանկապարտեզի վերաբերյալ ճիշտ ես ասում, կա ինֆորմացիա, որ սնունդը էժան առնում են, թանկ ցույց են տալիս: Բայց եթե մեկը օրինակի համար մանկապարտեզի համար գնացել է, 10 դրամով հաց է առել, բերել է ցույց է տվել 15 դրամ, էդտեղ քաղաքապետարանը պրիչո՞մ: Ես քաղաքապետն եմ, որ փոխանցել եմ, տվել եմ ձեզ, դուք մանկապարտեզի վարիչն եք: Էդտեղ ոչ քաղաքապետարանն է մեղավոր, ոչ քաղաքապետը: Կարող է՝ վարիչն էլ տեղյակ չի: Մեկը՝ կարող է առևտուր անողը, գնա վարիչին խաբի, ասի, դու ինձ 1000 տուր, ինքը 500-ով առնի: Սնունդն է' կարող է հացն է, կարող է' կարտոլն է, կարող է պամիդորն է: Էստեղ անհատ մարդիկ են: Անհատին պետք է գտնենք: Կամ հիմի, ենթադրենք, ներկը վերցրել է ու գիծը չի քաշել կամ կիսատ է քաշել, դուրս է գրել էդ ներկը, քաղաքապետը պրիչո՞մ: Գծանշումների վերաբերյալ ցույց են տվել, որ Շահումյան էս ինչ խաչմերուկում գծանշումներ կան, գնացել տեսել ենք, որ չկան: Անհատի հետ պետք է կապված լինի»,- ասաց ոստիկանապետի տեղակալը, իսկ պետը լիովին համաձայնեց նրա հետ:

Դիտարկմանը, սակայն, որ մանկապարտեզները, լինելով համայնքային ենթակայության հաստատություններ, արդեն իսկ ամենաուղղակի կապի մեջ են քաղաքապետարանի հետ, պաշտոնյաները չպատասխանեցին: Ավելին, նույնիսկ արդեն մամուլի հրապարակումներ կան, որ հացը մանկապարտեզներն ստանում են շուկայականից բարձր գնով, իսկ առաքող կազմակերպությունը պատկանում է քաղաքապետի քրոջ ամուսնուն' Տիգրան Պապանյանին:

Փորձեցինք խոսել մանկապարտեզների վարիչների հետ, բայց մամուլի հրապարակումներից հետո նրանք հավանաբար արդեն նախազգուշացված են և խուսափում են լրագրողներից: Ճշտեցինք միայն, որ սննդի վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքում են մանկապարտեզների վարիչները, այնուհետև ֆինանսական հաշվետվություն ներկայացնում քաղաքապետարանի հաշվապահական բաժին: Այդ բաժնից է նշանակված նաև մանկապարտեզներից յուրաքանչյուրի հաշվապահը:

Չնայած այս նախընտրական շրջանում Վանաձորի քաղաքապետարանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում տեղեկատվություն տրամադրելու առումով, իսկ բանավոր հարցազրույցներն ընդհանրապես մերժում է, այնուամենայնիվ, «Հետքը» քաղաքապետի օգնական Խորեն Գասպարյանին խնդրել է ընդունելություն կազմակերպել այս թեմայով: Ներկայացվել են նաև գրավոր հարցումներ:

Ի դեպ, նախապատրաստվող նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը փորձեցինք մանրամասնել դատախազությունում: Լոռու մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Ասատրյանը, որպեսզի ճշգրիտ տեղեկատվություն հաղորդի, հաջորդ օրը կանչեց հարցազրույցի: Բայց նշանակված օրը հրաժարվեց բանավոր տեղեկատվություն տրամադրելուց: Ավելին, խորհուրդ տվեց նախընտրական շրջանում չանդրադառնալ այս թեմային և քաղաքական ենթատեքստ չտալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter