HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը դարձավ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Աբու Դաբիում Հայաստանը պաշտոնապես միացել է Բնության պահպանության միջազգային միությանը (IUCN)՝ դառնալով միության անդամ։

«Հայաստանը ներկայացնելու պարտավարությունը ստանձնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Բնության պահպանության միջազգային միությանն անդամակցությունը վկայում է մեր երկրի հանձնառության մասին՝ զարգացնելու կենսաբազմազանության պահպանությունը և բարձրացնելու մեր հավակնությունները բնության նկատմամբ։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում նշել է «IUCN-ի միջոցով մենք հնարավորություն ենք ստանում օգտվելու համաշխարհային փորձից, նորարարական գործիքներից և միջազգային գործընկերություններից, որոնք կօգնեն մեզ արագացնել մեր շրջակա միջավայրի պահպանության իրագործումը», – «Այս անդամակցությունը նաև աջակցում է մեր նախապատրաստական աշխատանքներին՝ 2026 թվականին հյուրընկալելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), ինչը նշանակալիիրադարձություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու մեր երկիրը կենսաբազմազանության և կայունության գործում»։

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Հայաստանն առանձնանում է իր հարուստ կենսաբազմազանությամբ՝ լեռնային անտառներով, ալպյան մարգագետիններով, կիսաանապատներով և քաղցրահամ ջրային էկոհամակարգերով։ Այս լանդշաֆտները բնավայր են հանդիսանում եզակի և վտանգված տեսակների համար՝ ինչպես առավել վտանգված Կովկասյան ընձառյուծը (Panthera pardus tulliana), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus) և Սևանի իշխանը (Salmo ischchan), որը հանդիպում է միայն Սևանա լճում։ Հարուստ կենսաբազմազանությունիցն բացի, այս էկոհամակարգերը մեր ժողովրդի և տարածաշրջանի համայնքների համար կենսական նշանակություն ունեն։

Վերջին տարիներին կենսաբազմազանության ոլորտում Հայաստանն առաջընթաց է արձանագրել՝ իրականացնելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։ Այնուամենայնիվ, ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ իրավական դաշտի կատարելագործում, ազգային կենսաբազմազանության մոնիթորինգային համակարգի զարգացում, ինչպես նաև երկարաժամկետ բնապահպանական նպատակների համար կայուն ֆինանսավորման ապահովում, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Մեծ պատիվ է Հայաստանի համար, որ IUCN-ը պաշտոնապես ողջունում է Հայաստանի անդամակցությունը։ Այս որոշումը կայացվում է այն պահին, երբ Հայաստանն ակտիվորեն ընդլայնում է բնության հատուկ պահպանվող տարածքները, իրականացնում անտառների վերականգնման ծրագրեր և փոփոխություններ օրենսդրական դաշտում՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Հայաստանն իր եզակի կենսաբազմազանությամբ և էկոհամակարգերով, կարևոր դեր ունի թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ բնապահպանական ցանցում։

Հայաստանը Կանաչ անցման գործընթացում պարտավորվում է մինչև 2030 թվականը վերականգնել անտառապատ տարածքի 12.9%-ը, ամրապնդել վտանգված տեսակների պաշտպանությունը և նվազեցնել ճնշումները քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վրա, մասնավորապես Սևանա լճի։ Միջազգային գործընկերների և IUCN-ի աջակցությամբ Հայաստանը գնում է դեպի կանաչ անցում, ինչը համահունչ է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին, ընդլայնելով Էմերալդ ցանցը և ներառելով բնահեն լուծումներ երկրի ազգային զարգացման ռազմավարությունում։

IUCN-ին անդամակցելով՝ Հայաստանը միանում է համաշխարհային միասնական հարթակի, որտեղ համագործակցությունը, փորձի փոխանակումն ու նորարարությունը դառնում են զարգացման հիմք։ Այս անդամակցությունը հնարավորություն է տալիս ներգրավվելու միջազգային ֆինանսավորման մեխանիզմներում, ինչպիսիք են Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF) և Գլոբալ կենսաբազմազանության շրջանակային հիմնադրամը (GBFF)՝ իրագործելու երկրի ազգային առաջնահերթությունները և համաշխարհային կլիմայական ու կենսաբազմազանության նպատակների իրականացնելու գործում ներդրումն ունենալու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter