
Վարշավայի ֆորումը՝ գերիների հարցը բարձրաձայնելու ևս մեկ հարթակ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը տեղի է ունենում համաժողով՝ նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Այս մասին հայտնում են Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնից։
Համաժողովի ընթացքում քննարկվում են ԵԱՀԿ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արդար դատաքննությանը և Հելսինկյան սկզբունքներին վերաբերող հարցեր։
Վարշավայի համաժողովին ներկա է նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և կազմակերպության անդամ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։ Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, այս հարցում Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ հայ պատանդները թիրախավորվում են ոչ թե կատարած գործողությունների, այլ իրենց ինքնության համար։ Իրավապաշտպանը հակադարձել է նաև Ադրբաջանի պատվիրակության կեղծ թեզերին։ «Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավությունից, դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի։ Մինչդեռ, Ադրբեջանի կառավարությունը այս ֆորումին վստահեցնում է, որ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սակայն Բաքուն մերժել է իմ՝ որպես պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներակայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ 5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է։ Եթե «իրավունքների պաշտպանությունը» այսպիսին է, ապա մենք կարող ենք պատկերացնել Ադրբեջանում արդար դատաքննության մյուս բոլոր իրավունքների վիճակը»,- ասել է Սահակյանը։
Հայաստանից միջոցառմանը ներկա էին նաև «Իրազեկ քաղաքացի», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ների, ինչպես նաև «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ»-ի (ANCA), «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիա»-ի (EAFJD) ներկայացուցիչները։
Համաժողովից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ պետությունների պատվիրակությունների հետ, որի ընթացքում ևս բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը, տեղեկացրել նրանց Բաքվում ընթացող ապօրինի և շինծու դատավարությունների մասին։
Մեկնաբանել