
Թրամփը սպառնում է լրացուցիչ 100% մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 1-ից լրացուցիչ 100% մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների համար։ Ինչպես գրում է CNN-ը, մաքսատուրքերի ընդհանուր չափը կկազմի 130%։
«Ի հավելումն Չինաստանի նկատմամբ արդեն իսկ գործող մաքսատուրքերի, ԱՄՆ-ն կկիրառի 100% լրացուցիչ մաքսատուրքեր»,- Truth-ի իր էջում գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները արտահանման վերահսկողություն կսահմանի կրիտիկական կարևորություն ունեցող ծրագրային ապահովումների վրա՝ մանրամասներ չներկայացնելով, թե որ ծրագրերի մասին է խոսքը։
Նոր մաքսատուրքեր սահմանելու պլանների մասին Թրամփը հայտնել է հազվագյուտ մետաղների արտահանման կանոնները խստացնելու Չինաստանի որոշման ֆոնին, որի կարիքն ունեն ամերիկյան արտադրողները:
Բորսաներն արձագանքել են Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու Թրամփի սպառնալիքին, ինչի պատճառով հիմնական ինդեքսները նվազել են։ Հիմնական սակարկությունների ավարտին Dow ինդեքսը նախորդ օրվա համեմատ նվազել է 1,9%-ով, S&P 500-ը կորցրել է 2,7%, իսկ Nasdaq-ը՝ 3,5%:
Այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային պատերազմ սկսեց՝ հայտարարելով աշխարհի գրեթե 180 երկրներից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքերի սահմանման մասին։ Ամենից շատը դրանք աճել էին Չինաստանի համար, որն ի պատասխան բարձրացրել էր ամերիկյան արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը։ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի գագաթնակետին մաքսատուրքերի չափը հասել էր, համապատասխանաբար, 145 և 125 տոկոսի։ Այնուհետև երկու երկրներն էլ սկսեցին իջեցնել սակագները։ ԱՄՆ-ն իջեցրեց մինչև 30%, իսկ Չինաստանն այն հասցրեց 10%-ի։
Իլյուստրացիան՝ Mike Mareen/Shutterstock
Մեկնաբանել