
Մակրոնը Լըկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում վերանշանակել է Սեբաստիեն Լըկորնյուին, որը հրաժարական էր տվել ընդամենը 4 օր առաջ ու հայտարարել, որ չի ցանկանում շարունակել գլխավորել կառավարությունը։
Լըկորնյուի վերանշանակման մասին Ելիսեյան պալատը հայտարարեց այն բանից հետո, երբ լրացավ 48 ժամը, որը Մակրոնն իրեն տվել էր նոր վարչապետի նշանակման համար։
Ելիսեյան պալատի հայտարարությունից հետո Լըկորնյուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ «պարտքի զգացումից ելնելով՝ ընդունում է իրեն վերապահված առաքելությունը»։
Վարչապետի պաշտոնում Լըկորնյուի վերանշանակմանը նախորդել էր Մակրոնի հանդիպումը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ Մակրոնը հրաժարվել էր հանդիպել միայն ծայրահեղ աջերի ու ծայրահեղ ձախերի հետ։ Հանդիպման նպատակն էր պայմանավորվել նոր կառավարության ծրագրերի շուրջ, որը կկարողանա մինչև տարեվերջ ընդունել բյուջեն՝ հենվելով պատգամավորների մեծամասնության աջակցության վրա:
Բյուջեն պետք է խորհրդարան ներկայացվի ոչ ուշ, քան երկուշաբթի օրը և, բնականաբար, կներառի հանրության շրջանում ոչ պոպուլյար հարկաբյուջետային միջոցներ՝ լինի դա ծախսերի կրճատում, թե հարկերի բարձրացում:
Այս տարի ավելի վաղ Ֆրանսիայի պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի գրեթե 114%-ը, իսկ բյուջեի դեֆիցիտն այս տարի, ըստ հաշվարկների, կհասնի ՀՆԱ-ի 5,4%-ի:
Նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցություններից և որևէ մեկը խորհրդարանում չունի բացարձակ մեծամասնություն։ Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում հրաժարական է տվել 3 վարչապետ, որոնք բոլորն էլ եղել են աջ կենտրոնամետ։ Նրանց թվում էր նաև Սեբաստիեն Լըկորնյուն, որը պաշտոնավարեց մեկ ամսից էլ քիչ ժամանակահատված։
Ձախ կենտրոնամետ երեք կուսակցությունների՝ սոցիալիստների, կոմունիստների և բնապահպանների առաջնորդները, որոնք ներկայացնում են խորհրդարանական ամենամեծ քաղաքական ուժը, Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ իրենց մոտ տպավորություն չի ստեղծվել, թե նախագահը պատրաստ է վարչապետ նշանակել իրենց համար ընդունելի թեկնածուի:
Լուսանկարը՝ Stephanie Lecocq/AP Photo
Մեկնաբանել