Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
Երկրորդ տարին անընդմեջ հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ուժեղագույնն է աշխարհում։ Գերծանր քաշային կարգում մեր մարզիկի հաղթանակով ավարտվեց ծանրամարտի աշխարհի 2025 թվականի առաջնությունը։ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում Լալայանը երկամարտի 461 կգ արդյունք գրանցեց։ Փոխչեմպիոն հռչակվեց Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։
Պոկում վարժությունը Լալայանը սկսեց 206 կգ-ից և վստահորեն բարձրացրեց։ 211 կիլոգրամը մեր ծանրորդը երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։
Հրում վարժությունում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնը առաջին մոտեցմամբ 245, ապա 250 կգ բարձրացրեց։ Երրորդ մոտեցմամբ Լալայանը փորձեց համաշխարհային ռեկորդ սահմանել, սակայն 261 կգ հրել չկարողացավ։ Այս վարժության ոսկին ևս մեր մարզիկինն էր։
Երկամարտի 461 կգ արդյունքով Լալայանը աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվեց։
Այս քաշային կարգում պայքարը երկու հայ ծանրորդների միջև էր։ Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը իր կարիերայում երրորդ անգամ դարձավ աշխարհի փոխչեմպիոն։
Պոկում վարժությունը Մինասյանը անհաջող սկսեց՝ չկարողանալով գլխավերևում պահել 205 կգ կշռող ծանրաձողը։ Այս քաշը Մինասյանը երկրորդ մոտեցմամբ ֆիքսեց։ Երրորդ մոտեցման համար պատվիրված 210 կգ ևս Գոռ Մինասյանը պոկել չկարողացավ՝ բավարարվելով վարժության փոքր արծաթե մեդալով։
Հրում վարժությունը Մինասյանը 242 կգ-ից սկսեց ու հաջողությամբ բարձրացրեց։ 251 կգ հրել նա չկարողացավ, երրորդ մոտեցումից էլ հրաժարվեց, քանի որ արդեն ապահովել էր երեք արծաթե մեդալ։ Երկամարտում Գոռ Մինասյանը 447 կգ արդյունք գրանցեց։
Այս առաջնությանը մեր հավաքականը մասնակցում էր 7 ծանրորդով։ Սա մեր առաջին ու միակ մեծ մեդալն էր։ Ավելի վաղ 71 կգ տղամարդկանց պայքարում պոկում վարժության փոքր արծաթե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը, իսկ Գարիկ Կարապետյանը պոկում վարժության փոքր բրոնզե մեդալ էր նվաճել 110 կգ քաշային կարգում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել