
Էկոպարեկները կաշառքի դիմաց թույլ են տվել ապօրինի ծառահատումներ կատարել
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկը նույն տեղամասի մեկ այլ գլխավոր էկոպարեկի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մի շարք անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից կաշառք են ստացել:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված էկոպարեկները, Տավուշի մարզի մի շարք բնակիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2025 թվականի մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:
Ստացած կաշառքի դիմաց էկոպարեկները ապօրինի ծառահատումները կանխելու ուղղությամբ միջնոցներ չեն ձեռնարկել, չեն արձանագրել ապօրինի ծառահատում կատարելու փաստը, օրենքով նախատեսված կարգով առերևույթ հանցանքի մասին հաղորդում չեն ներկայացրել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ թաքցվել է առերևույթ հանցագործության դեպքը և ապօրինի ծառահատումներ կատարած անձինք խուսափել են օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
Կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար երկու գլխավոր էկոպարեկներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3- րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Էկոպարեկներին կաշառք տված անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի հատկանիշներով:
Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել