
Հանրային հեռարձակողների թիվը երեքից դարձնել երկու. ինչ է սպասվում «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով փաստացի կրճատվում է հանրային հեռարձակողների թիվը։
«Տեսալսողական մեդիայի մասին» գործող օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից՝ երկու ընդհանուր և մեկ կրթական-մշակութային ուղղվածության ծրագրերով»։ Նախագծի հեղինակներն առաջարկում են այս հոդվածը փոփոխել հետևյալ կերպ․ «Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից»։
Նշենք՝ հանրային հեռարձակող է համարվում Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակողը:
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ գործող իրավակարգավորմամբ սահմանված պահանջներին բավարարող հանրային հեռարձակողների անհրաժեշտ թվի պահպանումը պատճառում է որակական խնդիրներ, մասնավորապես՝ ռեսուրսների դժվարին բաշխվածություն երեք հանրային հեռարձակողի միջև, կրկնվող բովանդակություն՝ տարբեր հեռարձակողների ծրագրերում, կրթական-մշակութային ծրագրի համեմատաբար ցածր դիտվածություն և հասանելիություն, ինչպես նաև կառավարման ծանրություն և գործառնական անարդյունավետություն։
«Հանրային հեռարձակողների ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման և գործունեության օպտիմալացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենքի համապատասխան դրույթը։ Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում հանրային հեռարձակողների թիվը սահմանափակվում է ավելի պակաս քանակով՝ ապահովելով դրա փոխարեն բովանդակության որակը և բազմազանությունը»,- նշված է նածագծի հիմնավորման մեջ։
Օրենքի նոր խմբագրության ընդունումը, որով հանրային հեռարձակողների նվազագույն թիվը սահմանվում է երկու՝ գործող երեքի փոխարեն, ըստ Թ․ Ղազարյանի և Ս․ Գաբրիելյանի, կապահովի բյուջետային միջոցների ավելի նպատակային և արդյունավետ օգտագործում, հանրային հեռարձակողների ֆինանսական կայունության ամրապնդում, տեխնիկական և մարդկային ռեսուրսների գոտկացում, հանրային հեռարձակողների մրցունակության աճ, ծրագրային բովանդակության որակի բարելավում և այլն։
«Առաջարկվող փոփոխությունը ուղղված է հանրային հեռարձակման համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ պահպանելով հանրային մեդիայի ինստիտուտի հիմնական գործառույթները և նշանակությունը»,- նշում են հեղինակները։
2025թ․ հոկտեմբերի 2-ին Կառավարությունը հավանություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին՝ նշելով, որ առարկություն չունի։ Առաջարկություն չեն ներկայացրել Ֆինանսների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արդարադատության նախարարությունները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Միայն Հանրային հեռարձակողի խորհուրդն է դիտարկումներ ներկայացրել նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես նշել են, որ նախագծի ընդունման դեպքում առանձին տեսալսողական ծրագրի շրջանակներում մշակութային և կրթական բովանդակության տարածումը հանրապետական ծածկույթ ապահովող հանրային մուլտիպլեքսով այլևս երաշխավորված չի լինելու, քանի որ նույն օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր հանրային հեռարձակող առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով կարող է սփռել առավելագույնը երկու ծրագիր։
«Կարծում ենք, որ հանրային մուլտիպլեքսը տվյալ դեպքում էական նշանակություն ունի՝ պայմանավորված իր առավելագույն ծածկույթ ապահովելու տեխնիկական հնարավորություններով։ Հաշվի առնելով այն փաստը, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն արդեն իսկ հեռարձակում է երկու տեսալսողական ծրագիր հանրային մուլտիպլեքսի միջոցով՝ հավելյալ տեսալսողական ծրագրի հեռարձակման համար հանրային հեռարձակողը սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու համար պետք է մասնակցի համապատասխան մրցույթի և ներկայացնի համեմատաբար մրցունակ հայտ։ Նման պայմաններում հնարավոր է, որ մշակութային և կրթական ուղղվածության տեսալսողական ծրագրի սփռումը հանրային մուլտիպլեքսի միջոցով հանրային հեռարձակողի կողմից այլևս հնարավոր չլինի ապահովել։ Իսկ մեր գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։ Մշակութային ուղղվածության տեսալսողական ծրագրերի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել ազգային ինքնության պահպանման և մշակութային ժառանգության փոխանցման համատեքստում»,- նշված է Հանրային հեռարձակողի խորհրդի դիտարկումներում։
Բացի այդ, Խորհուրդը նշել է, որ մշակութային և կրթական ուղղվածության բովանդակության սփռումը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին վերապահելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա հատկացնել լրացուցիչ բյուջետային միջոցներ, քանի որ այն պետական ֆինանսավորումը, որն այժմ նախատեսված է հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության միջոցով նման բովանդակության սփռումն ապահովելու համար, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորած՝ այլևս բավարար չի լինելու ցանկալի արդյունք ստանալու համար։
Հանրային հեռարձակողի խորհուրդը, ամփոփելով դիտարկումները, նշել է, որ կարևորում է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր առկայությունը և հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով։
Հանրային տիրույթում արդեն քննարկվում է, որ այս օրենքի նախագիծն ուղղված է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ, և նպատակ է հետապնդվում հեռուստաընկերությանը զրկել եթերից:
«Շողակաթ» տեսալսողական ծրագիրը հեռարձակվում է Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությամբ` հանրապետական սփռմամբ։ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը «Շողակաթ» ծրագիրը սկսել է հեռարձակել 2011թ-ից: Այն ներառում է նաև պետության պատվերով ստեղծված կրթական, մշակութային և մանկական բովանդակությամբ հաղորդաշարեր, որոնք պատրաստվում են «Շողակաթ» հեռուստաընկերությունում։
«Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հեռուստաընկերությունը պատկանում է «Մայր Աթոռ»-ին, հետևաբար խոսք չի կարող գնալ հեռուստաընկերությունը փակելու մասին, քանի որ պետական սեփականություն չէ:
«Գրեթե վստահ եմ, որ խոսքը վերաբերում է հանրային հեռուստաընկերության կրթական մշակութային ալիքին, ոչ թե «Շողակաթին»: Սակայն, «Շողակաթի» ծրագիրն այդ ալիքն է հեռարձակում, եթե այդ ալիքը չի լինում կամ չի վերցնում «Շողակաթի» ծրագիրը, ապա կարող ենք այլ ալիքով հեռարձակել»,- ասում է Մանյա Ղազարյանը:
Հեռուստաընկերության գործադիր տնօրենն ասում է, որ աբսուրդ է նախագծի հեղինակների այն հիմնավորումը, որ հանրային հեռարձակողների թիվը պարտադիր 3-ից 2 դարձնելով՝ նպատակ ունեն խնայել պետական միջոցները:
Մանյա Ղազարյանի փոխանցմամբ, օրինակ՝ «Շողակաթը» ծրագիրը Հանրայինինին տրամադրում է տարեկան 600 հազ. դրամով, ամսական՝ 50 հազ. դրամ: Ամենամեծ ծախսը հեռարձակման ծախսն է, որը բոլոր հեռուստաընկերությունների դեպքում տարեկան 72 մլն դրամ է:
«Եթե նպատակահարմար են գտնում կրթական, մշակութային ծրագիր չունենալ, երբ հայտարարված է «Կրթությունը նորաձև է» շարժում, մի քիչ անտրամաբանական է, բայց դե, ինչ ասեմ»,-ասում է Մ. Ղազարյանը և հավելում, որ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է ոչ բացառապես «Ծողակաթ»-ի ծրագրերը, սեփական արտադրանք ևս ունեցել է:
Ըստ Հանրային հեռարձակողի խորհրդի 2024թ. հաղորդման՝ Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերությունը 2024թ. պետական բյուջեից ստացել է մոտ 184 մլն դրամ (առանց ավելացված արժեքի հարկի): Մոտ 51 մլն դրամ էլ դրամաշնորհ է ստացել պետբյուջեից՝ հանրային մուլտիպլեքսի միջոցով հեռարձակվող ստանդարձ հեռարձակման ձևաչափը բարձր ձևաչափով փոխարինելու նպատակով: Հեռուստաընկերությունը որպես եկամուտ գումարներ է ստացել նաև գովազդից, անհատույց շնորհներից և այլն: Նույն տարվա ծախսերը կազմել են մոտ 189 մլն դրամ:
Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության 2024թ. ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթը կազմել է 977 հազ. դրամ:
Մեկնաբանել