
Լուսինե Գևորգյան. «Գյումրու Սևյանի անվան մշակույթի պալատի վերակառուցման համար պետությունը չի կարող միանվագ գումար տրամադրել»
Գյումրու Սևյանի անվան Երկաթուղայինների մշակույթի պալատը 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքով վթարային վիճակում է: Տասնամյակներ շարունակ շենքը վերականգնելու հարցը պարբերաբար հայտնվել է Գյումրու ավագանու, Կառավարության ուշադրության կենտրոնում, ներկայացվել են տարբեր ծրագրեր, բայց այդպես էլ որեւէ արդյունք չի եղել:
Մշակույթի պալատի վերակառուցման աշխատանքների ընթացքի մասին զրուցել ենք Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ:
Նրա փոխանցմամբ՝ շենքի վերականգման համար պահանջվող 5 մլրդ դրամը Կառավարությունը միանվագ տրամադրելու հնարավորություն չունի, անհրաժեշտ են ներդրողներ, բարերարներ: «Ես շատ լավ ծանոթ եմ խնդրին, առնվազն երկու անգամ ընդունել եմ «Բալետ 20/21» հիմնադրամի պատասխանատուներին, հարցը քննարկել ենք: Բայց… այստեղ կա մի մեծ բայց: Վարկային միջոցները, որ պետությունը վերցնում է զարգացնելու զբոսաշրջային ուղղությունները, մենք կարող ենք ներդնել բացառապես համայնքային կամ պետական հողի վրա: Շենքը, որը պատկանում է որևէ մասնավոր կառույցի, մենք ներդրումներ չեն կարող կատարել: Այս դեպքում, ճիշտ է, շենքը շարունակում է մնալ համայնքային, սակայն այն ամբողջությամբ վերականգնելու առումով Զբոսաշրջային կոմիտեն չունի ոչ մի գործիքակազմ ներդրումներ բերելու, դա Ներդրումների աջակցման կենտրոնի գործառույթն է, որի հետ նույնպես կապի մեջ են կազմակերպության պատասխանատուները»:
Լուսինե Գևորգյանը հայտնեց, որ համաշխարհային բանկի հետ պարտավորություններ ունեն ՀՀ տարածքում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, բայց ոչ ամբողջ գումարը մեկ ծրագրի տրամադրելու:
«Եթե մեր ունեցած 120 մլն եվրո գումարը բաշխվի 7 կլաստերների միջև, ինչպես որ նախատեսված է, ապա ամեն մեկին միջինում 15-17 մլն եվրո է հասնում, մենք չենք կարող մեր ունեցած ողջ գումարը տալ Գյումրու Սևյանի ակումբի վերակառուցմանը: Անգամ եթե առկա այդ մեկ պրոյեկտը շատ լավն է, չենք կարող մնացած կլաստերները թողնել առանց գումարի: Մենք ունենք Գյումրիի կենտրոնական շուկան, նույն տրամաբանությամբ Թումոն վերցրել է և ներդրումներ պետք է իրականացնի, իրանք էլ են ակնկալում, որ շենքը եթե ամբողջությամբ տան մեզ, ամբողջ գումարը ներդնենք այդ պրոյեկտում: Մենք նման խնդիր ունենք Դիլիջանում, Խանջյանի տուն-թանգարանը պատմամշակութային հրաշալի կառույց է, և այստեղ էլ մեծ ներդրումների կարիք կա, բայց պետությունն առայժմ այդ ռեսուրսը չունի, որ 30 մլն դոլար ներդնի շենքի փրկության համար»:
Հիշեցնենք, որ 2019թ․-ին Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նախագծերի մրցույթում հաղթած «Բալետ 20/21» հիմնադրամի միջև կնքվել էր հուշագիր՝ Սևյանի մշակույթի պալատի վերականգնման համար: Ըստ պայմանավորվածության՝ շենքը պետք է շահագործման հանձնվեր 2022թ․-ին, սակայն հուշագրի կնքումից 6 տարի անց շինարարական ոչ մի աշխատանք չի կատարվել, երկու անգամ ընդամենը հետաձգվել է շենքի շահագործման վաղօրոք նշված ժամկետները: Հետևելով գործընթացներին՝ կարող ենք փաստել, որ Սևյանի մշակույթի պալատը կշարունակի մնալ նույն տեսքով, ինչպիսին երկրաշարժից հետո է:
Մեկնաբանել