
Սպասվող 700 հազար քաղաքացուց հայտարարագիր է լրացրել 130 հազարը
Այսօրվա դրությամբ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 130 հազար քաղաքացի։ Այս մասին Կառավարության այսօրվա (հոկտեմբերի 16) նիստին հայտնել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այս տվյալին, ասում է՝ արդեն 130 հազար, սակայն, ըստ էության, սա ոչ թե արդեն 130 հազար է, այլ ընդամենը, քանի որ մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը հայտարարագիր պետք է լրացներ շուրջ 700 հազար քաղաքացի՝ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ֆինանսների նախարարությունը։
Կոպիտ հաշվարկներով ստացվում է, որ հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցողների 20%-ն էլ չի լրացրել։
Չնայած ցածր կատարողականին՝ իշխանությունները չեն ընդունում, թե սա է պատճառը, որ որոշել են հայտարարագիր լրացնելը դարձնել ինքնաշխատ այն մարդկանց համար, ովքեր չեն լրացնի մինչև նոյեմբերի 1-ը։ ՊԵԿ-ը կլրացնի նրանց փոխարեն։
Ի սկզբանե որոշված էր, որ Հայաստանում բոլոր գրանցված աշխատողները պետք է մինչև 2025-ի մայիսի 1-ը եկամուտների հայտարարագիր լրացնեն՝ 2024 թվականին իրենց ստացած եկամուտների համար։ Հետագայում վերջնաժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։
Այսօր արդեն Կառավարությունը ընդունեց նախագիծ, որով եկամուտների հայտարարագրումը դառնում է ինքնաշխատ բոլոր նրանց համար, ովքեր որոշել էին չլրացնել։
Կառավարությունն ընդունեց հայտարարագրումը ինքնաշխատ լրացնելու մասին Ֆինանսների նախարարության նախագիծը
«Հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է հայտարարագրերը նախագծել կամ նախալրացնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից և հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ մուտք գործելու Պետական եկամուտների կոմիտեի համակարգ և ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը և, ըստ անհրաժեշտության, կատարելու համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ։ Իսկ եթե չկա լրացումների և փոփոխությունների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը հաշվետու տարվա հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարգիրը կհամարվի ներկայացված։
Իհարկե, այս տարվա և հաջորդ տարվա համար ունենք անցումային ժամանակահատվածին հատուկ՝ ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է»,- Կառավարության այսօրվա նիստին նախագիծը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Ստացվում է, որ գործնականում չեն լինելու հայտարարագիր չներկայացնելու դեպքեր։ Նախատեսվում է զուգահեռաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանաատվության միջոցը, որն առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում՝ տուգանք։
«Բոլոր այն հայտարարատուները, որոնք ունենք առողջապահության և կրթության գծով ծախսերը հետ ստանալու իրավունք և ցանկություն, ունեն իրացնելու իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը»,- նշեց Արման Պողոսյանը։
Ըստ ֆինանսների նախարարության՝ որպեսզի հարկայինն ամբողջական տեղեկություններ ունենա, քաղաքացու համաձայնության դեպքում, հայտարարագրում ինքնաշխատ կհայտնվեն նաև ավանդների և վարկերի մասին տվյալները։
Որպեսզի հարկային մարմինը կարողանա հնարավորինս ամբողջական և որակյալ տեղեկատվություն զետեղել հայտարարագրի նախագծում, նախատեսվում է ընդլայնել երրորդ անձանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, Հայաստանում գտնվելու օրերի քանակը և այլն։
Կառավարությունն ընդունեց նախագիծը։
Այս գաղափարին կողմ են նաև ՔՊ-ի պատգամավորները, որոնց հետ Կառավարությունը համագործակցում է։ Նրանց հետ համատեղ կառաջարկվեն եկամուտների հայտարարագիրը լրացնելիս չներառել ընտանիքի անդամների միջև փոխանցումները, որոնք չհարկվող եկամուտներ են և արվում են կենցաղային ծախսերի ֆինանսավորման համար։
Հայտարարագրման փոփոխությունների մասին ի սկզբանե հայտարարել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
130 հազար քաղաքացուց 61%-ը ՊԵԿ-ի տվյալներին ոչինչ չի ավելացրել
Հայտարարագիր լրացրած 130 հազար քաղաքացու 61%-ը հայտարարագիրը լրացնելիս ՊԵԿ-ի ինքնաշխատ լրացրած տվյալներին ոչինչ չի ավելացրել։ «Այսինքն՝ նրանք պետությանը ոչ մի նոր տվյալ չեն տալիս»,- Կառավարության նիստին արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ արդեն 130 հազար քաղաքացու լրացրած հայտարարագրերի հիման վրա հնարավոր է եղել վերլուծություն և եզրահանգումներ անել, որոնք էլ հիմք են հանդիսացել հայտարարագիրն ինքնաշխատ լրացնելու գաղափարի համար։
Այսիքն՝ եթե քաղաքացին գտնում է, որ որևէ բան չունի ավելացնելու և առողջապահական ու կրթական ծախսեր հետ ստանալու գումար չունի, ապա կարող է անգամ համակարգ էլ մուտք չգործել։
Բայց, ինչպես շեշտեց վարչապետը, եթե որևէ պահի ի հայտ եկավ, որ քաղաքացին պետք է որևէ տվյալ լրացներ, բայց չի լրացրել, արդեն օրենսդրության համաձայն՝ կենթարկվի պատասխանատվության։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ հավելեց, որ հարկեր չվճարելու համար պատասխանատվությունը Քրեական օրենսգրքում շարունակում է մնալ։
Ավելի վաղ «Հետք»-ի տաղավարում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եկամուտների հայտարարագրման ցածր կատարողականը բացատրել է ինչպես տեխնիկական խնդիրներով, օրինակ՝ ID քարտերի ձեռքբերման, այնպես էլ՝ ամեն ինչ վերջին օրերին թողնելու քաղաքացիների սովորությամբ։ Նախարարը համակարգը ինքնաշխատ դարձնելու գաղափարը չպայմանավորեց ցածր կատարողականով։
Մեկնաբանել