HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար

Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ 

Փորձագետները տարատեսակ մեկնաբանություններ և կասկածներ ունեն կաթնամթերքի թանկացումների վերաբերյալ։ Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Արտադրողները հրաժարվում են խոսել թանկացումների մասին: 

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է՝ արդյոք շուկայում կա՞ն գերիշխողներ, և լինելու դեպքում միայն կարող է վարույթ հարուցել։ 

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ. «Թանկացման պատճառը QR կոդերի կիրառումն է, հումքի թանկացումը»

«Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վերջին շրջանում կաթնամթերքի թանկացման միանգամից մի քանի պատճառ է նշում։ 

Դրանցից առաջինն, ըստ նրա, QR կոդերի կիրառումն է, որի նպատակն է վերահսկել ապրանքի իրացման ողջ շղթան։ Կաթնամթերք արտադրողները եկող տարվա հունվարի 1-ից պարտավոր են իրենց արտադրանքի վրա հսկիչ QR կոդեր փակցնել։ Սա Կառավարության որոշումն է, որը ընդունվել է դեռևս 2024-ի օգոստոսին։ 

Որոշ ընկերություններ արդեն իսկ սկսել են QR կոդեր կիրառել, և նրանց արտադրանքի վրա այդ կոդերը երևում են։ 


Ըստ Պողոսյանի՝ QR կոդերի կիրառումն ընկերությունների համար լրացուցիչ ծախսեր է ենթադրում։ 

«1 QR կոդը տնտեսվարողի համար արժենում է 4.6 դրամ՝ 3.6 դրամ իր արժեքն է, գումարած՝ ԱԱՀ-ն։ Այնուհետև տնտեսվարողը տպագրական ծախսեր է անում՝ 1 QR-ի համար 3-3.5 դրամ է։ Արվում են ծրագիրը ներդնելու ծախսեր, սարքավորումներ են ձեռք բերում կոդերը տպագրելու համար և այլն։ Այդ թանկացումները պետք է անդրադառնային մթերքի գնի վրա»,- ասում է Պողոսյանը։ 

Ըստ նրա, սակայն, միայն այս կոդերի կիրառմամբ չէ պայմանավորված թանկացումը։ Կաթնամթերքի հումքը և ներմուծվող տարաները ևս թանկացել են, որը նույնպես արտացոլվում է գնի մեջ։ Հումքի թանկացումը, սակայն, ավելի վաղ է եղել՝ մինչև վերջին երկու շաբաթվա թանկացումները։ Ընկերությունների համար ծախսային բեռը, Խաչատուր Պողոսյանի խոսքով, պարբերաբար ավելանում է տարբեր ուղղություններով։ 

Արտադրողները չեն մեկնաբանում թանկացումները 

Խանութներում և սուպերմարկետներում մեր կատարած հարցումները ցույց են տալիս, որ կաթնամթերք մատակարարող ընկերությունների առաքիչներն ու մենեջերները հիմնականում չեն նշել, թե որոնք են թանկացումների պատճառները։ Միայն ոմանք նշել են QR կոդերի կիրառումը։ 

Կաթնամթերքի գների բարձրացման պատճառները հասկանալու համար դիմել ենք արտադրողներից մի քանիսին, սակայն որևէ ընկերությունից մեկնաբանություն չենք ստացել։ Մեր հարցերին ընկերությունների ներկայացուցիչները կա՛մ միանգամից հրաժարվում էին մեկնաբանություն տալ, կա՛մ խոստանում ավելի ուշ կապ հաստատել, սակայն մինչև նյութը հրապարակելու պահը որևէ արձագանք չկա։ 

Քաղաքացին, որն աշխատում է շուկայի առաջատար կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկում և չի ցանկանում, որ իր անունը հրապարակենք, նշեց, որ սեպտեմբերից իրենց արտադրանքում որակական փոփոխություն են արել, նվազեցրել են կաթնայուղի փոխարինիչի տոկոսը։ Սակայն, ըստ նրա, դա ևս չէր կարող վերջին երկու շաբաթվա ընթացում կաթնամթերքի կտրուկ թանկացման պատճառ լինել, քանի որ այդ փոփոխությունը երկու ամիս առաջ է արվել։ 

Մրցակցություն՝ բարձր գնով ապրանք վաճառելու համար. թանկացման հնարավոր սուբյեկտիվ պատճառները

Երբեմն արտադրողներն ու մատակարարները մրցակցում են ոչ միայն ավելի էժան գին սահմանելու և դրա հաշվին ավելի շատ գնորդ ներգրավելու համար, այլև բարձր գներով։

Դրա բացատրությունն այն է, որ այս կամ այն արտադրողը չի ցանկանում ավելի ցածր գին սահմանել, քան մյուսները՝ տպավորություն չստեղծելով, թե մյուս արտադրողի արտադրանքն ավելի թանկ է բարձր որակի հաշվին։ Բացի այդ, ոմանք շուկայում իրենց գրաված դիրքով հայտնի են որպես ավելի թանկ արտադրողներ և «չեն հանդուրժում», երբ իրենցից ավելի էժան արտադրանք թողարկողն ավելի բարձր գներ է սահմանում։ 

Այս գաղափարն արտադրողներին երբեմն ստիպում է բարձրացնել գինն առանց հիմնավորման։ Այսինքն՝ այստեղ գնագոյացման դասական տարբերակը չէ։ 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը վերջին երկու շաբաթում հետևում է կաթնամթերքի գների բարձրացմանը, մոնիտորինգ անում։ Ըստ նրա՝ բացառվում է վարկածը, որ կաթնամթերքի գները կարող էին կտրուկ թանկանալ միայն QR կոդերի կիրառման հետևանքով։ 

«Կաթնամթերքի գները բարձրացել են QR կոդերի ինքնարժեքից 7-8 անգամ շատ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը։ 

Առայժմ չցանկանալով առանձին ընկերությունների անուններ տալ՝ Պիպոյանը նշեց, որ թանկացումը, QR կոդերից բացի, ունի այլ պատճառ, իսկ QR կոդերի կիրառումը արտադրողների կողմից որպես թանկացման պատճառ ներկայացնելը մարկետինգային քայլ է։ 

 «Տեսնելով, որ կողքի ընկերությունը բարձրացրել է գինը, տվյալ ընկերությունը ևս բարձրացնում է, քանի որ համարում է, որ կողքի ընկերության արտադրանքը ոչ մի կերպ չի կարող իր արտադրանքից թանկ լինել։ Այդպես, իրար հետևելով, գրեթե բոլորը թանկացրել են։ Չի բացառվում, որ առաջիկայում որոշ ընկերությունների կաթնամթերքի գները տատանվեն, որովհետև մարկետինգային թիմերը ուսումնասիրում են, որպեսզի համապատասխան շեմի բարձր կամ ցածր արժեքով շարունակվի իրենց ապրանքը վաճառվել, ինչպես վաճառվում էր մինչև հիմա»,- ասում է փորձագետը։ 

Ըստ Պիպոյանի՝ թանկացման պատճառները հստակ վերլուծելու համար կարևոր է իմանալ, թե ինչ գնով է մատակարարվում կաթնամթերքը խանութներին, որքան մարժա է այդ գնին գումարում խանութը։ 

Բոլոր դեպքերում, թանկացումների արդյունքում տուժում են շարքային սպառողները։ Պիպոյանը համոզված է, որ շուտով քաղաքացիների սպառողական զամբյուղում կաթնամթերքի կշիռն աստիճանաբար կնվազի, քանի որ այս թանկացումն  էապես անդրադառնալու է ծախսերի վրա։ 

Հստակ հասկանալու համար, թե որ ընկերությունը կամ ընկերություններն են առաջինը թանկացրել և ինչ բացատրություններ ունեն դրա համար, Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին։ 

Առաջին կառույցը, որ կարող է բացատրություններ և հաշվետվություններ պահանջել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն է։ 

Մեզ հետ զրույցում հանձնաժողովից տեղեկացրին, որ ուսումնասիրում են՝ կաթնամթերքի արտադրության հայկական շուկայում կա՞ն գերիշխող դիրք ունեցողներ։ Եթե պարզվի, որ կան, ապա վարույթ կհարուցվի։ 

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ եթե հանձնաժողովը եզրահանգի, որ գերիշխող դիրք ունեցողներ չկան և վարույթ չհարուցվի, ապա կաթնամթերքի թանկացման պաշտոնական բացատրություններ այդպես էլ չեն լինի։ Եթե իրականում արտադրողները չհիմնավորված են բարձրացրել գները, դրա համար որևէ պատասխանատվության չեն ենթարկվի։ Մինչդեռ, պետք է ոչ միայն շուկան ուսումնասիրել, այլև ըստ ընկերությունների անունների հրապարակել, թե որ արտադրողն է անբարեխիղճ և անհիմն բարձրացրել է գները։ 

«Նման դեպքերում Կառավարությունը պետք է լրացուցիչ լիազորություններ տա հանձնաժողովին՝ ուսումնասիրելու շուկաները, հատկապես, որ հիմա ոչ միայն Տնտեսական մրցակցության հանձնաժողով է, այլև սպառողների շահերի պաշտպանության։ Կաթնամթերքի այս թանկացումը կարող է ինչպես տնտեսական մրցակցության և արտադրողների դիրքերի չարաշահում լինել, այնպես էլ ՝ սպառողների շահերի ոտնահարում»,- նշում է Բաբկեն Պիպոյանը։

Ըստ նրա՝ մյուս կառույցը, որը պետք է զբաղվի այս խնդրով, Էկոնոմիկայի նախարարությունն է, որը ևս պարտավոր է արմատապես ուսումնասիրել այս թանկացումները։

 Պաշտոնական վիճակագրությունը դեռևս չի ամփոփել հոկտեմբերի գնաճի տվյալները։ Սեպտեմբերի տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կաթնամթերքը և ձուն թանկացել են 0.3%-ով։  Սպասվում է, որ հոկտեմբերի ամփոփիչ տվյալներում այս ապրանքախմբի գնաճն էապես բարձր կլինի։ 

Գլխավոր լուսանկարն արվել է 19 հկտ 2025-ին՝ 09:15-ի դրությամբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter